Մատչելիության հղումներ

Ռուս զինծառայողների հանցագործությունները


Հայաստան - Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, Գյումրի, 12-ը օգոստոսի, 2015թ.

Հայաստան - Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, Գյումրի, 12-ը օգոստոսի, 2015թ.

«Ազատության» փորձագետներն ամփոփել են մի շարք գործեր, երբ հանցանքները նախկին խորհրդային տարածքում կատարել են ռուսական ռազմակայանների զինծառայողները։

Երեկ Գյումրիում կայացավ Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամներին սպանելու մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը:

Ռուսական կայազորային դատարանը 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում անցկացրած դատական նիստում Պերմյակովին 10 տարվա ազատազրկման դատապարտեց՝ դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքներով։ Ավետիսյանների սպանության գործը ռուսական կողմը փոխանցել է հայկական կողմին:

«Ազատություն» ռադիոկայանի փորձագետներն ամփոփել են դատական մի շարք գործեր, երբ հանցանքները նախկին խորհրդային տարածքում, որը Մոսկվայում «մերձավոր արտասահման» են անվանում, կատարել են այդ երկրներում տեղակայված ռուսական ռազմակայանների զինծառայողները։

Տաջիկստանում 201-րդ ռազմաբազայի զինծառայողներ Վյաչեսլավ Չերնովն ու Դմիտրի Կուչման 2009 թվականի սեպտեմբերին ձերբակալվել են Տաջիկստանի ոստիկանության նախկին սպա, տաքսի ծառայություն մատուցող Ամուր Մուրոդովին սպանելու մեղադրանքով։ Ըստ Տաջիկստանի դատախազության, սպանությանը հանգեցրած վեճի պատճառը ֆինանսական է եղել։

2012 թվականի հունվարին Մերձդնեստրում ծառայող մի ռուս խաղաղապահ սպանել է Մոլդովայի 18-ամյա մի քաղաքացու։ Ռուսական դատարանը հետագայում հայտարարել է, որ քաղաքացին չի ենթարկվել խաղաղապահի հրահանգներին, ուստի սպանության հոդված չի կիրառվի։

Այդ միջադեպը մեծ արձագանք է ունեցել, Քիշնևը Մոսկվայից պահանջել է դուրս բերել խաղաղապահներին։ Վարչապետ Վլադ Ֆիլատը կոչ է արել պատժել մեղավորին, սակայն ռուսներն իրենց դիրքորոշումը չեն փոխել։

2014-ի ապրիլին, երբ Ղրիմն արդեն ռուսների կողմից բռնակցված էր, ռուսաստանցի զինվոր Եվգենի Զայցևը սպանել է ուկրաինացի զինվոր Ստանիսլավ Կարաչևսկուն, ով մտադիր էր թերակղզուց տեղափոխվել բուն Ուկրաինա։ Ըստ ռուսների, Զայցևն այս տարվա ապրիլին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։

Մինչդեռ, Տաջիկստանում տաքսի ծառայությունների վարորդների հետ կապված մղձավանջային պատմությունները շարունակվել են։ Անցյալ տարվա օգոստոսին ռուս զինծառայողներ Ֆյոդոր Բասիմովն ու Իլդար Սախապովը ձերբակալվել են վարորդ Ռախիմջոն Տեշաբոևին դաժանաբար սպանելու մեղադրանքով՝ նրանք կտրել էին վարորդի կոկորդը։ Ենթադրվում է, որ զինվորները երեք երեխաների հայր 36-ամյա Տեշաբոևին պարտք էին 50 հազար ռուսական ռուբլի։ Օրերս կայազորի դատարանում սկսվել է դատավարությունը։

Ի դեպ, Գյումրիում հանցագործություն է կատարել ոչ միայն տխրահռչակ Պերմյակովը։ Այս տարվա հունիսին այնտեղ «Մայր Հայաստան» արձանի մոտ հայտնաբերել են ռուս ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի դին` դանակահարության բազմաթիվ հետքերով։ Ռուսական ռազմաբազայի բարձրաստիճան սպա Ալեքսեյ Պոլյուխովիչի փոխանցմամբ, սպանության մեջ կասկածվող նույն բազայի զինծառայող Իվան Բ․-ն ձերբակալվել է։ Պոլյուխովիչը հրաժարվել է պատասխանել սպանության հնարավոր դրդապատճառներին վերաբերող հարցին։

XS
SM
MD
LG