Մատչելիության հղումներ

Զեյթունում ամուսինների սպանության գործով մեղադրյալը մահացել է


Ամուսիններ Հովհաննես և Լուսինե Մխիթարյանների սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Տիգրան Մանուկյանը հիվանդանոցում մահացել է: Այդ մասին, ինչպես փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին այսօր առավոտյան տեղեկացրել են բժշկական կենտրոնից:

Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ հուլիսի 29-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցի-Բաբայան 30 շենքի մոտ «կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակոցներ է արձակել Հովհաննես Մխիթարյանի և վերջինիս կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից ամուսինները մահացել են»։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով՝ «երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով», և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»:

Նախնական քննության արդյունքներով՝ ամուսինների վրա հրազենից կրակոցներ է արձակել Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ 44-ամյա Տիգրան Մանուկյանը, ով ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել էր «փաստացի բնակության վայրում՝ Կարապետ Ուլնեցու 30 շենքի 2-րդ մուտքի նկուղում, գլխի շրջանում հրազենային վնասվածքով, և տեղափոխվել բժշկական կենտրոն»: «Քննությամբ պարզվել է, որ Մանուկյանն ինքն էր իրեն պատճառել հրազենային վնասվածք», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG