Մատչելիության հղումներ

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը սեպտեմբերից կանցնի ակտիվ գործողությունների


Սահմանադրական բարեփոխումներին ընդդիմացող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը սեպտեմբերից կանցնի ակտիվ գործողությունների՝ հանրահավաքներից մինչև քաղաքացիական անհնազանդություն: Սոցիալական ու քաղաքացիական շարժումների մասնակիցները միավորվել են հանուն քաղաքական պայքարի:

Շարժումը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի երկու տարբերակ է մշակել. նախ փորձելու են կանխել սահմանադրական հանրաքվեի անցկացումը, իսկ եթե դա չստացվի՝ «Ոչ»-ը կարտահայտեն արդեն քվեաթերթիկի վրա։

«Այս փուլում մեզ անհրաժեշտ է ձևավորել քաղաքական-հասարակական լայն մոբիլիզացիա: Եթե մեզ հաջողվի ձևավորել լայն մոբիլիզացիա, որի շանսերը կան և որի հնարավորությունները մենք պարզ տեսնում ենք, ապա մեզ կհաջողվի դա իրականացնել», - ասում է նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը:

Նախաձեռնությունը դեմ է հատկապես Սահմանադրության նախագծում առաջարկվող կառավարման մոդելին, նախագահի, վարչապետի ու Ազգային ժողովի լիազորությունների փոփոխությանը։

Ակտիվիստները կարևորում են նաև Ազգային ժողովում պարտադիր կայուն մեծամասնություն ունենալու դրույթը: Ըստ հրապարակված նախագծի, եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն թվով ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ դաշինքները: Չնայած նախագծի համահեղինակները նշում են, որ բարեփոխումներն ընդդիմությանն ավելի լայն լիազորություններ են տալու, ակտիվիստները վստահ են՝ փոփոխությունների դեպքում ԱԺ-ում մեծամասնություն չկազմող կուսակցությունները կհայտնվեն քաղաքական լուսանցքում։

«Հիմնական վտանգավոր դրույթները դրանք են, որոնց իրագործմամբ ուղղակի քաղաքական կյանքը կմեռնի Հայաստանում», - ասում է Արշակ Մուսախանյանը:

Նախագծով առաջարկվում է նաև պետական կառավարման մեջ առաջին դեմքի դերը տալ Ազգային ժողովի նախագահին: Չնայած նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, թե ինքը սահմանադրական փոփոխություններից հետո չի պատրաստվում զբաղեցնել ոչ նախագահի և ոչ էլ վարչապետի պաշտոնները, «Չե'ք անցկացնի» նախաձեռնության ակտիվիստները վստահ են՝ Սերժ Սարգսյանը իշխանության ղեկը չի զիջի։

«Ինքը շատ դեպքերում է ինչ-որ բաներ խոստացել, որը չի կատարել, այնպես որ, որևէ վստահություն չկա: Եվ երբ նայում ենք այս սահմանադրությունը, հասկանում ենք, որ ամենայն հավանականությամբ ինքն իր համար նախատեսել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, որովհետև, օրինակ, Ազգային ժողովի նախագահին ոչ ոք չի կարող հետ կանչել, բայց Ազգային ժողովի նախագահը կարող է անգամ վարչապետին հետ կանչել, բոլոր նախարարներին առանձին-առանձին հետ կանչել», - ասում է նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը:

Շարժման անդամները հանդիպումներ են ունեցել Հիմնադիր խորհրդարանի և Հայ ազգային կոնգրեսի հետ, իրենց խոսքով՝ արդեն որոշակի համաձայնություններ կան միասնական ճակատով հանդես գալու ուղղությամբ։

Նույն թեմայով

XS
SM
MD
LG