Մատչելիության հղումներ

logo-print

2001-ի ավիավթարի զոհերի հարազատները տարիներ ի վեր պայքարում են փոխհատուցման համար


Դեռևս ապարդյուն իրենց փոխհատուցմանն են սպասում նաև «Հայկական ավիաուղիներ»-ում երկար տարիներ աշխատած և այդ ընթացքում հաշմանդամ դարձած տասնյակ օդաչուներ։

78-ամյա Ջեմմա Հովհաննիսյանը ամեն հինգշաբթի գնում է կառավարության շենքի մոտ և այնտեղից հիասթափված տուն է վերադառնում։ 2001-ին տեղի ունեցած ավիավթարում տան միակ կերակրողին կորցնելուց հետո տարեց կինը պայքարում է ամենամսյա փոխհատուցում ստանալու համար։

Ջեմմա Հովհաննիսյանը պատմում է, որ այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչ հանգամանքներում Իրանում վթարվեց Յակ-40 ինքնաթիռը, որում նաև որդին է եղել՝ ավիատեխնիկ Սարգիս Գրիգորյանը: Պաշտոնական բոլոր ատյանների դռները որդեկորույս մոր համար փակ մնացին, դատարանի որոշմամբ նշանակված թոշակն էլ միայն մի քանի տարի վճարվեց, մինչ «Հայկական ավիաուղիներ»-ի լուծարումը. - «Սկզբից էլ չէին տալիս, էլի բողոքներ, էլի ցույցեր, էլի ամեն օր օդանավակայան էինք գնում։ Էն ժամանակ էլ իբր թե կես հողը ծախեցին Սևանի, բոլորի փողը տվեցին»:

Վթարված ինքնաթիռի անձնակազմի հարազատներից բացի փոխհատուցման են սպասում նաև «Հայկական ավիաուղիներ»-ում երկար տարիներ աշխատած և այդ ընթացքում հաշմանդամ դարձած տասնյակ օդաչուներ։ Սնանկության գործերով զբաղվող կառավարման կոլեգիան, սակայն, արդեն 9 տարի չի կարողանում վաճառել «Հայկական ավիաուղիներ»-ին պատկանող հողատարածքը, որպեսզի այդ գումարով փոխհատուցի օդաչուներին և ավիաընկերության մյուս նախկին աշխատողներին հասանելիք գումարը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախորդ տարվա նոյեմբերին անձամբ էր խոստացել, որ գումարը կվճարվի մինչև 2015թ․ մարտը, սակայն դրանից հետո էլ սայլը տեղից չի շարժվել։

Ցուցարար օդաչուները նաև Ազգային ժողովի պատգամավորների հետ են հանդիպել և խնդրել, որ իրենց հարցը ամբիոնից բարձրաձայնեն, սնանկության մասին օրենքում էլ փոփոխություն կատարեն, որպեսզի գումարը վճարելու պարտավորությունն իր վրա վերցնի պետությունը։

Իսկ մինչ այդ նրանք ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ են հավաքվում։ Հաշմանդամություն ձեռք բերած 130 օդաչուների և տեխնիկների մեծ մասն անցած տարիներին մահացել է, ողջերի տարիքն էլ 70-ից բարձր է։

«Հիմա մնացել են մի 50 հոգի, բոլորը մահացել են, մյուսները գնացել են էս կողմ, էն կողմ։ Եղբայր, դուք ասում եք փող չկա, սաղ ռեսպուբլիկայի թալանը անում եք, նայեք ձեր ունեցվածքին։ Ժողովուրդը հիմա Հայաստանը լքում ա ոչ թե նրա համար, որ դեռ շատ վատ ա ապրում, այլ որ ապրում ա խաբեբա ղեկավարների հետ», - դժգոհում է ցուցարարներից մեկը:

«Հայկական ավիաուղիներ»-ի նախկին աշխատողների փոխհատուցման պարտքը ​1 մլրդ 400 մլն դրամ է կազմում:

XS
SM
MD
LG