Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսեց Պերմյակովի դատավարությունը


Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, Գյումրի, 12-ը օգոստոսի, 2015թ․

Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, Գյումրի, 12-ը օգոստոսի, 2015թ․

Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվողին ռուսական կողմը դատում է դասալքության և ապօրինի զենքի մասով:

Այսօր առավոտյան Գյումրիում` 102-րդ ռազմաբազայի տարածքում, ռուսական կայազորային դատարանը սկսեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշում է կայացրել Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը:

Դատը, ինչպես ավելի վաղ ասել էր Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի մամուլի խոսնակը, անցկացվում է բաց ռեժիմով:

Վալերի Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ: Նախաքննության տվյալներով, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողը այս տարվա հունվարի 12-ին ինքնակամ, զենքով լքել է պահակակետը և սպանել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վիրավորել մանկահասակ երեխային, ով ավելի ուշ մահացավ հիվանդանոցում: Թուրքիայի սահմանը հատելու փորձ կատարելիս ռուս սահմանապահների կողմից ձերբակալված Պերմյակովը խոստովանել է իր մեղքը:

Ավետիսյանների սպանության գործը, հիշեցնենք, ռուսական կողմը վերջերս փոխանցեց հայկական կողմին, իսկ ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատում է զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքներով:

Պերմյակովը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց

Ամբաստանյալը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց՝ հաստատելով իր նախաքննական ցուցմունքները, որոնցում, հիշեցնենք, նա ընդունել է Ավետիսյանների սպանության, դասալքության և ապօրինի զենքի մեղադրանքները:

Այդ ցուցմունքներն այսօր դատարանում վերընթերցվեցին: Դրանցից, մասնավորապես, պարզ դարձավ, որ Պերմյակովը 2015 թվականի հունվարի 12-ին, ժամը 2:30-ից 3-ի սահմաններում, վերցրել է զենքը և անցնելով մետաղալարե ցանկապատի վրայով, ինքնակամ լքել զորամասն ու գնացել քաղաք [Գյումրի]՝ զինված իրեն ամրացված АК-74 ինքնաձիգով և երկու փամփշտակալներով, որոնցում եղել է ընդհանուր առմամբ 60 փամփուշտ:

Զենքի անհրաժեշտությունը Պերմյակովը բացատրել է ինչ- որ մեկին վախեցնելու, նրանից փող և այլ անհրաժեշտ իրեր վերցնելու մտադրությամբ, ինչը կօգներ, որ Թուրքիայի տարածքով փախչեր Ռուսաստան: Բացի այդ, զենքը, ըստ տրված ցուցմունքների, պետք կլիներ անհրաժեշտության դեպքում կրակելով պաշտպանվելու համար:

Նա նշել է, որ տեղանքին, քաղաքին ծանոթ չի եղել, քաղաք հեռանալուց հետո այնպես է ստացվել, որ ժամը 4-ի սահմաններում մտել է պատահական մի տուն, որտեղ քնած մարդիկ են եղել: Նրանք արթնացել են, ինքը վախեցել է և սկսել կրակել: Այդ տանն էլ դեն է նետել ինքնաձիգը և փախել: Հետո սահմանի վրա իրեն բռնել են:

Հենակետը լքելիս Պերմյակովը, ըստ նախաքննական ցուցմունքների, իր մոտ ունեցել է 1800 ռուսական ռուբլի, Ավետիսյանների տնից՝ պայուսակներից մեկի միջից վերցրել է 5000 դրամ, երկու հեռախոս: Հասնելով հայ - թուրքական սահմանին՝ փորձել է զանգեր կատարել, նույնիսկ, ինչպես նշվեց, խարույկ է վառել:

Ըստ ցուցմունքներից մի քանիսի՝ նա ինչ-որ մարդու է հանդիպել Գյումրիի Շիրակացի փողոցի մի խանութի մոտ, փորձել է տաքսի պատվիրել, դրա միջոցով՝ նաև սնունդ, այլ ցուցմունքներում, սակայն, այդ հանդիպման և տաքսու մասին ընդհանրապես ոչինչ չկա:

Ցուցմունքներում Պերմյակովը նաև նշել է, թե իր մեղքն ամբողջությամբ ընդունում է, հավելել է, թե ցանկացել է խուսափել ծառայությունից: «Հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկն իր գործողություններով դրդել է, որ գնաք այդ արարքին», - այս հարցին Պերմյակովն իր ցուցմունքում բացասական պատասխան է տվել:

«Ինչ-որ մեկը գիտե՞ր ձեր մտադրության մասին» հարցին պատասխանել է՝ «ոչ ոք չգիտեր, ոչ ոք չէր կռահում»: «Ձեզ հայտնի՞ էր, որ ձեր արարքը քրեորեն պատժելի է» հարցին դրական պատասխան է տվել․ - «Այո հայտնի էր»:

Հետաքրքիր մի քանի հանգամանք ի հայտ եկավ ըստ նախաքննական ցուցմունքների, մասնավորապես՝ որ նա Ռուսաստանում այն զորամասից, որտեղ ծառայել է, ութ անգամ դիմել է փախուստի:

102-րդ ռազմակայանը՝ գործով տուժող

Ի դեպ, այս գործում տուժող կողմ է ճանաչվել ռուսական 102-րդ ռազմակայանը:

Ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ուստինովի ցուցմունքներով՝ հունվարի 12-ի ժամը 3:30-ի սահմաններում, երբ արդեն երկրորդ անգամ Պերմյակովը պետք է զեկուցեր հենակետում իրավիճակի մասին, դա տեղի չի ունեցել, ինչից հետո էլ բացահայտվել է զինծառայողի բացակայությունը:

Առավոտյան ժամը 6-ի սահմաններում, ըստ ռազմակայանի հրամանատարի, հայ իրավապահների հետ սկսել են փնտրել Պերմյակովին և ժամը 11:45-ի սահմաններում նոր տեղեկացել են, որ Մյասնիկյան 188 տանը տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, այնտեղ հայտնաբերվել է զենք-զինամթերք և ռուս զինծառայողի համազգեստը:

Դատական նիստին ներկա են Ավետիսյանների հարազատներն ու նրանց փաստաբանները:

Փաստաբան Երեմ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այսօրվա դատական նիստին ցանկանում են «բուն պրոցեսն ու մեղադրանքի բնույթը հասկանալ», քանի որ հայկական կողմին փոխանցված գործի թարգմանությունները դեռևս չեն ավարտվել, և պաշտոնապես իրենք դրանց չեն ծանոթացել։

«Էս փուլում մեղադրանքի ծավալ-բնույթը հասկանալուց հետո, նաև կփորձենք հասկանալ՝ որքանով կարող է մեզ պիտանի լինել այս գործի ընթացքում տրված տեղեկատվությունը հայկական կողմից քննվող գործի շրջանակներում։ Այս պահին մեզ համար ինֆորմացիան բավականին սահմանափակ է», - ասաց փաստաբանը։

Դատական նիստում այժմ ցուցմունքներ են տալիս վկաները: Հնարավոր է, որ դատավճիռը հրապարակվի հենց այսօր:

Դատավարությունը լուսաբանելու համար բավական մեծ թվով լրատվամիջոցներ են հավատարմագրվել, դրանց շարքում շատ են ռուսական լրատվամիջոցները:

Ոստիկանների թիվը ռազմակայանի մերձակա տարածքում մեծ չէ:

XS
SM
MD
LG