Մատչելիության հղումներ

Ըստ Սահմանադրության նախագծի, ՎՊ-ն և ՄԻՊ-ը «մի կենտրոնից վերահսկելի» են դառնում


Պետական համակարգում կոռուպցիոն դրսևորումները բացահայտող և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարող կառույցների ղեկավարներին նոր Սահմանադրության նախագիծը ըստ էության զրկում է քաղաքական հայտարարություններ անելու իրավունքից:

Ի տարբերություն գործող Սահմանադրության, որտեղ այս առումով որևէ սահմանափակում չկա, նոր փաստաթուղթը սահմանում է, որ Վերահսկիչ պալատի նախագահներն ու օմբուդսմենները «հրապարակային ելույթներում պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն»։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ազատության» հետ զրույցում նախագիծը որակելով «մի կուսակցության ու մի կուսակցության նախագահի սահմանադրություն», կարծիք հայտնեց, որ սա ևս մի քայլ է բռնապետություն հաստատելու ճանապարհին. - «Սա բացարձակ չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ, որովհետև դա աշխարհում ընդհանրապես ամենաքաղաքական պաշտոններից մեկն է: Առավել ևս՝ որ այդպիսի պաշտոնը պիտի լիներ ընդդիմության ձեռքում: Եթե չի գողանում, չի թալանում, չի յուրացնում, ի՞նչ մտավախություն ունի, որ Վերահսկիչ պալատը տրվի ընդդիմությանը»:

Մարտիրոսյանը չբացառեց, որ Սահմանադրության նախագծում նման սահմանափակում մտցնելու առիթներից մեկը կարող էր Իշխան Զաքարյանի շուրջ երկու տարի առաջ պայթած սկանդալը լինել։ Հիշեցնենք, Վերահսկիչ պալատի նախագահը, 2013-ին իր զեկույցը խորհրդարանին ներկայացնելիս խոսելով պետգնումների գործընթացում բացահայտված աղաղակող չարաշահումների մասին, կարծիք էր հայտնել, որ պետբուջեի 70 տոկոսը ռիսկի տակ է ու կոռումպացված ձևով է ծախսվում։ Օրեր անց հաջորդեց նախագահ Սերժ Սարգսյանի հորդորը․ - «Պարոն Զաքարյան, որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել։ Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել»:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ եթե այս Սահմանադրությունն ընդունվի, ապա ինչպես Վերահսկիչ պալատի նախագահը, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանը որևէ լուրջ գործառույթ չեն կարողանա իրականացնել.- «Միանշանակ մի կենտրոնից, մի ձեռքից վերահսկելի Վերահսկիչ պալատ և Մարդու իրավունքների պաշտպան է դառնում: Ձևով դառնում է եվրոպական, շարունակում է ձևով մնալ եվրոպական, բայց բովանդակությամբ դառնում է խիստ արևելյան բռնապետական ինչ-որ համակարգ»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը հիշեցրեց, թե ինչպես 2008-ի մարտի 1-ից հետո որոշակի ակտիվություն ցուցաբերած օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից բնութագրվեց որպես իր «ամենավատ կադրը», թե դրանից առաջ ինչպես էր Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը խնդիրներ ստեղծել իշխանությունների համար։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ ասաց՝ Սահմանադրության այս սահմանափակումը միայն մեկ նպատակ կարող է հետապնդել.- «Որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հետապնդումների արդյունքում բանտերում հայտնված կալանավորներին պաշտպանելու իրավունք չունենա։ Չես կարող խոսել մարդու իրավունքներից՝ ընդհանրապես չանդրադառնալով քաղաքականությանը և քաղաքական հայտարարություններ չանելով։ Ինքնին քաղաքական երևույթ է մարդու իրավունքների խախտումը, իսկ քաղաքական նկատառումներով խախտումը՝ առավել ևս։ Սա ուղղակի արհեստական սահամանփակում է, հեռահար նպատակ ունի։ Եթե նրանք կարողանում են դա անցկացնել և ունենալ այդ Սահմանադրությունը, որ իրենց մտքում արդեն ունեն, նշանակում է՝ վաղվա օմբուդսմենը պետք է ընդհանրապես զերծ մնա քաղաքական նկատառումներով հետապնդված մարդկանց անդրադառնալուց»։

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը համոզված է՝ քանի որ սահմանադրական փոփոխությունների գործընթացի մոտիվացիաներից մեկը իշխանություններին ավելորդ գլխացավանքից ու աղմուկից ազատելն է, ապա որոշ պաշտոնյաների քաղաքական հայտարարությունները սահմանափակելով՝ փորձ է արվում Հանրապետականի համար «էլ ավելի մեծ կոմֆորտ ապահովել»։

«Կարծում եմ, նաև դեր է խաղում այն հանգամանքը, որ իշխանության ներսում նվազեցնում տարբեր խմբերի մանևրի հնարավորությունը, սահամանափակում են նաև հենց իշխանության ներսում խաղի կանոնները և խաղի շրջանակները, որպեսզի ներքին հակասությունները կառավարելի լինեն և անկանոն, անվերահսկելի գործընթացի չվերածվեն»,- ասաց Բադալյանը.- «Ժողովրդավարությանը սպառնում է էս իշխող համակարգը ինքնին, այսինքն Սահմանադրության փոփոխության գործընթացի նախաձեռնողներին դա այնքան էլ չի հետաքրքրում, ամեն ինչ արվում է ՀՀԿ-ին առավելագույնս կոմֆորտ, իշխանական պայմաններ ապահովելու համար»։

XS
SM
MD
LG