Մատչելիության հղումներ

Դավիթաշենի 2 շենքերի բնակիչները ոտքի են կանգնել ընդդեմ հարակից շինարարության


Դավիթաշենի 22 և 23 շենքերի բնակիչներ բողոքում են, որ առանց իրենց իմացության վաճառվել է շենքերի անկյունամասի հողամասը, և կառուցապատող Գագիկ Գևորգյանը պատրաստվում է այդտեղ նոր շինություն կառուցել: Բնակիչների պնդմամբ, նոր շինությունը դժվարանցանելի է դարձնելու դեպի 5 շենքեր ելումուտը: Փորձի համար նույնիսկ հրշեջ մեքենաներ էին հրավիրել, որոնք փողոցից չկարողանալով մուտք գործել շենքերի բակ՝ ստիպված անցել են կառուցապատողի նախատեսվող շինհրապարակի վրայով, որտեղ Գագիկ Գևորգյանը պատրաստվում է, իր պնդմամբ, երկու հարկանի շինություն կառուցել:

«Մենք տեսել ենք աղետի գոտիներ, ոչ մեկ չի կարա ժխտի դա: 2 հատ ԱԻՆ-ի մեքենա չկարողացավ մտներ բակ, գնար գար․․․», - նշեց շենքի բնակիչներից մեկը:

Բնակիչների խոսքով, չգիտեն՝ աճուրդը ե՞րբ է եղել, ե՞րբ է տարածքը վաճառվել, քանի՞ հարկանի շինություն է կառուցվելու, ինչո՞ւ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել՝ իրենց շենքերի անկյունամասի տարածքը վաճառելիս: Նրանց այս հարցերին ի պատասխան՝ կառուցապատող Գագիկ Գևորգյանը ցույց էր տալիս դեռ անցյալ տարի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ստորագրված շինթույլտվությունը և պնդում, որ հրշեջ մեքենան կարող է այս շենքերի մուտքերին մոտենալ ավելի երկար ճանապարհով՝ շրջանցելով շենքերը:

«Նմանատիպ շինություն կա կողքի օղակաձև բակ մտնելիս: Բակի մուտքը փակված է մոտ 2 մետր: Սա ավելի մեծ է փակվելու, եթե արվի, էն դեպքում, որ ձմեռը սառույցը չի հալվում մինչև մայիս, էն դեպքում, որ իրենք ունեն այլընտրանքային ճանապարհ, մենք չունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց բնակիչներից մյուսը:

Այս բոլոր պնդումներին կառուցապատող Գագիկ Գևորգյանը հակադարձում էր, որ տարածքը նախատեսված է հասարակական կառուցապատման համար: Ինքը շահել է քաղաքապետարանի հայտարարած աճուրդը և պատրաստվում է այդտեղ կառուցել իր շինությունը: Բնակիչների հետ քննարկման անհրաժեշտություն մինչև այսօր չի տեսել:

«Առաջին հարկում հասարակական է, երկրորդում՝ բնակելի: Առաջին հարկում կլինի, իմ կարծիքով, բժշկական գրասենյակ, որովհետև աղջիկս բժշկուհի է, որ ինքը կաշխատեցնի, երկրորդ հարկում էլ ես կբնակվեմ», - ասաց Գագիկ Գևորգյանը:

«Հանրային քննարկման անհրաժեշտություն ծագում է միայն մի դեպքում, եթե շոշափվում է հանրային շատ մեծ շահեր: Տվյալ դեպքում շատ մեծ շահ չկա: Դրա համար գոյություն ունի Երևանի քաղաքաշինական խորհուրդ, եթե խորհուրդը կորոշի, որ սա հանրային քննարկման ենթակա օբյեկտ է, խնդրեմ՝ թող դնեն հանրային քննարկման», - ասաց կառուցապատողը:

Մատնացույց անելով հավանական շինհրապարակից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ջրատարը, էլեկտրահաղորդիչ գծերը, ինչպես նաև ընդգծելով շինարարության դեպքում շենքի հիմքերի թուլացման վտանգը, բնակիչները նշում էին, որ դիմելու են քաղաքապետին՝ խնդրելով, որպեսզի շենքերին հարակից կառույցի շինարարությունը չիրականացվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG