Մատչելիության հղումներ

«Ոտքի՛, Հայաստան»-ը հանդիպումներ է սկսում ընդդիմադիր ուժերի հետ


«Ոտքի՛, Հայաստանը» հանդիպումներ է սկսում ընդդիմադիր ուժերի հետ
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարից իշխանափոխության անցած «Ոտքի՛, Հայաստան» շարժումը վաղվանից հանդիպումներ կսկսի ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ՝ միասնական ճակատով հանդես գալու համար:

«Բոլորս պետք է մի պահ վայր դնենք մեր տարաձայնությունները, հասկանանք, որ Հանրապետական կուսակցության մեկ օր ավել գոյությունը իշխանության մեջ պարզապես նշանակում է մեկ օր ավել Հայաստանի Հանրապետությունը տանել դեպի անդունդ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

Բացի էլեկտրաէներգիայի թանկացմանը վերաբերող պահանջներից «Ոտքի՛, Հայաստան»-ը նաև բարեփոխումների 15 կետանոց առաջարկություն է հրապարակել: Կետերի մեծ մասը ներառված է ընդդիմադիր կուսակցությունների ծրագրերում:

«Սրանք այն կետերն են, որ մենք կարծում ենք, որ հենց դրանց իրագործմամբ Հայաստանի Հանրապետությունում լուրջ վիճակ կփոխվի, երկիրը զարգացման շատ լուրջ տեմպի մեջ է լինելու: Ու այդ կետերի շուրջ խոսել են գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները: Այսինքն, այստեղ բոլորին միացնող հիմք ենք մենք ստեղծում», - ասաց Սանասարյանը:

Արմատական փոփոխությունների ու իշխանության հրաժարականի մասին պարբերաբար բարձրաձայնող կուսակցություններից առայժմ ոչ բոլորն են պատրաստ համագործակցել «Ոտքի՛, Հայաստան»-ի հետ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն, օրինակ, միայն երեկ է լսել երկու շաբաթ Հանրապետության հրապարակում շուրջօրյա նստացույց անցկացնող շարժման մասին, պահանջներին և բարեփոխումների ծրագրին ծանոթ չէ, հնարավոր համագործակցության մասին էլ կուսակցությունում դեռ քննարկում չի անցկացվել:

Քաղաքացիական նախաձեռնության հետ իշխանափոխության պահանջի շուրջ միավորվելու հստակ դիրքորոշում առայժմ չունի նաև «Ժառանգություն»-ի:

«Այս պահին չեմ կարող պատասխանել, որովհետև կուսակցությունում քննարկում չի եղել նմանատիպ հարցի վերաբերյալ: Կհանդիպենք, կզրուցենք՝ պարզ կդառնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կողմ է ցանկացած նախաձեռնության հետ համագործակցությանը: Այս փուլում, սակայն, նախապատվելի են համարում սահմանադրական փոփոխությունների դեմ միավորումը:

«Այս առումով ես տեսնում եմ հնարավորություն և համագործակցության լայն դաշտ ինչպես «Չե՛ք անցկացնի» հասարակական միավորման, այնպես էլ «Ոտքի՛, Հայաստան»-ի հետ», - մեզ հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Արտախորհրդարանական «Հիմնադիր խորհրդարան»-ի դիրքորոշումն արդեն հստակ է՝ «Ոտքի՛, Հայաստան»-ի հետ համագործակցությունը հնարավոր է: Ավելին՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքով հասարակությանը մոբիլիզացնելու հրամայականը վաղուց է հասունացել:

«Չարիքի արմատը համակարգն է՝ իր միջուկ ռեժիմով և նրա այսօրվա պարագլխով հանդերձ, ուստի այս համակարգը փոխելու, այս ռեժիմին հեռացնելու հետ կապված բոլոր նախաձեռնությունները ողջունելի են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետիսյանը:

Քաղաքական ուժերի հետ հանդիպումները «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամները կշարունակեն մինչև օգոստոսի 21-ի հանրահավաքը: Մինչ այդ՝ Հանրապետության հրապարակից տուն չեն գնա, կշարունակեն հուլիսի 28-ին իրենց սկսած նստացույցը:

XS
SM
MD
LG