Մատչելիության հղումներ

logo-print

Անդրանիկ Նիկողոսյանին մեդալներից զրկելու գործընթաց է սկսվել


Էդմոն Մարուքյանը դիմել է Գալուստ Սահակյանին՝ դեռևս 2013 թվականին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից Նիկողոսյանին մեդալ հանձնելու որոշումը չեղյալ համարելու առաջարկով։

Հայաստանը Ռուսաստանի կազմում տեսնող, ԱՊՀ երկրների երիտասարդների միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն անցած տարիներին Ազգային ժողովի նախագահի, ոստիկանապետի, պաշտպանության նախարարի և Երևանի քաղաքապետի կողմից մեդալների է արժանացել։

Էդմոն Մարուքյան, արխիվ

Էդմոն Մարուքյան, արխիվ

Հիմա նրան այս շնորհներից զրկելու գործընթաց է սկսվել. ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ դեռևս 2013 թվականին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից Նիկողոսյանին մեդալ հանձնելու որոշումը չեղյալ համարելու առաջարկով։

Հայաստանում «Պուտին» ակումբներ բացելու հեղինակից բացի, նույն մեդալով պարգևատրվել են նաև, օրինակ, մեծ դերասան, Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանը և հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը։ Պատգամավորի կարծիքով, պետք է հստակեցվի, թե ով, ինչի համար է մեդալ ստանում։

«Ընթացակարգերի ավանդույթ մենք չունենք, մենք ունենք ավանդույթ տալու. ասենք՝ ապրես, արի մի հատ քեզ պաչեմ, մի հատ էլ մեդալ տամ, դու լավ մարդ ես և այլն։ Հետո կարող է պարզվի, որ էդ մարդը շպիոն է։ Այսինքն՝ էս ձևի բանը կարող է լինի մեր երկրում, դրա համար մենք պետք է հասկանանք՝ մեր պետականության ատրիբուտները ոնց ենք նման ձևով շռայլում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարուքյանը։

ԱԺ նախագահից Մարուքյանը ակնկալում է պատասխան ստանալ արձակուրդների ավարտից հետո։

Իշխող հանրապետականները Նիկողոսյանի հայտարարությունը նույնպես քննադատում են, մինչդեռ մեդալից զրկելը ԱԺ նախկին նախագահ, հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանի համար երկրորդական հարց է։ Նա այդպես էլ չասաց՝ կո՞ղմ է մեդալից զրկելուն, թե՞՝ ոչ։ «Կարևորն, ավելի ճիշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի, կամ որևէ քաղաքական գործիչ, իր հստակ դիրքորոշումը արտահայտի տվյալ երևույթի վերաբերյալ, ինչը ես անում եմ», - ասաց Նիկոյանը։

ԱԺ նախկին նախագահ Նիկոյանն ասաց, որ չգիտի՝ կա՞ արդյոք ինչ-որ մեկին մեդալից զրկելու ընթացակարգ։ Բայց կարծում է, որ դա բարդ գործընթաց է։ «Ես նման բան չեմ արել, կամ, գոնե, ես չեմ տվել, փառք Աստծո, որ էդ մարդուն ես չեմ շնորհել», - ասաց Նիկոյանը։

Մասնագիտությամբ իրավաբան Էդմոն Մարուքյանը Նիկոյանի հետ համաձայն չէ։ «Հիմա եթե մի մարդ մեդալ է ստացել, հետագայում Հայաստանի անկախության դեմ է խոսում՝ այն ատրիբուտի դեմ է խոսում, որից որ ինքը մեդալ է ստացել, էդ մարմինը չի՞ կարող զրկել նրան մեդալից, բնականաբար՝ կարող է, ուղղակի կամք է պետք, ու այդտեղ ես իրավական բարդություններ չեմ տեսնում, եթե պետք է, որոշման նախագիծը կարող եմ ես կազմել», - ասաց պատգամավորը։

Ստեփան Սաֆարյան, արխիվ

Ստեփան Սաֆարյան, արխիվ

Նիկողոսյանին մեդալից զրկելու մեկ այլ գործընթաց էլ նախաձեռնում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը։ Քաղաքական վերլուծաբան, ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը վստահ է, որ մեդալ տվողը կարող է չեղյալ համարել որոշումը։

Կանոնակարգի հետ կապված խնդիրներ Սաֆարյանը այստեղ չի տեսնում։ Նրա խոսքով, օրենքում հստակ ասվում է, որ վաստակ ունեցող մարդիկ պետք է մեդալ ստանան, մնացածը օրենքի հետ կապ չունի։

Կոնկրետ այս դեպքում, քաղաքական վերլուծաբան Սաֆարյանը, բացի մեդալներից, կարևորում է նաև, թե ինչ է հայտարարել Նիկողոսյանը։ Սա, ըստ նրա, միայն Նիկողոսյանի տեսակետը չէ, այլ՝ ռուսական կողմի ճնշում, ուստի սրան պետք է կոշտ հակադարձել։

«Եկեք չբացառենք, որ դա ուղղակի ճանապարհ է բացելու այդպիսի մարդկանց համար, ինչպես ժամանակին բոլշևիկները ապահովեցին Կարմիր բանակի մուտքը Հայաստան և տապալեցին Հայաստանի նորանկախ հանրապետությունը, ապա այս անգամ էլ նույնպես ցավալիորեն պատմությունը կարող է կրկնվել», - ասաց Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG