Մատչելիության հղումներ

Վրաստանում հարգանքի տուրք մատուցեցին 2008-ի պատերազմի զոհերի հիշատակին


Վրաստան - Ռուս - վրացական պատերազմի 7-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ Գորիում, 8-ը օգոստոսի, 2015թ․
Վրաստան - Ռուս - վրացական պատերազմի 7-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ Գորիում, 8-ը օգոստոսի, 2015թ․

Երկրի նախագահի և վարչապետի հայտարարություններում վրեժխնդրության կոչեր չհնչեցին:

Շաբաթ օրը` օգոստոսի 8-ին, Վրաստանի ամբողջ ղեկավարությունը Թբիլիսիի Մուխաթգվերդիի պանթեոնում էր` հարգանքի տուրք մատուցելով յոթ տարի առաջ այս օրերին ծագած ռուս - վրացական պատերազմի ժամանակ զոհված վրաց զինվորականների, ոստիկանների և խաղաղ բնակիչների հիշատակին:

2008-ին ո՛չ ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ո՛չ այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Ղարիբաշվիլին իշխանության մաս չէին կազմում, ուստի պանթեոնում հնչեցված նրանց հայտարարություններում չկային ոչ վրեժխնդրության և ոչ էլ Վրաստանի տարածքային ամբողջականությունն անհապաղ վերականգնելու կոչեր: Ավելին, Վրաստանի նախագահը հորդորում էր չանտեսել նաև պաշտոնական Թբիլիսիի թույլ տված սխալները:

«Այսօր մենք հիշում ենք այն հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով փրկեցին վրացական պետականությունը: Դրա հետ մեկտեղ, մենք շատ ավելի լրջորեն մտածում ենք այն սխալների մասին, որ թույլ տրվեցին [2008-ին]», - նշում էր Մարգվելաշվիլին:

«Այսօր մենք մտածում ենք նաև այն պատմական անարդարության մասին, որ շարունակվում է ավելի քան յոթ տարի: Պատմության ընթացքում եղել են անազնիվ քաղաքական գործողություններ, պատեր ու փշալարեր, որոնցով փորձ է արվել միմյանցից տարանջատել ազգերն ու պետությունները: Բայց ես երդվում եմ, որ սա հավերժ չի շարունակվի, և Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն ի վերջո կհաղթեն», - արարողությանը ներկա լրագրողների հետ զրույցում ասում էր Վրաստանի նախագահը:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով էլ, չնայած 2008 թվականի իրադարձություններին` Թբիլիսին շարունակում է հույսեր փայփայել, որ հնարավոր կլինի ուղղակի երկխոսության մեջ մտնել Սուխումիի և Ցխինվալիի հետ:

«Խաղաղությունն այլընտրանք չունի: Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի այդ տարածքները վերամիավորվեն Վրաստանի հետ և մենք խաղաղ ապրենք աբխազ և օս եղբայրների հետ կողք-կողքի, ապա բանակցություններն ուղղակի անհրաժեշտ են: Միայն բանակցությունների միջոցով է հնարավոր վերականգնել աբխազների և օսերի հետ փոխըմբռման մթնոլորտը», - հայտարարում էր Ղարիբաշվիլին:

«Բնական է, որ մենք կշարունակենք խելամիտ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ: Դրա հետ մեկտեղ, մեր մոտեցումը շատ սկզբունքային է` տարածքները, որոնցից մենք զրկվել ենք, մեր պապերի հողերն են, և վրաց ժողովուրդը դրանց կորստի հետ երբեք չի համակերպվի», - վստահեցնում էր Վրաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG