Մատչելիության հղումներ

Հայաստանցիները շարունակում են նախընտրել արտերկրյա հանգիստը


Հայաստանի կուրորտների միջին հյուրանոցներում մեկ անձից առնվազն 50-55 դոլարին համարժեք գումար կպահանջվի մեկ օրվա հանգստի համար: Մինչդեռ, օրինակ Վրաստանում Սև ծովի ափին մեկօրյա հանգիստը հասանելի է գրեթե կես գնով:

Տուրիստական գործակալությունների տվյալներով, այս տարի ևս զգալի թվով հայաստանցիներ նախընտրում են իրենց ամառային հանգիստն անցկացնել արտերկրում: Նկատելիորեն ավելացել է Հունաստանում հանգստանալ ցանկացողների թիվը:

Թեև իշխանությունները պարբերաբար հայտարարում են Հայաստանում ներգնա տուրիզմը զարգացնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին, ոլորտի փորձագետների վկայությամբ, Եվրոպան, արաբական և աֆրիկյան որոշ երկրներ ու հարևան Վրաստանը շարունակում են անհամեմատ հրապուրիչ լինել արձակուրդ մեկնող հայաստանցիների համար:

17 տարի տուրիզմի ոլորտում աշխատած Մարինա Գարեգինյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հատկապես այս տարի տուրիստական գործակալությունների աշխատանքը բավական դժվարացել է: «Ավիաընկերությունները Հայաստանից հեռանում են, տոմսերը շատ թանկ են, ուստի հանգստանալու մեկնողների մեծ մասը նախընտրում է Վրաստանից թռչել արտերկիր, քանի որ այնտեղից թռչելու դեպքում գրեթե կրկնակի չափով տնտեսում են»,- ասում է Գարեգինյանը:

Թանկ են ոչ միայն ավիատոմսերը: Ամառային հանգիստը արտերկրում կազմակերպող մարդիկ վստահ են՝ Հայաստանում հանգստանալը երկրի բնակիչների գրպանի համար չէ:

«Գները շատ թանկ են, դրսում ավելի էժան գներով ավելի հարամարավետ տեղերում ես հանգստանում», «Նախընտրում եմ դրսում հանգստանալ, այստեղ ծով չկա, Սևանում համ շատ թանկ է ամեն ինչ, համ էլ եղանակն է վատը», «Մեր աշխատավարձը մեզ թույլ չի տալիս, որ Հայաստանում հանգստանանք»,- «Ազատության» հետ զրույցում ասում էին պատահական անցորդները:

Համացանցում առաջարկվող տուր-ծառայությունների հպանցիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանի հանգստավայրերի միջին հյուրանոցում մեկ անձից առնվազն 50-55 դոլար կպահանջվի մեկօրյա հանգստի համար:

Մինչդեռ, օրինակ Վրաստանում Սև ծովի ափին մեկ օրվա հանգիստը հասանելի է գրեթե կես գնով: Պարզ հաշվարկները նաև ցույց են տալիս, որ ի համեմատ Հայաստանի, Եգիպտոսում և Թայլանդում ևս ամառային հանգստի կազմակերպումն ավելի մատչելի է:

Տուրօպերատոր Լեռնիկ Բալյանի խոսքով, այս տարի Հայաստանով հետաքրքրված են առավելապես արաբական երկների քաղաքացիները: Այդուհանդերձ, ըստ նրա, այցելուների թիվը, ընդհանուր առմամբ, զգալիորեն պակասել է: Նա հույս է հայտնում, որ սեպտեմբերին հոսքն, այնուամենայնիվ, կմեծանա:

«Չունենք ծով, բայց չենք կարողանում անգամ այլընտրանք առաջարկել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, հավելելով․ «իշխանոթյուններն ավելի շատ խոսում են և կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում ներգնա տուրիզմը զարգացնելու համար»:

Ըստ Պիպոյանի, խնդիր է նաև այն, որ բժշկական տուրիզմը չի ներառվում առաջարկվող փաթեթների մեջ, մինչդեռ շատերն են այսօր Հայաստան գալիս բուժվելու համար: Նաև հարկային արտոնություններ չեն տրվում երկրի հանգստի գոտիներում ներդրումներ անողներին: Ի հետևանք՝ ենթակառուցվածքները չեն զարգանում, ծառայությունների որակը չի լավանում:

«Մի քանի ճոխ հյուրանոց սարքելը տուրիզմի զարգացում չէ: Եթե այդ ճոխ հյուրանոցի ճանապարհն անգամ լավը չէ, ի՞նչ տուրիզմի մասին է խոսքը: Մենք իսկապես ունենք հրաշք վայրեր, բավական է արտասահմանցի հյուրի հետ շրջես Հայաստանում, նրա առաջին ռեակցիան կլինի՝ հրաշք երկիր է, անպայման պետք է գալ հանգստանալու: Բայց հետո, երբ նա խորանում է ենթակառուցվածքների մեջ, արդեն փոխում է իր կարծիքը»,- ասում է Պիպոյանը:

Այս տարի ավելացել է Ռուսաստանից եկածների թիվը: «Լսել ենք, որ բնությունն այստեղ շատ գեղեցիկ է, հրաշալի խոհանոց ունեք, հյուրասեր մարդիկ»,- «Ազատության» հետ զրուցում ասաց մի ռուս զբոսաշրջիկ: Ըստ նրա, Երևանում ենթակառուցվածքները շատ լավն են, խնդիրներ առաջանում են արդեն մայրաքաղաքից դուրս:

«Ալավերդիում ենք եղել, ամեն ինչ շատ հին է ու մոռացված: 20 տարի կարծես այնտեղ ոչ ոք չի եկել, ոչինչ չի փոխել: Գեղեցիկ քաղաքներ ունեք, պարզապես հետևել ու խնամել է պետք այդ ամենը»,- ասում է նա:

Եվրոպական շքեղություններից հոգնած մի գերմանացի զբոսաշրջիկ էլ ասաց, թե այստեղ հարմարավետություն և բարձրակարգ ծառայություններ չի փնտրում: Ասում է՝ «Հայաստանի էկզոտիկան հենց մարդիկ են»:

«Մարդիկ հրաշալի են այստեղ: Էական չէ, որ ծով չունեք, ունեք հրաշալի տեսարժան վայրեր: Վաղը արդեն մեկնում ենք ու կարծում եմ ընկերներիս էլ խորհուրդ կտամ գալ Հայաստան»:

XS
SM
MD
LG