Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ ​GRECO-ն, երեկ հրապարակել է Վրաստանի վերաբերյալ զեկույց:

Ըստ զեկույցի, 2011 թվականին GRECO-ի տված 15 հանձնարարականից Վրաստանը կատարել է 8-ը:

Հանձնարարականները վերաբերում են կոռուպցիոն հանցագործությունների քրեականացմանը, նաև քաղաքական կազմակերպությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկության ապահովմանը:

Վրաստանի վերաբերյալ հանձնարարականների կատարման առաջին գնահատականները GRECO-ն հրապարակել էր 2013 թվականին: Երեկվա զեկույցում անդրադարձ կա 2013 թվականի հուլիսից մինչև 2015 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում արձանագրված փոփոխություններին։

Հակակոռուպցիոն կազմակերպության՝ դեռևս իրականություն չդարձած 7 հանձնարարականներն, ըստ զեկույցի, կատարման ընթացքի մեջ են:

Ըստ GRECO-ի, չնայած 2013 թվականին արձանագրված դրական տեղաշարժին, Վրաստանի կառավարությունը, ի տարբերություն կոռուպցիոն գործարքները քրեականացնող օրենսդրության ապահովմանը, դանդաղում է քաղաքական կուսակցությունների հիմնադրամների թափանցիկությունն ապահովելու հարցում և դա առայժմ կատարել է մասնակիորեն:

GRECO-ն նաև նկատում է, որ քաղաքական կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ուսումնասիրող վերահսկիչ գրասենյակը պետք է ոչ միայն օրենքով օժտված լինի լիարժեք գործունեության ապահովման լիազորություններով, այլև պետք է դրանք կիրառի պրակտիկ կյանքում:

GRECO-ն կոչ է անում՝ ջանքեր գործադրել ապագայում այդ մարմնի ակտիվ գործունեությունն ապահովելու ուղղությամբ:

Եվրոպական հակակոռուպցիոն կառույցը Վրաստանի կառավարությանը նաև կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել պետական միջոցների չարաշահման պատժելիության հարցին, բացի այդ՝ հետևողական լինել քաղաքական կազմակերպությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը պարզելու հարցում:

Վրաստանը այս տարվա մայիսին վիզային ռեժիմի ազատականացման հարցում արդյունքի չհասավ, Եվրոպական հանձնաժողովը եզրակացրել է, որ Թբիլիսին դեռ ամբողջությամբ չի կատարել ստանձնած պարտավորությունները:

Մայիսին Վրաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարում էին, թե «այն, ինչը Մոլդովան արեց երկու տարում, իրենք կարողացան անել 6 ամսում»

Սակայն GRECO-ի երեկվա զեկույցը փաստում է, որ Վրաստանը դեռևս անելիքներ ունի:

XS
SM
MD
LG