Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ կմեկնարկի Իրան - Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը


Հայաստանն ու Իրանը օրերս ստորագրել են բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերսկսման վերաբերյալ պայմանագիր:

Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն գալիք շաբաթ:

«Համոզված եմ, որ Իրանի հետ համագործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին: Ողջունելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունն ու կարևորելով կողմերի՝ Իրանի և միջազգային միջնորդների կառուցողական ջանքերը գործընթացում փոխընդունելի լուծումների հասնելու գործում՝ պետք է արձանագրել, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու հարցում կարևոր քայլ է կատարվել», - հայտարարեց վարչապետը:

Իրանի և Արևմուտքի միջև պատմական համաձայնությունից ընդամենը մեկ ամիս անց Հովիկ Աբրահամյանը նաև հայտարարեց, որ հայ-իրանական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ճանապարհին հեռանկարներ են ուրվագծվել, և Հայաստանի կառավարությունը ջանք չի խնայելու իրացնելու բոլոր հնարավորությունները:

Ձեռք բերված համաձայնության վեաբերյալ վարչապետը այլ մանրամասներ չհաղորդեց:

Իրանական Fars լրատվական գործակալությունը օրերս տեղեկացրել էր, որ օգոստոսի 9-ին Թեհրանում կնքված պայմանագրի համաձայն, էլեկտրահաղորդման գծի կառուցման համար անհրաժեշտ 117 միլիոն դոլարի մեծ մասը՝ 91 միլիոնը, հատկացնելու է Իրանի Արտահանման զարգացման բանկը, շինարարությունը տևելու է 18 ամիս:

«Ազատության» հետ զրույցում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր ասաց, որ հայկական կողմից պայմանագիրը կնքել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը, իսկ ֆինանսավորումը իրականացվելու է իրանական վարկի միջոցով:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով, Իրանի դեմ պատժամիջոցների վերանայումը «շատ դրական» հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար, և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շուրջ պայմանավորվածությունը «առաջին ծիծեռնակն է»․ - «Իրանը կդառնա ալտերնատիվ շուկա: Մենք հիմա տուժում ենք, որովհետև Ռուսաստանը մեր երկրորդ առևտրային պարտնյորն է՝ 24 տոկոս բաժին է ընկնում Ռուսաստանին: Բայց Իրանը գտնվում է առաջին հնգյակի մեջ՝ Իրանը, Չինաստանը, Թուրքիան: Իրանը կարող է աստիճանաբար զարգանա ու դառնա մեր համար երրորդ պարտնյորը՝ Ռուսաստանից հետո: Կամ երկրորդ պարտնյորը՝ հավասար Ռուսաստանին»:

«Ազատության» իրանական ծառայության թղթակից, թեհրանահայ Ռուբիկ Մինասյանի փոխանցմամբ, Իրանում պատրաստ են Հայաստանի հետ համագործակցության խորացմանը, սակայն ցանկանում են հասկանալ, թե որքան հեռու կարող են գնալ Հայաստանի իշխանությունները․ - «Երբ մենք անդամակցեցինք ավելի մեծ, ավելի գլոբալ Եվրասիական միությանը, Հայաստան - Իրան սահմանը դառնում է Եվրասիական միություն - Իրան սահման, ոչ թե Հայաստանի սահման: Իրանցիների մոտ եղել են երբեմն խոսակցություններ, թե մենք Հայաստանի հետ հարցերը քննարկում ենք ռուսների հետ»:

Երևանն ու Պեկինը սեպտեմբերին քննարկելու են հայ-իրանական երկաթգծի հարցը

Ի դեպ, հնարավոր է հայ-իրանական երկաթգծի վերաբերյալ ևս առաջիկայում նորություն ունենանք․ երկաթգիծը Հայաստանը կկապի Պարսից ծոցի հարուստ շուկաներին:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողներին փոխանցեց, որ չինական ընկերություններից մեկը առաջարկություն է ներկայացրել երկաթգծի վերաբերյալ, և սեպտեմբերի վերջին պաշտոնական այց է նախապատրաստվում Չինաստան, որի ժամանակ քննարկվելու է երկաթգծի կառուցման հարցը․ - «Չինական կողմից առաջարկներ ենք ստացել, ասել ենք նաև մեր առաջարկների մասին: Ես մանրամասն կասեմ այն դեպքում, երբ մենք կոնկրետ համաձայնության գանք»:

XS
SM
MD
LG