Մատչելիության հղումներ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվեց 0.25 տոկոսային կետով


ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան, արխիվ

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան, արխիվ

Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը այսօրվա նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.25 տոկոս:

«Հուլիսին արձանագրվել է 2.2 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 4.2 տոկոս», - ասված է Կենտրոնական բանկի հաղորդագրությունում։ - «Փաստացի զարգացումների համաձայն արտաքին հատվածում արձանագրվել են համաշխարհային տնտեսության սպասվածից դանդաղ աճի միտումներ, ինչի պարագայում միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը: Ելնելով այդ զարգացումներից, ինչպես նաև պայմանավորված առաջիկա ամիսներին սպասվող համաշխարհային պահանջարկի թույլ աճով և առանձին ապրանքային շուկաներում առաջարկի ավելցուկով՝ ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից ակնկալվող ազդեցությունը շարունակում է գնահատել ոչ գնաճային»:

ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ խորհուրդն արձանագրել է, որ «երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության աճի տեմպերը գերազանցել են ակնկալիքները. հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 4.2 տոկոս, որին հիմնականում նպաստել են կանխատեսվածի համեմատ գյուղատնտեսության և մասամբ արդյունաբերության ճյուղերում գրանցված ավելի բարձր աճերը»:

«Չնայած գյուղմթերքի արտահանման աճի արձանագրված բարձր տեմպերին և առաջիկայում այդ միտումների պահպանմանը, գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումների արդյունքում կձևավորվեն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գների ցածր մակարդակներ: Ստեղծված ցածր գնաճային միջավայրը մասամբ կչեզոքացվի սպասվածից ավելի խթանող հարկաբյուջետային քաղաքականության իրականացմամբ: Միաժամանակ, ներկայումս չի դիտարկվում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման` նախկինում ակնկալվող գնաճային ազդեցությունը», - ասված է հաղորդագրությունում։

«Այս զարգացումների ներքո ԿԲ խորհուրդը գնահատում է, որ տարվա երկրորդ կիսամյակում 12-ամսյա գնաճը կնվազի և կտատանվի թույլատրելի միջակայքի ներքևի հատվածում, ինչից ելնելով էլ նպատակահարմար է թուլացնել դրամավարկային պայմանները», - հայտարարում է ԿԲ-ն։

«Այդուհանդերձ, և՛ արտաքին հատվածում, և՛ ներքին տնտեսությունում դեռևս պահպանվում են ռիսկեր, որոնց դրսևորման դեպքում հնարավոր է գնաճային միջավայրի ընդլայնում և ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտում՝ ուղղված միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործմանը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG