Մատչելիության հղումներ

Ռուսաստանի տնտեսության անկումը շարունակվում է


Ռուբլին արժեզրկվում է և կարող է կործանվել, ծաղրանկար, «Ազատություն» ռադիոկայան, 11-ը օգոստոսի, 2015թ.
Ռուբլին արժեզրկվում է և կարող է կործանվել, ծաղրանկար, «Ազատություն» ռադիոկայան, 11-ը օգոստոսի, 2015թ.

Անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատությամբ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Ռուսաստանի տնտեսության անկումը կազմել է 4.6 տոկոս։ Այդ թիվը երեկ հրապարակել է Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը։ Եռամսյակի կտրվածքով 4.6 տոկոսն ամենակտրուկ անկումն է 2009 թվականի ճգնաժամից ի վեր։

Այդ բացասական միտումների հիմքում համաշխարհային շուկաներում նավթի գնանկումն է, արևմտյան պատժամիջոցներն ու ընդհանրապես ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը։

Ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել. Մոսկվայի բորսայում 1 դոլարի գինը հասել է 63,5 ռուբլու, իսկ մեկ եվրոյինը` 69 ռուբլի 91 կոպեկի։

Ռուսաստանցի տնտեսագետները համառորեն հավաստիացնում են, թե անկումը ժամանակավոր է։

«Ռուբլին կամրապնդվի, եթե Brent-ի գինը մնա 50 դոլար։ Այդ դեպքում դոլարի արդար գինը 61 ռուբլի կլինի», - «Ինտերֆաքս»-ին ասել է ՎՏԲ բանկի վերլուծաբան Մաքսիմ Կորովինը։

Մինչդեռ, Համաշխարհային բանկի փորձագետների համոզմամբ, Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների չեղարկումը կհանգեցնի նավթի գնի հետագա անկման։

«Իրանի լիակատար վերադարձը նավթի համաշխարհային շուկա մոտ մեկ միլիոն բարելով կավելացնի օրական արդյունահանումը, ինչի հետևանքով 2016-ին գինը կիջնի ևս 10 դոլարով»,- ասվում է Համաշխարհային բանկի վերջին զեկույցում։

Փորձագետները ենթադրում են, որ հաջորդ տարի Իրանի համախառն ներքին արդյունքի աճը ներկայիս 3-ի փոխարեն կհասնի 5 տոկոսի։ Հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի և վեց գերտերությունների միջև միջուկային պատմական համաձայնությունը կնքելուց հետո Brent տեսակի նավթի մեկ բարելի գինն իջել է 9 դոլարով։

Իսկ ռուս պաշտոնյաները շարունակում են պնդել, որ ամեն ինչ նորմալ է։ Օրերս տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևն ասել է, թե անկումը հասել է հատակին և այլևս չի շարունակվի։

Այս լավատեսական թեզը գովազդելու համար ՌԲԿ հեռուստակայանը զրույցի է հրավիրել մի շարք փորձագետների, և եթերում տեղի է ունեցել անհարմար ու զավեշտական միջադեպ. ՌԻԿՈՄ ֆինասական խմբի արժեթղթերի բաժնի ղեկավար, վերլուծաբան Վլադիսլավ Ժուկովսկին ասել է, որ բացասական զարգացումները դեռ նոր են սկսվում։

«Ես հատակը շատ ավելի խորն եմ տեսնում, քան մեր չինովնիկները։ Վախենամ, որ հատակը, որի մասին խոսում են Ուլյուկաևը, Կենտրոնական բանկը, իրականում ոչ թե հատակն է, այլ ռուսական տնտեսության երկարատև անկման սկիզբն է»,- ասել է վերլուծաբանը։

Նրա կարծիքով, ճգնաժամը Ռուսաստան է եկել 2-3, կամ գուցե՝ 5 տարով։ Հաղորդավարն ամեն կերպ փորձել է լավատեսական ընթացք տալ զրույցին, նույնիսկ կեսկատակ հարցրել է` «Եվ ի՞նչ եք ուզում ասել, որ բոլորս մահանալո՞ւ ենք»։ Հյուրը ոչ պակաս սև հումորով է արձագանքել, ևս մեկ անգամ ընդգծելով, որ հիմա ընդամենը ճգնաժամի սկիզբն է։

Վլադիսլավ Ժուկովսկին նշել է, որ Ռուսաստանի տնտեսության 12 ոլորտներից 8-ը ճգնաժամի մեջ են, այս պայմաններում ոչ մի լավատեսություն տեղին չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG