Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը շարունակում է ապշեցնել աղմկոտ հայտարարություններով


Հանրապետական կուսակցության նախագահական հավակնորդները Քլիվլենդում կայացած բանավեճին, ԱՄՆ, 6-ը հուլիսի, 2015թ․

Հանրապետական կուսակցության նախագահական հավակնորդները Քլիվլենդում կայացած բանավեճին, ԱՄՆ, 6-ը հուլիսի, 2015թ․

Միլիարդատերը նախազգուշացնում է՝ եթե Հանրապետական կուսակցությունն առաջադրի այլ թեկնածուի, ինքը նախագահական ընտրություններին կմասնակցի որպես անկախ թեկնածու:

«Մեկ մարդու շոու». որոշ փորձագետներ հենց այսպես են բնութագրել Հանրապետական կուսակցության կողմից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածության հավակնորդների՝ Քլիվլենդում կայացած բանավեճը: Այդ մեկ մարդն ընտրապայքարի առաջատար, միլիարդատեր Դոնալդ Թրամփն է:

«Ես իսկապես երեկոյից հաճույք ստացա», - արդեն բանավեճից հետո, վերհիշելով դրա առանձին դրվագները, ասել է Թրամփը: Բանավեճի ժամանակ նրա աչքերն ուղղակի փայլում էին տեսախցիկների լույսի տակ, աղմկահարույց այս թեկնածուն գրավել էր ողջ լսարանի ուշադրությունը:

Պատասխանելով իրեն ուղղված հարցերից մեկին, Թրամփն իր համար անհաճո կանանց հրապարակայնորեն անվանել է «գեր խոզեր, շներ, սալակույտեր և գարշելի կենդանիներ»:

«Այս երկրի խնդիրներից մեկը քաղաքական նրբանկատությունն է: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ, ու եթե ձեզ դա դուր չի գալիս, թող այդպես էլ լինի»,- ասել է Թրամփը:

Նա նաև նշել է, որ եթե Հանրապետական կուսակցությունն առաջադրի այլ թեկնածուի, ինքը պատրաստ է նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու:

Բոլոր այն մրցակիցներին, ովքեր Թրամփին մեղադրել են «քաղաքական գործիչներ գնելու» մեջ, միլիարդատերը հիշեցրել է՝ ժամանակին խոշոր գումարներ է հատկացրել նաև նրա՛նց քարոզարշավների համար:

Դոնալդ Թրամփը նաև հիշեցրել է, որ դեմոկրատների հիմնական թեկնածու համարվող Հիլարի Քլինթոնը, ով օրվա գլխավոր թիրախն էր, 2005-ին այցելել էր իր հարսանիքին, որովհետև միլիարդատերը նվիրատվություն էր արել Քլինթոնի հիմնադրամին:

«Ես նրան ասացի, որ ներկա լինի իմ ամուսնությանը, և նա եկավ: Գիտե՞ք ինչու եկավ՝ որովհետև այլընտրանք չուներ, քանի որ ես նրա հիմնադրամին նվիրատվություն էի արել»:

Բանավեճի ընթացքից դժգոհ հանրապետական Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ եթե հանրապետականները նախընտրական պայքարի հանդեպ ներկա մոտեցումները չփոխեն, Հիլարի Քլինթոնը 2016 թվականին հեշտությամբ կհաղթի նախագահական ընտրություններում։

Ինչ վերաբերում է հանրապետական Ջեբ Բուշին, որի հետ շատերը մեծ հույսեր էին կապում, ապա նրան այս բանավեճի ընթացքում չհաջողվեց փայլել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG