Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ անցած երեքշաբթի Ագարակում հնչած կրակոցների փաստով հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի հատկանիշներով։

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Նախնական քննության տվյալներով, 2015թ. օգոստոսի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում Ագարակի բնակիչ, 1962թ. ծնված Ս. Հովհաննիսյանի հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող 28-ամյա Ռ. Աթանեսյանը, 30-ամյա Բ. Ավետիսյանը ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանել են նրա հետ: Այնուհետև նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում, մի խումբ անձինք Ռ. Աթանեսյանին պատկանող «Պորշե Կայեն S 4.5» մակնիշի, Բ. Ավետիսյանին պատկանող «Մերսեդես Բենց E 320» մակնիշի և Լ. Ալավերդյանին պատկանող «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենաներով դարանակալել են Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 22-րդ շենքի բակում, ապա «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող անձը վարելով հարվածել է Ս. Հովհաննիսյանի վարած «Նիսան Իքստրեյլ» մակնիշի ավտոմեքենայի ձախ հատվածին։ Այնուհետև նշված ավտոմեքենաների մեջ գտնված երկու անձինք երկու հրազեններից Ս. Հովհաննիսյանի ուղղությամբ արձակել են կրակոցներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով՝ վերջինիս փախուստի դիմելու պատճառով չեն կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին»:

Դեպքի առթիվ օգոստոսի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մարդուն դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու փորձ»: Նախաքննությունն իրականացվում է Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում, ստեղծվել է քննչական խումբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG