Մատչելիության հղումներ

Զուրաբյան․ «Պետք չէ շտապել ինչ-որ ֆորմատներ ստեղծել»


ՀԱԿ խմբակցության ղեկավարի կարծիքով, սահմանադրական բարեփոխումների դեմ ընդդիմության համախմբումը տեղի կունենա ինքնաբերաբար:

Համախմբման համար արհեստական քայլեր պետք չէ ձեռնարկել, այն տեղի կունենա ինքնաբերաբար, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների դեմ ընդդիմության միավորման փորձերին:

«Պետք չէ շտապել ինչ-որ ֆորմատներ ստեղծել: Մի կողմից, դա, իհարկե, ապահովում է առավել համախմբում, մյուս կողմից դա կարող է կաշկանդել որոշակի, առավել ռադիկալ քայլերը: Ուրեմն պետք է դրա ոսկե միջինը գտնել», - նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, Հայ ազգային կոնգրեսն այժմ աշխատում է գտնել «ոսկե միջինը», որ հնարավոր լինի ստեղծել լայն համախմբում, որը չի կաշկանդի կուսակցության գործունեությունը:

«Հայ ազգային կոնգրեսի առաքելությունը մենք տեսնում ենք նրանում, որ ինչքան հնարավոր է ինքնուրույն մենք մեր պոտենցիալը կարողանանք օգտագործել «ոչ»-ի քարոզի համար: Հետագայում կարող են շատ բնական դաշինքներ ստեղծվել: Կստեղծվեն, թե չեն ստեղծվի՝ այդքան մեծ նշանակություն չունի, որովհետև անկեղծ քարոզը, անկեղծ պայքարը հանուն «ոչ»-ի՝ արդեն նշանակում է համախմբում», - նաև ասաց Զուրաբյանը:

Սահմանադրական բարեփոխումներին ընդդիմացող «Հիմնադիր խորհրդարանը» միասնական ճակատ ձևավորելու կողմնակից է․ հանդիպումներ է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով, քանի դեռ համաձայնություն չկա՝ պայմանավորվել են չհրապարակել այդ կուսակցությունների անունները: Ասում է՝ գաղափարական քննարկումները մի կողմ են թողել, կարծում են՝ իշխանափոխության գաղափարի շուրջ համախմբվելու ընթացքում պետք է մոռանալ տարաձայնությունների մասին:

«Երկիրը արտակարգ իրավիճակում է, աղետի առաջ է կանգնած: Այդ աղետը հետևանք է հակազգային խաղի կանոնների, որ սահմանել է ռեժիմը: Ուստի այդ կանոնները սահմանողին և պահպանողին պետք է հեռացնել և այդ կանոնները պետք է փոխել: Երբ այդ կանոնները կփոխվեն, կլինեն ազգային և մարդկային նպատակներին, շահերին ծառայող կանոններ երկրում, իսկ դա մեկ բառով կոչվում է՝ սահմանադրականություն, նոր այդ ժամանակ կարելի է խոսել գաղափարական ուղղությունների, առանձին ծրագրերի, նույնիսկ առանձին գաղափարների, տեսակետների մասին», - ասաց Վարուժան Ավետիսյանը:

ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը դժվարացավ կանխատեսել, թե ձևավորվող շարժման ներուժն ինչպիսին կլինի: Կարծում է՝ դրանով կպայմանավորվի իրենց ռազմավարությունը:

«Իհարկե, մենք գիտենք նրանց բոլոր հնարավորությունները՝ տարբեր լիսկայատիպ կերպարների հնարավորությունները: Բայց ես տեսնում եմ այն պոտենցիալը, որ այնքան մեծ դիմադրության շարժում ձևավորվի, որ հնարավոր լինի հարցը դնել կա՛մ հանրաքվեն ընդհանրապես տապալելու և հասցնելու մի իրավիճակի, որ ռեժիմը հրաժարվի այդ գաղափարից, կա՛մ, եթե, այնուամենայնիվ, նա դնում է, ուրեմն մտնել այս հանրաքվեի պատերազմի մեջ և փորձել իսկապես հասնել դրական արդյունքի: Դրական արդյունքը տվյալ դեպքում նշանակում է՝ ո՛չ ոտնձգություններին Սահմանադրության նկատմամբ․ ժողովուրդը գնա «ոչ» ասի, իսկ հետո էլ իր «ոչ»-ին տեր կանգնի մինչև վերջ», - նշեց Զուրաբյանը:

«Հիմնադիր խորհրդարանը», ըստ Ավետիսյանի, այլ քաղաքական ուժերի հետ հանդիպումների ընթացքում փոփոխություններին «ոչ» ասելու տարբերակ չի քննարկում․ շեշտը դնում է իշխանափոխության վրա, ապա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման:

«Ժողովրդի իրական պահանջը ռեժիմի հեռացումն է: Սահմանադրական փոփոխությունների օրակարգը քաղաքական ուժերը կարող են օգտագործել քաղաքական կոնսոլիդացիայի ճակատ ձևավորելու նպատակով, բայց սահմանադրական փոփոխությունների դեմ ժողովրդին ոտքի հանելը գործնականորեն անիրատեսական է», - ասաց նա:

Թե՛ Հայ ազգային կոնգրեսում, թե՛ «Հիմնադիր խորհրդարանում» կարծում են, որ ժողովուրդը պատրաստ է իշխանությունների դեմ պայքարին:

«Հասունացած է վիճակը, ժողովուրդը անգամ առանց քաղաքական ուժերի մի օր պայթելու է: Այդ պատճառով նաև քաղաքական ուժերը պետք է շտապեն և այնպես անեն, որ այդ պոռթկումը, ալիքը քաղաքակիրթ ձևերի մեջ դրսևորվի և չվերածվի անիմաստ բունտի», - ասաց Վարուժան Ավետիսյանը:

ՀԱԿ-ի համոզմամբ, կիսանախագահականը Հայաստանի համար կառավարման միակ արդյունավետ համակարգն է: Առաջարկվող փոփոխություններով, ասաց Զուրաբյանը, ժողովրդավարության շղարշով բռնապետությանն ուզում են տալ սահմանադրական տեսք:

«Այս գիտակցումը բոլոր այս ուժերին ի վերջո բերելու է նույն ճամբար՝ լինի դա ֆիզիկապես՝ նույն գրասենյակում լինելը, թե տակտիկական դաշտում լինելը, այնուամենայնիվ՝ դա լինելու է Սահմանադրության պաշտպանության և ներկայացված նախագծին «ոչ» ասելու ճամբարը», - ասում է Լևոն Զուրաբյանը:

XS
SM
MD
LG