Մատչելիության հղումներ

Օհանյան․ Պետական սահմանի պահպանությունը հուսալի ձեռքերում է


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Օգոստոսի 7-8-ը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ հերթական աշխատանքային շրջայցն է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտում:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ սահմանագոտում տեղակայված զորամասերում Օհանյանը ծանոթացել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների մարտական ու մասնագիտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին և իրականացվող շինարարական աշխատանքներին: Ստուգվել է նաև զորամասերի զինվորական ճաշարանների շենքային և սանիտարահիգիենիկ վիճակը, զինծառայողների սննդի որակն ու չափաբաժինները:

Պաշտպանության նախարարը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել ամրաշինական և ինժեներական կառույցների հուսալիությանը, ստուգել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պարտականությունների իմացությունը, շրջել է խրամատներում և կատարել է սահմանագծի դիտարկում: Ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին Օհանյանը խրախուսական նվերներ է հանձնել:

Հյուսիսարևելյան սահմանագոտի կատարած այցի շրջանակում զորամիավորման և զորամասերի հրամկազմի հետ քննարկվել են մարտական պատրաստությանը, առաջնագծում առկա իրավիճակին, զինծառայողների կենցաղային պայմաններին և ընթացող շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Նախարարը հրամկազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ` ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկում պաշտպանության նախարարը զրուցել է նորակոչիկների հետ: Ողջունելով և խաղաղ ծառայություն մաղթելով նրանց՝ Սեյրան Օհանյանը կարևորել է զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար՝ ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ բարոյակամային հատկանիշներ ձեռք բերելու տեսանկյունից:

Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Ծանոթանալով նրանց խնդիրներին ու մտահոգություններին` Օհանյանը վստահեցրել է, որ պետական սահմանի պահպանությունը հուսալի ձեռքերում է, և արվում է ամեն ինչ՝ խաղաղ բնակչության առօրյան առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG