Մատչելիության հղումներ

Դոնբասում մալայզիական ինքնաթիռի կործանման մասին նոր մանրամասներ են հրապարակվել


Միջազգային քննչական խմբի հաղորդմամբ, մեկ տարի առաջ Դոնբասի օդային տարածքում կործանված մալայզիական օդանավի աղետի վայրում գտնվել են բեկորներ, որոնք, ըստ փորձագետների, վկայում են ռուսական հետքի մասին:

Նիդերլանդների ազգային անվտանգության խորհուրդը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ հաղորդելով, որ օդանավի կործանման բացահայտմամբ զբաղվող միջազգային հետաքննչական խումբը ուսումնասիրում է այդ բեկորները, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանում էին «Բուկ» հակաօդային պաշտպանության համակարգին:

Հիշեցնենք՝ մալայզիական ավիաընկերության Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը կատարող Boeing-777 քաղաքացիական օդանավը կործանվել է անցյալ տարվա հուլիսին՝ Դոնբասի օդային տարածքում: Զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները, որոնց մեծ մասը Հոլանդիայից են։

298 մարդու կյանք խլած աղետի հետաքննությամբ զբաղվող խումբը այժմ քայլ առ քայլ մոտենում է ողբերգության պատասխանատուներին, հայտարարել է Նիդերլանդների դատախազության ներկայացուցիչ Ֆրեդ Վեստերբեկեն։ «Առայժմ մենք չենք պատրաստվում անուններ հնչեցնել», - հայտարարել է նա:

«Մենք գտել ենք յոթ բեկոր, և քննչական գործողությունները մեզ տանում են այն ենթադրությանը, որ այդ բեկորները կարող էին լինել «Բուկ» հակահրթիռային համակարգի մաս», - ասել է Վեստերբեկեն:

Անցյալ ամիս CNN հեռուստակայանը հրապարակեց հոլանդացի փորձագետների կազմած զեկույցի նախնական տարբերակը, ըստ որի՝ օդանավը «Բուկ» հրթիռով խփել են ռուս անջատականները։ Այս մասին են վկայում Դոնբասի ռուս անջատականների հեռախոսազրույցները, տեղանքի արբանյակային լուսանկարները։ Մի քանի հարյուր էջից բաղկացած փաստաթղթում, CNN-ի փոխանցմամբ, նշված են օդանավի երթուղու ճշգրիտ ժամանակացույցը, ինքնաթիռը կործանած հրթիռների տեսակը, ինչպես նաև նկարագրված է հրթիռների հետագիծը:

Մինչդեռ ռուս անջատականներն ու Մոսկվան կտրականապես մերժում են այդ վարկածը՝ պնդելով, որ «Բոինգ»-ը ուկրաինացիներն են ոչնչացրել։

Կրեմլը դեմ արտահայտվեց նաև օդանավի կործանման հարցով միջազգային տրիբունալ ստեղծելուն. անցյալ ամիս Ռուսաստանն օգտվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի վետոյի իր իրավունքից և տապալեց միջազգային տրիբունալ ստեղծելու մասին բանաձևի ընդունումը: Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ուկրաինական կողմին մեղադրեց նրանում, որ թույլ են տվել քաղաքացիական օդանավին թռչել մի տարածքով, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG