Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդում Մերի Մարգարյանի մահվան գործով


Հայաստանի քննական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննական կոմիտեի շենքը Երևանում

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ հետազոտման արդյունքներով կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։

Մերի Մարգարյանը կեսարյան հատման է ենթարկվել հուլիսի 27-ին, իսկ հուլիսի 29-ին «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Իսկ հաջորդ օրը մահացել է նաև նրա նորածին դուստրը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ)։

Մերի Մարգարյանը և նորածինը քրեական գործով ճանաչվել են որպես տուժող, իսկ Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը՝ տուժողների իրավահաջորդ:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն Մերի Մարգարյանի մահվան բժշկական վկայականի կտրոնի` «անմիջականորեն մահվան ախտաբանական վիճակը եղել է բազմաօրգանային անբավարարությունը, իսկ ախտաբանական վիճակը, որը բերել է նշված պատճառի առաջացմանը, եղել է երկկողմանի թոքաբորբ, ծանր կոագուլապաթիա, հեպատո-սպլենոենգալիա ախտորոշումը»:

«Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից առգրավվել են Մերի Մարգարյանի տվյալներով լրացված հիվանդության պատմագիրը և հղիության քարտը, որոնք տրամադրվել են դատաբժշկական փորձագետներին, զննության են ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի, գինեկոլոգիական հիվանդների, սոմատիկ հիվանդների և ընդունարանի մերժման մատյանները», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ տուժող Մերի Մարգարյանի հարազատները, ընկերուհին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժը, մանկաբարձ-գինեկոլոգը:

Զննության են ենթարկվել Մարգարյանի և վերջինիս ընկերուհու կողմից օգտագործված բջջային հեռախոսները:

«Քրեական գործով շարունակվում են կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների, քրեաիրավական գնահատականների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG