Մատչելիության հղումներ

Պերմյակովի դատը գյումրեցի ակտիվիստների մոտ նոր հարցեր է առաջացրել


Ռուսական դատարանում երեկ տեղի ունեցած դատաքննության ընթացքում այդպես էլ որևէ պատասխան չհնչեց Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո առաջ քաշված հարցերի վերաբերյալ: Փոխարենը հարազատների ու ակտիվիստների մոտ նոր հարցեր առաջ եկան, մասնավորապես` ինչու էր ռուսական կողմը այդքան շտապում օր առաջ Վալերի Պերմյակովի նկատմամբ դատավճիռ ունենալ իր ձեռքում:

Գյումրեցի ակտիվիստներից Կարեն Պետրոսյանը ամբողջությամբ քաղաքական ֆարս է որակում երեկվա դատական գործընթացը․ - «Արդեն իսկ այս շոուն ցույց է տալիս, որ Պերմյակովը ինչ նախաքննական ցուցմունք որ ասել է, ինչ իրեն ասել են, նախագծել են, որ ինքը ասի՝ ասել է նախաքննության ժամանակ: Եվ հիմա ինքը պնդում է այդ ցուցմունքները: Այսինքն, իմանալ ճշմարտությունը այս գործընթացում, նույնիսկ հայկական դատարանում, ես կասկածում եմ, որ մենք կկարողանանք: Բայց, ամեն դեպքում, մեր փաստաբանները հնարավորություն կունենան սպանության մասով իրենց հարցադրումներն ունենալ»:

Ակտիվիստները ակնկալում էին ռուսական կողմի դատավարության արդյունքում պարզել, թե ինչու, օրինակ, հայ-թուրքական սահմանի մոտ հայտնաբերվելուց հետո Պարմյակովը չի փոխանցվել հայ իրավապահներին, այլ անմիջապես տեղափոխվել է ռուսական ռազմաբազա: Ռուսական դատարանում որևէ բառ չասվեց այս մասին: Կարեն Պետրոսյանը համոզված է, որ Պերմյակովն ապօրինի է պահվում ռուսական ռազմաբազայում:

«Ռուսներն արել են այն, ինչ իրենց ուժը պատել է: Սա ցույց է տալիս մեր տկարությունը, և սա ցույց է տալիս ռուսական կողմի ամենաթողությունը: Եվ սա էր, որ մենք ասում ենք՝ վիրավորական է մեր քաղաքացիների համար, որը չգիտեմ մեր իշխանավորները ինչքան հասկացան: Կարծում եմ՝ իրենք էլ ամեն դեպքում իրենց արժանապատվությունը նսեմացած են զգում, բայց ունեն անզորության զգացողություն», - ասում է Պետրոսյանը:

Հունվարին՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո օրեր շարունակ Պերմյակովին հայկական կողմին վերադարձնելու պահանջով ցույցեր անցկացնող գյումրեցիները պնդում են․ եթե ռուս զինծառայողին ռուսական ռազմաբազա չտանեին, ապա իրավիճակն այդքան չէր սրվի:

«Մի շարք հարցեր առաջացան հասարակության մոտ, որոնք անպատասխան էին: Առաջինը՝ ինչո՞ւ հայերը չձերբակալեցին: Երկրորդը՝ ինչպե՞ս ձերբակալեցին սահմանապահները, ինչպե՞ս էին ճանաչել, որ դա հենց հանցագործն է, իրենց զինվորն է ու հետևաբար պետք է տեղափոխվի, և այլն: Ինչպե՞ս հայտնվեց ռուսական տարածքում և ինչո՞ւ չարտահանձնվեց: Դա էլ բերեց ընդհանուր զայրույթի», - ասում է գյումրեցի ակտիվիստ Արմեն Ներսիսյանը:

Հիմա ակտիվիստները սպասում են հայկական դատարանի դատաքննությունը, որտեղ արդեն Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն է քննվելու, թեպետ ռուսական դատարանում տեղի ունեցածից հետո շատերի մոտ կասկածներ կան, որ ինչպես ռուսական դատարանում Պերմյակովը լռեց, այդպես էլ հայկական արդարադատության առաջ կանգնելիս չի խոսի, իրականությունն էլ կմնա չբացահայտված:

Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանն երեկ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող արտագնա նիստում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին մեղավոր ճանաչեց զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեջ և դատապարտեց ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Վալերի Պերմյակովը մեղադրվում է նաև Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ:

Նախաքննության տվյալներով, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողը այս տարվա հունվարի 12-ին ինքնակամ, զենքով լքել է պահակակետը և սպանել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վիրավորել մանկահասակ երեխային, ով ավելի ուշ մահացավ հիվանդանոցում: Թուրքիայի սահմանը հատելու փորձ կատարելիս ռուս սահմանապահների կողմից ձերբակալված Պերմյակովը խոստովանել է իր մեղքը:

Ավետիսյանների սպանության գործը, հիշեցնենք, ռուսական կողմը վերջերս փոխանցեց հայկական կողմին, իսկ ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատեց միայն զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքներով:

XS
SM
MD
LG