Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողին սպանել են ֆուտբոլի մասին ֆեյսբուքյան գրառման պատճառով


Ադրբեջան - Լրագրող Ռասիմ Ալիևը Բաքվի հիվանդանոցում, 8-ը օգոստոսի, 2015թ․

Ադրբեջան - Լրագրող Ռասիմ Ալիևը Բաքվի հիվանդանոցում, 8-ը օգոստոսի, 2015թ․

Ընդդիմադիր գործիչը շեշտում է՝ իշխանությունն է այնպիսի իրավիճակ ստեղծում, երբ ազատամիտ մարդիկ հարձակման թիրախ են դառնում:

Կիրակի օրը Բաքվի Մեհտիաբադի գերեզմանատանը տասնյակ մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևին, ով դաժան ծեծի էր ենթարկվել նախորդ օրը` ֆուտբոլի մասին ֆեյսբուքյան գրառման պատճառով:

Այս ողբերգական պատմությունը սկիզբ առավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի երրորդ փուլի՝ ադրբեջանական «Գաբալա» և Կիպրոսի «Ապոլոն» ակումբների միջև հանդիպման ժամանակ, որի ավարտին ադրբեջանական թիմի առաջատարը` Ջավիդ Հուսեյնովը մարզադաշտ էր դուրս եկել թուրքական դրոշը ձեռքին: Հանդերձարանի ճանապարհին արդեն խաղը լուսաբանող կիպրոսցի լրագրողներից մեկը նրան հարցրել էր․ - «Ո՞րն էր թուրքական դրոշ ծածանելու իմաստը»: Սրան ի պատասխան, Հուսեյնովը կիպրոսցի լրագրողի ուղղությամբ ձեռքերով անպարկեշտ շարժումներ էր արել՝ ասելով․ - «Թուրքերն իմ ընկերներն են»:

Այս միջադեպից հետո էր, որ բաքվեցի լրագրողը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ - «Ես չեմ ցանկանում, որպեսզի նման հանդուգն ու անբարոյական պահվածք ցուցաբերող, սեփական գործողությունները չկառավարող անձը ներկայացնի մեր երկիրը եվրոպական ֆուտբոլային ասպարեզում»:

Գրառումն աննկատ չմնաց: Դրա ի հայտ գալուց հաշվված ժամեր անց ֆուտբոլիստի ազգականները, ապա նաև ինքը` Ջավիդ Հուսեյնովը, սկսում են զանգահարել լրագրողի բջջային հեռախոսին՝ բացատրություն պահանջելով: Երկարատև հեռախոսային վեճերից հետո, երբ «Գաբալա»-ի ֆուտբոլիստը Ռասիմ Ալիևին հավատացնում է, թե որևէ խնդիր այլևս չկա, նրա ազգականները լրագրողին խաբեությամբ դուրս են հրավիրում տնից և դաժանաբար ծեծում:

«Հարձակվողները վեց-յոթ հոգի կլինեին: Նրանք հայտնվեցին տարբեր կողմերից և սկսեցին հարվածել: Ես նույնիսկ նրանց դեմքը չտեսա: Ես միայն նրանց ոտքերն էի տեսնում», - նշում էր Ռասիմ Ալիևը Բաքվի առաջին քաղաքային հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո` Meydan TV կայքի լրագրողների հետ զրույցում:

Չնայած բժիշկները լրագրողի մոտ կողոսկրերից մի քանիսի կոտրվածք և ձախ ականջի լսողության կորուստ էին արձանագրել, հարձակումից հետո առաջին ժամերին նա գիտակցությունը չէր կորցրել և նույնիսկ ի վիճակի էր շփվել հարազատների ու գործընկերների հետ:

Կեսգիշերին մոտ, սակայն, Ալիևի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացավ: Նրան տեղափոխեցին վիրահատարան, իսկ կիրակի վաղ առավոտյան բժիշկները պաշտոնապես արձանագրեցին լրագրողի մահը:

Միայն Ռասիմ Ալիևի մահվան մասին տեղեկության հրապարակումից և դրան հաջորդած հանրային վրդովմունքի ալիքից հետո էր, որ ոստիկանությունը սկսեց հետաքննել գործը` ձերբակալելով ծեծկռտուքի մասնակիցներից մեկին` «Գաբալա»-ի ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովի եղբորը: Նախաքննական մարմինը նաև սկսեց հարցաքննել բժիշկներին, փորձելով պարզել` ինչու նրանք այդպես էլ չկարողացան փրկել լրագրողի կյանքը:

«Գաբալա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ևս հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով․ - «Չնայած Ջավիդ Հուսեյնովը թիմում շատ կարևոր դերակատարություն ունի, այնուհանդերձ, որոշում է կայացվել հեռացնել նրան հիմնական կազմից մինչև այս ողջ պատմության բոլոր մանրամասների հստակեցումը»:

Ողբերգական միջադեպին ստիպված էր արձագանքել նաև Ադրբեջանի նախագահը: «Լրագրողի սպանությունը սպառնալիք է անկախ լրատվամիջոցների գործունեության համար», - Իլհամ Ալիևի խոսքերն է փոխանցել նրա խորհրդականը:

Ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչներն ու լրագրողական անկախ շրջանակները, սակայն, համոզված են` տեղի ունեցածի իրական մեղավորն իշխանությունն է: Այս մասին մասնավորաբար հայտարարեց ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից մեկը` Իսա Ղամբարը, ով ներկա էր Ռասիմ Ալիևի հուղարկավորությանը:

«Անկախ այն փաստից, թե ով է անմիջականորեն կանգնած այս հանցագործության ետևում, սխալվել են բժիշկները թե ոչ, մեկ բան ակնհայտ է՝ տեղի ունեցածը իշխող ռեժիմի կողմից ձևավորված ամենաթողության մթնոլորտի արդյունք է: Այս իշխանությունն է մի այնպիսի իրավիճակ ստեղծում, երբ ազատամիտ մարդիկ հարձակման թիրախ են դառնում», - նշում էր Ղամբարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG