Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հրապարակվեց իրավապաշտպան ամուսինների գործով առաջին դատավճիռը


Ադրբեջանում հրապարակվեց իրավապաշտպան ամուսինների գործով առաջին դատավճիռը
please wait

No media source currently available

0:00 0:02:56 0:00

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակեց իրավապաշտպան ամուսինների «ֆինանսական մեքենայությունների» գործերով դատավճիռը․ 8,5 տարվա ազատազրկում Լեյլա Յունուսին, 7 տարի ամուսնուն՝ Արիֆ Յունուսին:

Պետական դավաճանության հոդվածով Յունուսներին առաջադրված մեղադրանքի գործով լսումները առայժմ չեն մեկնարկել:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատավճիռը հնչեցնելու պահին Արիֆ Յունուսը գրեթե անգիտակից էր. այսօրվա նիստի ընթացքում ևս 60-ամյա պատմաբանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, դատարանը ստիպված էր ընդմիջել նիստը:

Փոքր դահլիճում անցկացվող դատական նիստը հերթական անգամ կիսափակ էր. մեկ-երկու լրագրող և հիմնականում անծանոթ դեմքեր: Մեղադրյալները կրկին ապակյա վանդակում էին: Արիֆ Յունուսը դատավճիռը հնչեցնելու ընթացքում պառկած էր՝ գլուխը կնոջ ծնկներին դրած: Լելյա Յունուսն էլ իր հերթին տևական ժամանակ կռացած՝ ամուսնու գլուխն էր պահում, նկարագրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Պատմաբան Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել մեքենայության և խոշոր չափի վնաս պատճառելու, իսկ Լեյլա Յունուսը՝ ինչպես խոշոր չափի մեքենայությունների, այնպես էլ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու մեջ:

Փաստաբաններն իրենց ելույթներում պնդում էին, որ ամուսինների մեղքը չի հաստատվել ո՛չ վկաների ցուցմունքներում, ո՛չ էլ գործին կից՝ ապացույց հանդիսացող փաստաթղթերում: Պաշտպաններից մեկը՝ Էլչին Ղամբարովը, նշել է, որ ամուսինների ձերբակալության իրական պատճառը նրանց հասարակական քաղաքական գործունեությունն է, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությունը:

«Իշխանությունները զգուշանում են նարնջագույն հեղափոխությունից և նրանց թվում է, թե ամենուր ոչ կառավարական կազմակերպությունները այդ գործին են լծված: Ինչպե՞ս կարելի է մարդու իրավունքների պաշտպանությունը համարել հակապետական գործունեություն», - հայտարարել է իրավապաշտպան ամուսինների փաստաբանը:

Իր վերջին խոսքում Արիֆ Յունուսը շնորհակալություն է հայտնել կնոջը՝ հայտարարելով, թե հպարտ է, որ իր կյանքի ուղեկիցը Լեյլան է, ով ամենածանր պահին իր կողքին է:

«1987 թվականին ինձ հարցաքննում էին և մեղադրում, երբ ես առաջին անգամ գրեցի Ղափանի փախստականների մասին: Գրել ենք նաև ճշմարտությունը Խոջալուի ողբերգության մասին. մեր շնորհիվ այդ մասին իմացավ ամբողջ աշխարհը: Մենք երբեք չենք վախեցել դժվարություններից և միշտ հրաժարվել ենք արտագաղթելուց՝ համարելով, որ սա է մեր երկիրը, և հանուն կուշտ կյանքի չենք լքել այն: Մեզ ոչ թե պատժում, այլ կտտանքների են ենթարկում: Ինչպե՞ս կարելի է իմ վիճակում գտնվող մարդուն հարցաքննել: Ես դժվարությամբ եմ ոտքի կանգնում, դուք դա տեսնում եք և շարունակում ձեր գործը», - ասել է Արիֆ Յունուսը և հավելել․ - «Որպես պատմաբան լավ գիտեմ․ այս ամենը ժամանակավոր է և հարաբերական: Ձերբակալելով մեզ՝ իշխանությունները պատմություն են կերտում, այդ պատմության մեջ դուք էլ եք լինելու՝ դատավորներ և դատախազներ: Հիշեք դա»:

Լեյլա Յունուսը բանտում է անցյալ տարվա հուլիսից, իսկ նրա ամուսինը` Արիֆը, անցյալ տարվա օգոստոսից։

Իրավապաշտպանների պնդմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը Յունուսների դատավարությամբ ցանկանում է արմատախիլ անել երկրում այլախոհության ցանկացած նշույլ։

Լեյլա Յունուսը Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիրն է և տնօրենը, իշխանությունն այդ հասարակական կազմակերպությունը չի գրանցել։ Լեյլա Յունուսը տարիներ շարունակ կապ է պահպանել հայ իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների հետ՝ նպատակ ունենալով ժողովրդական դիվանագիտություն իրականացնել։ Նա հետևողականորեն քննադատել է Ալիևի քաղաքականությունը։

Արիֆ Յունուսը հայտնի պատմաբան է և կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ, նա հեղինակել է բազմաթիվ աշխատություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով։

Ըստ Յունուսների փաստաբանների և իրավապաշտպանների, ամուսինները ունեն առողջական լուրջ խնդիրներ, հատկապես՝ Արիֆ Յունուսը։

XS
SM
MD
LG