Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը վաճառում է Մարզահամերգային համալիրը 30 միլիոն դոլարով


Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված և Հայաստանի սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնել և օտարել:

Սահմանվեց, որ ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա անշարժ գույքի վաճառքի գինը 30 միլիոն դոլարին համարժեք դրամ է: Գնորդը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն է։

Ընկերությունը պարտավոր է առնվազն վեց ամիս ժամկետով և առնվազն 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագիր կնքել Մարզահամերգային համալիրում փաստացի աշխատող 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, պահպանել մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել Հայաստանի կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը, համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծեռնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում:

Կառավարությունն այսօրվա նիստում նաև հավանություն տրվեց ընկերության ներդրումային ծրագրին:

«ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ը նպատակ ունի Մարզահամերգային համալիրի ձեռքբերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր. նորոգել Մարզահամերգային համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը չորս տարվա ընթացքում, ընդհանուր ծախսը՝ ներդրումների չափը, գերազանցելու է 100 միլիոն դոլարը: Կստեղծվի առնվազն 250 աշխատատեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG