Մատչելիության հղումներ

Ադրբեջանում լրագրողի սպանությունը արժանացել է միջազգային հանրության քննադատությանը


Ադրբեջանում հերթական լրագրողի սպանությունը հարուցել է միջազգային հանրության զայրույթը. միջադեպը խստորեն դատապարտել են իրավապաշտպան կազմակերպությունները, եվրոպական մի շարք կառույցներ, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Սպանված լրագրող Ռասիմ Ալիևը Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ փակված «Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտի» անդամ էր։ Անկախ լրագրողը պատժվել է ընդամենը այն բանի համար, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում քննադատել է ադրբեջանցի ֆուտբոլիստի ոչ սպորտային վարքագիծը։

«Ես ցնցված եմ Ռասիմ Ալիևի սպանության լուրից, ծայրաստիճան մտահոգիչ է այն, որ Ադրբեջանում լրագրողների անվտանգության իրավիճակը գնալով վատթարանում է»,- հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ ընդգծելով. - «Այս ողբերգությունը պետք է վերջին հիշեցումը լինի իշխանությունների և ամբողջ հասարակության համար, որ այսպես այլևս չի կարող շարունակվել»։

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անվտանգ միջավայր ստեղծել լրագրողների և լրատվամիջոցների այլ ներկայացուցիչների համար, ինչը թույլ կտա նրանց աշխատել առանց վախի և հետապնդումների։

Իրավապաշտպան կազմակերպությունները հիշեցնում են, որ իրենք ավելի վաղ հայտարարություններ էին տարածել՝ ահազանգելով, որ Ռասիմ Ալիևին սպառնում են, որ ոստիկանները բռնություն են կիրառել նրա նկատմամբ։

Արձագանքելով քննադատությանը՝ Ադրբեջանի իշխանությունները կոչ են անում չքաղաքականացնել լրագրողի մահը։ Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ իշխանությունների ուշադրությունը այդ ողբերգության նկատմամբ արդեն իսկ խոսում է այն մասին, որ սպանությունը քաղաքական դրդապատճառ ունի։

«Թուրան» անկախ գործակալության վերլուծաբանը, անդրադառնալով նախագահ Իլհամ Ալիևի խոստմանը, թե անհապաղ կգտնվեն և կպատժվեն մեղավորները , նշում է, որ իշխանություններն այդպիսով ցույց են տալիս, թե իբր իրենք երկրում ազատ խոսքի պաշտպան են, մինչդեռ իրականությունը միանգամայն այլ է՝ քանի դեռ լրագրողներ Էլմար Հուսեյնովի, Ռաֆիկ Թագիի սպանությունները մնում են չբացահայտված, լրագրողների և նույնիսկ նրանց հարազատների նկատմամբ քրեական հետապնդումներն ու ֆիզիկական բռնությունները շարունակվում են։ «Թուրան» գործակալությունը հիշեցնում է, որ ադրբեջանական բանտերում մի քանի տասնյակ քաղբանտարկյալների թվում տասներեք լրագրող և բլոգեր կա, ովքեր ճաղերի հետևում են հայտնվել իշխանությունների հասցեին քննադատություն հնչեցնելու համար։

Լրագրող Ռասիմ Ալիևը մահացել է օգոստոսի 9-ին՝ դաժան ծեծի հետևանքով։ Ծեծի պատճառ է դարձել Ֆեյսբուքում լրագրողի հնչեցրած քննադատությունը ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովի հասցեին:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ Ադրբեջանի իրավապահները լրագրողի մահվան գործով ձերբակալել են մի քանի հոգու՝ այդ թվում և ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG