Մատչելիության հղումներ

Սիրիահայերի վիճակը «շարունակում է օրհասական մնալ»


Պատերազմից ավերված Հալեպի թաղամասերից մեկը, արխիվ

Պատերազմից ավերված Հալեպի թաղամասերից մեկը, արխիվ

Հալեպի հայ համայնքից փոխանցում են, որ ռմբակոծություններին զուգահեռ, վերջին շրջանում հատկապես լուրջ խնդիրներ են ծագել կապված ջրամատակարարման հետ:

Սարին Մելքոնյանը երեք ամիս առաջ է ընտանիքի հետ Հալեպից Երևան տեղափոխվել։ «Ազատության» հետ զրույցում նա պատմում է, որ ճանապարհը շատ երկար ու դժվար է եղել, «սակայն ծննդավայրում մնալն այլևս անհնար էր»։

«Ադ օրերը տակավին իմ վրաս է, ջուրի տագնապը, էլեկտրականություն չըլլալը, ռմբակոծումները։ Տեղ մը հասավ, որ այլևս չդիմացանք, այսպիսով որոշում արինք և քայլ նետեցինք։ Հայաստան հասնելիս ալ շատ դյուրին չէր, բայց փառք Աստծո, որ հասանք ընտանիքով»,- ասում է Սարինը։

Նա Սիրիայում մնացած իր բարեկամների և հարազատների հետ դժվարությամբ է կապ հաստատում, քանի որ Հալեպում համացանցը գրեթե չի գործում։ «Անորոշ վիճակ է, չեմ գիտեր, շատ դժվար պայմաններով հետներին կապ կպահեմ, նույն վիճակի մեջն են, մեկ ամիս է ջուր չկա, մեծ, պստիկ, ծեր, առանց տարիք հարցնելու բոլորն ալ ջուր կկրեն ադ ռմբակոծումների տակ, կյանքերը վտանգի տակ դնելով»,- շարունակում է մեր զրուցակիցը:

Տևական ժամանակ է, ինչ Սիրիայի կառավարությանը չի հաջողվում լուծել ջրամատակարարման խնդիրը, որը դեռ շաբաթներ առաջ է ծագել։ Հուլիսին Բաշար Ասադի դեմ ապստամբած զինյալները գրավել են հիմնական ջրամատակարար ընկերությունն ու քաղաքը զրկել ջրից։ Այսօր խնդիրն ավելի է սրվել, և այն լուծելու համար կառավարությունն առաջիկայում պատրաստվում է Հալեպում նոր ջրհորներ փորել։

Տեղի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանն այսօր «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, թե վիճակը շարունակում է օրհասական մնալ։

«Ջուրի տագնապը սոսկալի վիճակ է, այսինքն արդեն 9-րդ օրն է, որ ջուրի մատակարարումը դադարեցված է, ջրհորներու ջուրեր կօգտագործեն։ Գետ մը կա Հալեպին մեջ։ Պետությունը այդ գետի շուրջը զտիչ գործիքներ սկսավ զետեղել, որպեսզի այդ գետին ջուրը օգտագործե ժողովուրդը և առավել ջրհորներ կփորե, շուրջ 150 առավել ջրհոր պիտ փորվի այս մեկ տարվա ընթացքին»,- պատմում է Պողիկյանը:

Ըստ նրա, Հալեպում խափանվել է նաև էլեկտրաէներգիայի մատակարարումը, և բնակիչներն օրական միայն մեկ ժամով են հոսանք ունենում։ Տեղի հայաբնակ շրջաններում շարունակում են պայթյուններ որոտալ։

«Նույն թաղամասերու մեջ նույն ձևով հրթիռներ կըլլան, երբեմն ապահով բնակելի թաղամասերու վրա հրթիռներ կըլլան»:

Սփյուռքի նախարարությունից «Ազատությանը» ավելի վաղ փոխանցել էին, որ անցած երկու ամսում Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 500 սիրիահայ։ «Նախկինում զինյալների կողմից վերահսկվող Լիբանանի ճանապարհն այժմ քիչ թե շատ անվտանգ է, Հալեպից դուրս գալ ցանկացողները ցամաքային այդ ուղիով հասնում են Լիբանան, հետո օդանավով տեղափոխվում Երևան»,- ասել էր նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեռ մայիսին «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե առաջնայինն այլևս ոչ թե համայնքի պահպանման, այլ հայերի փրկության հարցն է։

Մինչ օրս, սակայն, պատերազմական գոտում գտնվող սիրիահայերին Հայաստան տեղափոխելու որևէ պետական ծրագիր չկա։

XS
SM
MD
LG