Մատչելիության հղումներ

logo-print

«Ոտքի՛, Հայաստան»-ը ՀԾԿՀ-ից պատասխան չի ակնկալում


«Մենք բացարձակ ցանկություն չունենք պոլեմիկայի մեջ մտնել ինչ-որ իշխանական տարբեր կառույցների հետ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

Մոտ երկու շաբաթ Հանրապետության հրապարակի կենտրոնում նստացույց անցկացնելու անհաջող փորձերից հետո էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան» շարժումը փոխում է օգոստոսի 11-ին նախատեսած հանրահավաքի վայրը, թեև նախապես հայտարարել էին, որ այդ օրն ամեն գնով նստացույցը տեղափոխելու են հրապարակի կենտրոն՝ գորգի վրա:

«Ոստիկանությունը առարկություններ ներկայացրեց, որ ի վիճակի չի լինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը և երթևեկության բնականոն աշխատանքը: Մենք գնացինք կոմպրոմիսի քաղաքապետարանի հետ, համաձայնեցինք, որ հավաքը անցկացնելու ենք այն հատվածում, որտեղ հիմա պաստառներն են», - ասաց շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանը:

Շարժման անդամներն այս քայլը նահանջ չեն համարում՝ հավաստիացնելով, որ գորգի վրա նստացույց անցկացնել դեռ կփորձեն։

Հանրահավաքի օրը լրանում է նախաձեռնության ստեղծման մեկ ամիսը, և ակտիվիստները, Ղուկասյանի փոխանցմամբ, իրենց պարտավորված են համարում հաշվետու լինել հանրության առաջ․ - «Ներկայացնենք բացատրություններ և պարզաբանումներ այսօրվա առաջ քաշած պահանջների վերաբերյալ։ Այն է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հրաժարականը, ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերության ազգայնացումը, և էներգետիկ համակարգում ճգնաժամ առաջացրած վիճակի համար պատասխանատուներին օրենքի առաջ պատասխանատվության բերելը»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականի գրավոր տարբերակն ակտիվիստները շաբաթվա սկզբին հանձնեցին Ռոբերտ Նազարյանի գլխավորած կառույց: Պատասխան չեն ակնկալում։

«Մենք բացարձակ ցանկություն չունենք պոլեմիկայի մեջ մտնել ինչ-որ իշխանական տարբեր կառույցների հետ: Այսինքն պատասխան ակնկալել, որպես այդպիսին չկար», - ասաց շարժման անդամներից Դավիթ Հովհաննիսյանը:

Նախաձեռնությունը չի բացառում, որ հանրահավաքից հետո պահանջների թիվն ավելանա: Իսկ մինչ այդ պատրաստ են համագործակցել այլ շարժումների հետ՝ այդ թվում սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասողների հետ։

«Մեր շարժումը բացմիս հայտարարել է և շարունակում է հայտարարել, որ ցանկացած պահանջ՝ քաղաքական և ոչ քաղաքական, եթե ժողովուրդը այդ պահանջը բարձրացնի, մենք միանշանակ կմիանանք», - ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Չնայած Հանրապետության հրապարակում ընթացող շուրջօրյա նստացույցին մի քանի հոգի են մասնակցում, «Ոտքի՛, Հայաստան»-ը չի պատրաստվում դադարեցնել ակցիան նաև հանրահավաքից հետո։

XS
SM
MD
LG