Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն չի տրամադրում Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով ապացույցները


ԱԱԾ-ն չի տրամադրում Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով ապացույցները
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

Ազգային անվտանգության ծառայությունը «նպատակահարմար չի գտնում» տրամադրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ապացույցները, որոնց հիման վրա ձերբակալություններ են կատարվել։

Մարզպետի դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձին օժանդակելու մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանից տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է տրամադրել Աթաջանյանի մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները, դրանք չի հաջողվել ստանալ անգամ գլխավոր դատախազին ու դատարան դիմելու արդյունքում։ Հիմնավորումը մեկն է՝ նպատակահարմար չեն գտնում։ Թե ինչո՞ւ՝ բացատրություն չկա:

Փաստաբանը սա որակում է ապօրինություն՝ պնդելով, որ նախաքննական մարմինն իրավունք չունի ապացույցները թաքցնել իրենցից: Հայաստանի օրենսդրությամբ այս գործընթացը չի կարգավորում, ուստի տվյալ դեպքում գերակա են միջազգային պայմանագրերը. - «Նշված իրավական ակտերով անառարկելիորեն գրված է, որ մեղադրյալը՝ պաշտպանական կողմը, իրավունք ունի ծանոթանալու մեղադրանքի հիմքում դրված ապացույցներին: Եվ այդ ապացույցները ներկայացնելը ոչ թե քննչական մարմնի լիազորությունն է, այլ պարտականությունը»:

Մեղադրանքում նշված է, որ Գարեն Աթաջանյանը հետևել է մարզպետին և Սուրիկ Խաչատրյանի տեղաշարժի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել մահափորձն իրականացնելու մեջ կասկածվողներին: Ըստ փաստաբանի, գործի՝ իրենց հասանելի մասում հիմնական ապացույցը մահափորձից մոտ մեկ ամիս հետո կատարված գաղտնալսումների արձանագրություններն են, որտեղ Աթաջանյանն ու հետագայում մարզպետի մեքենայի ուղղությամբ կրակելու մեղադրանքով կալանավորված Հենրիկ Ավագյանը խոսում են Վարաբաթում կոչվող տեղանքից մեղուներ գնելու մասին։ Հովհաննիսյանի կարծիքով, նման փաստական հիմքով ցանկացած քաղաքացու կարող են մեղադրել Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով, հետևաբար՝ այլ ապացույցներ տրամադրելուց հրաժարվելը փաստաբանին կասկածելի է թվում:

«Եթե ներկայացվող ապացույցները օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցներ են, ապա ես պատճառ չեմ գտնում, թե ինչու դրանք չեն կարող ներկայացվել: Եթե չեն ներկայացվում, ապա տրամաբանական միտք է առաջանում, որ դրանք կամ անօրինական ճանապարհով են ձեռք բերված, կամ արժանահավատ ապացույցներ չեն», - ասում է փաստաբանը:

Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված քսանից ավելի գնդակներից ո՛չ մարզպետն էր որևէ վնասվածք ստացել, ո՛չ էլ նրա մեքենայում գտնվող օգնականն ու վարորդը։ Մոտ մեկուկես ամիս գործով ձերբակալվածներ չկային, սակայն երբ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գործը պահանջեց Քննչական կոմիտեից ու փոխանցեց Ազգային անվտանգության ծառայությանը, կարճ ժամանակ անց սպանությունը պատվիրելու մեղադրանքով կալանավորվեց մարզպետի տան մոտ երկու տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը, մահափորձն իրականացնելու և օժանդակելու մեղադրանքներով էլ՝ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանն ու Վիտալի Մինասյանը։

Կատարվածին իրենց պաշտպանյալների առնչությունը կտրականապես հերքող փաստաբանների համար անհասկանալի է, թե ինչու Կոստանյանն այս գործի քննությունը հանձնեց Ազգային անվտանգության ծառայությանը։ Գործը, ըստ պաշտպանների, հանձնված է մի գրությամբ, որտեղ գլխավոր դատախազը չի հիմնավորել այն ԱԱԾ ուղարկելու դրդապատճառները։ Արդյունքում, Վահան Հովհաննիսյանի պնդմամբ, իրենք մի շարք բարդությունների են հանդիպում դատարաններում։

«Արդեն թվում է, որ դատարանների մոտ կանխակալ կարծիք է գործի վերաբերյալ, ու եթե առարկություններ ներկայացնող է ազգային անվտանգության մարմնի քննչական ծառայությունը, ուրեմն գրեթե 99 տոկոսով մեր միջնորդությունները և բողոքները մերժվում են», - ասում է Հովհաննիսյանը:

Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը, կասկածներ հայտնելով, որ Գևորգ Կոստանյանը հօգուտ Սուրիկ Խաչատրյանի գործելու շարժառիթներ ունի, գործը ԱԱԾ ուղարկելու՝ գլխավոր դատախազի քայլը այսպես է որակում. - «Այն, ինչ արվում է առանց որևէ հիմնավորման, մի բառ ունի իրավագիտության մեջ՝ կամայականություն: Ազգային անվտանգության մասին է խոսքը, չէ՞: Այս գործը, համենայնդեպս այնպես, ինչպես այսօր քննիչներն են նկարագրում, որ՝ ինչ-որ վրեժի հողի վրա և այլն, դա ընդհանրապես ազգային անվտանգության հետ կապ չունի: Եթե, օրինակ, որևէ մի մարզպետի նկատմամբ ինչ-որ ոտնձգություն լիներ ելնելով նրանից, որ ինքը մարզպետ է, ելնելով նրա ծառայողական պարտականություններից, դա դեռ կարող էր ինչ-որ ձևով մոտենալ ԱԱԾ-ի հետաքրքրության ոլորտին»:

Հիշեցնենք՝ բոլոր մեղադրյալների գործերի առանցքում հեռախոսազրույցների գաղտնալսումներն են, և բոլորի պաշտպանները դա համարում են աբսուրդ։

XS
SM
MD
LG