Մատչելիության հղումներ

Առևտրականները դարձյալ բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ


Երևան, Ֆիրդուսի շուկա, 13-ը օգոստոսի, 2015թ․
Երևան, Ֆիրդուսի շուկա, 13-ը օգոստոսի, 2015թ․

Փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող ձեռներեցների պնդմամբ, անգամ օրենքի փոփոխված տարբերակն իրենց սնանկացման է տանում:

Մանր ու միջին բիզնեսով զբաղվող անհատ ձեռներեցներն այսօր դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի առջև՝ դժգոհելով հուլիսի 1-ից ուժի մեծ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ: Ձեռներեցները պնդում են, որ անգամ օրենքի փոփոխված տարբերակն իրենց սնանկացման է տանում:

Արդեն ուժի մեջ մտած այդ օրենքով ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ չունեցող առևտրականները նախկին 3.5 տոկոսի փոխարեն կվճարեն 5 տոկոս շրջանառության հարկ, մինչդեռ այդ փաստաթուղթը ներկայացնողները կշարունակեն վճարել 1 տոկոսի չափով:

«Չեմ վճարելու» նախաձեռնության անդամ Արսեն Արզանյանն ասում է, որ իրենք ստիպված էին ընտրություն կատարել շատ վատ և վատ տարբերակների միջև:

«Օրենքի այս տարբերակն այն չէ, ինչ մենք պատկերացնում էինք ու ինչի համար պայքարում էինք, խնդիրները դեռ առկա են և իրենց զգացնել կտան: Նախ՝ տարվա ընթացքում հարկային բեռի փոփոխություն, որով շփոթություն է մտնում տնտեսվարողի գործերում, հետո հարկային բեռի կտրուկ ավելացում, մասնավորապես, այն ոլորտներում, որոնցում գործնականում անհնար է փաստաթղթավորում իրականացնել»,- ասում է Արզանյանը:

Երևանի Ֆիրդուսի շուկայում մանր առևտրով զբաղվողները ևս ստիպված են նախկինից բարձր՝ 5 տոկոս շրջանառության հարկի ռեժիմում աշխատել, քանի որ մինչ օրս չեն կարողանում խոշոր ներկրողներից ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը:

«Ենթադրենք ես գնում եմ ստադիոնից հինգ հատ էս ապրանքից եմ վերցնում, ինձ սրա համար ո՞վ փաստաթուղթ կտա»,- «Ազատության հետ զրույցում գանգատվում էր առևտրականներից մեկը:

Փոքր ու միջին բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչների՝ ավելի վաղ իրականացրած բողոքի տևական ակցիաներից հետո շրջանառության հարկի մասին նոր օրենքի ընդունումը երկու անգամ հետաձգվեց: «Ազատության» հետ զրույցում այդ պայքարի ակտիվիստներից «Կասեցում» շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը խոստովանում է՝ իրենց պայքարը մեծ արդյունք չտվեց:

«Վերջնական հարցերին լուծում չտվեցինք, մենք չապահովեցինք այնպիսի հարկատեսակ, որից բիզնեսը չէր խուսափի: Էսօրվա դրությամբ պարզ է՝ փաստաթուղթ չկա, ուրեմն գործելու է 5 տոկոսը: Չարյաց չարագույնից պրծան ուղղակի, թողնվեց գոնե աշխատելու հնարավորություն, սրանով ընդամենը այդքան հարց լուծվեց»:

Բողոքի նախորդ ակցիաների առաջնորդներից մեկն այժմ կորուստներն է հաշվում, որ ամիսներ անց այդ հաշվարկները ներկայացնի կառավարությանը: Պատասխան չստանալու դեպքում փոքր ու միջին ձեռներեցները խոստանում են կրկին հուժկու բողոքի ակցիաներ սկսել: Այս անգամ, սակայն, նրանք քաղաքական ուժերին խորհուրդ են տալիս չմտնել իրենց շարքերը:

«Բոլոր պայքարները փորձում են քաղաքականցնել, մեր դեպքում հինգից տասը հազար մարդիկ կային դրսում, կոպիտ ասած՝ եփած դրված թխվածք էր, կարելի էր գալ և ուղղակի ուտել այդ թխվածքը: Որտեղ որ պետք է նրանք կանգնեցնեն այդ օրենքը, թույլ չտան, որ առաջ գնա, թույլ են տալիս, հետո դուրս են գալիս պայքարում են դրա դեմ: Դուք ունեք հարթակ, որտեղ կարող եք մեզնից լավ հարց լուծել, չէ՞, լուծեք ձեր հարթակում, եղբայր»,- հորդորում է Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG