Մատչելիության հղումներ

Վերլուծաբան․ Իրանում բացված պոտենցիալից օգտվելու համար հարկավոր է մրցունակ տնտեսություն


«Փոլիսի ֆորում Արմենիա»-ի վերլուծաբան Դավիթ Գրիգորյան

«Փոլիսի ֆորում Արմենիա»-ի վերլուծաբան Դավիթ Գրիգորյան

Միջուկային համաձայնագրի կնքումից հետո անցած 2 շաբաթվա ընթացքում իրանական և արևմտյան ընկերություններն արդեն մոտ 2 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել։ Իրանի կառավարությունն ավելի քան 300 միլիարդ դոլարի հնարավոր ներդրումների մասին է խոսում։

Միացյալ Նահանգներում գործող «Փոլիսի ֆորում Արմենիա» հետազոտական ընկերության վերլուծաբան Դավիթ Գրիգորյանը համոզված է, որ հարևան Իրանում կանխատեսվող տնտեսական աճից Հայաստանը ահռելի օգուտներ կարող է ստանալ՝ եթե բարելավի կառավարման համակարգը, նվազեցնի կոռուպցիան և հավասար պայմաններ ստեղծի բոլոր գործարարների համար։

«Հակառակ դեպքում դա նման կլինի մի դեպքի, երբ հարևանիդ տանը մի խնջույք է տեղի ունենում, և դու հրավիրված չես այդ խնջույքին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Անցած 5 տարիներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Իրանի չափաբաժինը ավելի քան երկու անգամ նվազել է՝ 10 տոկոսից հասնելով 5-ի: Այսօրվա դրությամբ Հայաստանի և Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը չի անցնում 500 միլիոն դոլարից: Ընդ որում, ինչպես ասաց վերլուծաբանը, դրա զգալի մասը իրանական գազի արտահանումն է Հայաստան, իսկ Հայաստանից արտահանումը դեպի Իրան չնչին տոկոս է կազմում:

Դավիթ Գրիգորյանը մտավախություն հայտնեց, թե ցածր մրցունակությամբ հայկական ընկերությունները մուտք չեն ունենա իրանական շուկա․ - «Իրանի հետ առևտուր անելու համար և այդ բացված հնարավորություններից, բացված պոտենցիալից օգտվել կարողանալու համար հարկավոր է ունենալ մրցունակ տնտեսություն: Սակայն, ցավոք, անմրցունակ դարձած մեր ընկերությունները նախնական շրջանում կարող են լավագույն դեպքում հույս ունենալ իրանական շուկայում ինչ-որ երկրորդական դերեր խաղալու՝ միջնորդի կարգավիճակով»:

Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, վերլուծաբան Արա Պապյանը, նշելով, որ Ռուսաստանն ու Իրանը տնտեսական առումով բազմաթիվ հակասություններ ունեն, կանխատեսում է, որ Եվրասիական տնտեսական միություն մտած Հայաստանը Իրանի հետ ինքնուրույն հարաբերություններ ձևավորելու հարցում կաշկանդված կլինի։

Նա համոզված է, որ Հայաստանը, իր գազամատակարարման ոլորտում ռուսական մենաշնորհի պայմաններում, չի կարողանա օգտվել Իրանից ավելի շահեկան պայմաններով գազ ստանալու հնարավորությունից․ - «Ես չեմ կարծում, որ մենք ունենանք այդքան քաղաքական կամք և հնարավորություն՝ վերաբանակցելու այդ տխրահռչակ համաձայնությունը, որով մենք ֆիքսել են և՛ գներ, և՛ հնարավորություն և այլն»:

Պապյանի կարծիքով, Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանի առաջին քայլերից մեկը պետք է լինի Վրաստան - Հայաստան - Նախիջևան - Իրան երկաթգիծը ապաշրջափակելու և գործարկելու ուղղությամբ․ - «Եթե այդ երկաթգիծը բացվի, Հայաստանը մեծ հնարավորություններ կունենա և՛ իրանական շուկա դուրս գալու, և՛ հատկապես Իրանի վրայով՝ դեպի Պարսից ծոց, իսկ Թուրքմենստանի վրայով՝ դեպի Հեռավոր Արևելք: Եթե մեզ հաջողվի Իրան - Հայաստան - Վրաստան - Եվրոպա առանցքը ձևավորել և այդտեղ դերակատարություն ստանձնել, մեր և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական կշիռն ու նշանակությունը կմեծանան»։

Նշելով միջազգային բազմաթիվ կանխատեսումները, թե Իրանում տնտեսական աճը կհասնի մինչև 7 տոկոսի՝ վերլուծաբանները շեշտում են, որ եթե Հայաստանը հետևողական չլինի, հերթական անգամ խաղից դուրս վիճակում կհայտնվի։

XS
SM
MD
LG