Մատչելիության հղումներ

Արջուտում ոսկու հանք կշահագործվի. գյուղապետին ոգևորել է աշխատատեղերի խոստումը


«Բակտեկ Էկո» ընկերությունը պատրաստվում է շահագործել Արջուտի ոսկու հանքավայրը: Բնապահպանության նախարարությունը դեռ անցած տարի դրական եզրակացություն է տվել բաց եղանակով շահագործման այս նախագծին: Արդեն չորրորդ անգամ անցկացվող հանրային լսումներին ընդամենը մի քանի գյուղացիներ էին եկել:

Գյուղի մոտ վեց տասնյակ բնակիչների հանքարդյունաբերող ընկերությունը աշխատանք է խոստացել: Գյուղապետը ոգևորված է, հույս ունի, որ գոնե այսպես արտագնա աշխատանքի մեկնած բնակիչները գյուղ կվերադառնան: Բացի այդ, ընկերությունը պարտավորվել է տարեկան շահույթի տասը տոկոսը տրամադրվել համայնքի խնդիրների լուծմանը. նախնական հաշվարկներով, խոսքը տարեկան 200 հազար դոլարի մասին է:

«Ես ուզում եմ ճիշտ հասկանանք, ժողովուրդ ջան, ոչ մեկը անձամբ իմ և իմ բնակչի չափ շահագրգիռ չէ, որ իրենք մաքուր տեղ ապրեն։ Իսկ մտածեմ, որ էսօր պիտի ապրեմ դրախտում ու սոված ապրեմ, չեմ ուզենա։ Ես նաև շահագրգիռ եմ, որ մեր համայնքում ներդրումներ արվեն, գործարան աշխատի»,- ասաց գյուղապետ Վարդան Մկրտչյանը։

Հանքավայրը սեյսմիկ գոտում է՝ Արջուտից 4, իսկ Վանաձորից՝ 12 կմ հեռավորության վրա: Հանրային լսումների մասնակիցները մտահոգված էին՝ գուցե պայթյունների հետևանքով ցնցումներ լինեն: Ընկերության ներկայացուցիչները բացառեցին այդ վտանգը։

Ընկերության հիմնադիր Ազատ Վարդանյանը վստահեցնում է, որ նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում պոչանքները լինելու են չոր ու մնալու են ֆաբրիկայի տարածքում: Ըստ Վարդանյանի՝ արել են հնարավորը, որպեսզի բնակիչների ու շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեծ չլինի:

«Մենք բարդ ճանապարհն ենք ընտրել, որ ժողովուրդը ուրախ լինի, մեր նպատակը դա է»,- ասաց Վարդանյանը։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մտահոգված էին՝ ի՞նչ ջուր է օգտագործվելու և ի՞նչ ազդեցություն են ունենալու արտանետումները գյուղացիների առողջության, այգիների վրա։

Գյուղապետ Վարդան Մկրտչյանը պատասխանեց.- «Ես լրիվ հարցերը տվել եմ, ժողովրդին էլ եմ բացատրել, որ հանկարծ ստեղ մի գործարան բացեն, աշխատատեղ ունենանք ու էգուց, մյուս օր կոտորվենք՝ չէ՛»։

Հանքավայրը շահագործողները մտադիր են արդեն հաջորդ տարի սկսել հանքաքարի վերամշակման գործարանի շինարարությունը:

XS
SM
MD
LG