Մատչելիության հղումներ

logo-print

Սննդամթերքի գներն անցած տարվա համեմատ աճել են ավելի քան 4 տոկոսով


Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մթերքի, հատկապես միրգ-բանջարեղենի գները փետրվար ամսից սկսած հիմնականում նվազել են: Մասնավորապես, տարվա առաջին 7 ամիսներին 2.2 տոկոս գնանկում է արձանագրվել, և միայն հրուշակեղենի գինն է բարձրացել։

Սակայն եթե համեմատենք այս տարվա հուլիսը նախորդ տարվա հուլիսի հետ, ապա բոլորովին այլ պատկեր կստանանք։ Գներն այս պարագայում աճել են ավելի քան չորս տոկոսով։ Կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինն, օրինակ, նախորդ տարվա համեմատ 95 դրամով է ավելացել։

Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով՝ գնային փոփոխությունները սեզոնային բնույթ են կրում։

«Աշնանից գները սկսելու են բարձրանալ մինչև հաջորդ տարվա գարնան մայիս-հունիս ամիսները։ Հիմա այն պիկն է, երբ նկատվում է գների էական ցածր մակարդակ, և կարելի է ասել՝ գների ամենացածր մակարդակին են մոտենում լոլիկը, վարունգը, պղպեղը... Այստեղ էական նշանակություն ունի, իհարկե, կարտոֆիլը։ Եվ հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ կարտոֆիլի գները բարձր են 21 և ավելի տոկոսով»,- ասաց պաշտոնյան։

Ազգային վիճակագրական ծառայության մասնագետը համաձայն չէ լրագրողների այն տեսակետին, թե այս տարի գները շատ են բարձրացել.- «Խայտառակ չէր, 4.2 տոկոս էր»։

Համար 2 հայկական շուկայում, որը քաղաքացիներին ավելի հայտնի է ԳՈւՄ-ի շուկա անվանմամբ, վաճառողները բողոքում էին գնորդների պակասից, վերջիններն էլ՝ աճող գներից։

«Առևտուր անում են միայն տուրիստները, տեղացիները առևտուր չեն անում»,- ասաց վաճառողներից մեկը։

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը նշում է, որ ամիսներն իրար հետ համեմատելով՝ գուցե որոշակի գնանկում նկատվի, սակայն դա ցույց չի տալիս ամբողջական պատկերը։ Ըստ տնտեսագետի՝ իրական թվերն ի հայտ կգան առաջիկա ամիսներին։

«Մինչև տարեվերջ գնաճի ցուցանիշը կարող է էապես փոխվել, որովհետև կախված նրանից, թե ինչ զարգացումներ կունենանք էլեկտրաէներգիայի հետ կապված, եթե սակագինը հաստատվեց ու մտավ գնաճի հաշվարկի մեջ, այսինքն՝ բնակչությունը սկսեց շատ վճարել,բնականաբար, դա և՛ էլեկտրաէներգիայի գինն է թանկացնելու, և՛ բերելու է մյուս ապրանքների գների շղթայական թանկացմանը։ Էնպես որ դժվար է ասել մինչև տարեվերջ ինչ կանխատեսումներ կլինեն։ Կախված կլինի նաև փոխարժեքից, որովհետև տեսնում ենք, որ ռուբլու դեպքում էլի տատանումները սկսել են, դա անպայման մեզ վրա էլ որոշակի ազդեցություն կունենա, ու ներմուծվող ապրանքների մասով չի բացառվում, որ ունենանք նորմալ գնաճ»,- ասաց տնտեսագետը։

Ըստ տնտեսագետի՝ եթե պաշտոնական այս տվյալները համեմատենք միջին աշխատավարձի հետ, կստացվի, որ գնողունակությունը աճում է. Հայաստանում միջին աշխատավարձը վերջին ամիսներին աճել է մոտ 6 տոկոսով, գները՝ մոտ 4.2 տոկոսով։ «Պաշտոնական տվյալներով աշխատավարձերն ավելի արագ են աճել, սակայն եթե քաղաքացիներին հարցնենք, իրենք կնշեն, որ ապրուստը թանկացել է»,- ասում է Բաբկեն Թունյանը։

«Խոսում են տնտեսական աճի մասին, օրինակ, տնտեսական ակտիվության ցուցանիշը աճում ա, երեկ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեծ ուրախությամբ հայտարարում էր, որ «տեսեք մեզ մոտ տնտեսությունը աճում է», հորդորում էր, որ էդ դրական ազդակները փոխանցեն հանրությանը, բայց մյուս կողմից առևտրի ցուցանիշները նվազում են։ Էդպես չի լինում, որ տնտեսությունը աճի՝ մարդիկ սկսեն ավելի քիչ առևտուր անել, էդ դեպքում պետք է գոնե խնայողությունները ավելանան, որովհետև եթե մարդկանց ձեռքը գումար է գալիս, կա՛մ պետք է ծախսեն, կա՛մ խնայեն։ Մեզ մոտ համ խնայողություններն են նվազել, համ առևտրի ծավալները, այսինքն՝ գնողունակության կոնկրետ անկում ունենք, որը պաշտոնապես հիմնավորվում է հենց իրենց թվերով»,- նշեց տնտեսագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG