Մատչելիության հղումներ

Կայազորային դատարանը Վալերի Պերմյակովին կդատի Գյումրիում


Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը կկայանա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում հաջորդ չորեքշաբթի՝ օգոստոսի 12-ին։ «Ազատությանը» այդ մասին հայտնեց Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի խոսնակ Ալյոնա Կատկալոն։

Այսպիսով Երևանի հինգերորդ կայազորային զինվորական դատարանը որոշել է արտագնա նիստ անցկացնել ռուսական բազայի տարածքում։ Խոսնակի փոխանցմամբ՝ դատավարությունն ընթանալու է դռնբաց։ Այդուհանդերձ, առայժմ հստակ չէ՝ արդյոք գյումրեցիներին հնարավորություն կտրվի դահլիճ մուտք գործել։

Ռուսական կողմը Պերմյակովին մեղադրում է քրեորեն պատժելի երեք հանցանքների՝ զենքով դասալքության, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեջ:

Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության փաստով ևս ռուսաստանցի իրավապահները հարուցել էին գործ, որը, սակայն, օրերս փոխանցվեց հայկական կողմին: Նախաքննության տվյալներով, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը այս տարվա հունվարի 12-ին ինքնակամ, զենքով լքել է պահակակետը և սպանել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վիրավորել մանկահասակ երեխային, ով ավելի ուշ մահացավ հիվանդանոցում: Թուրքիայի սահմանը հատելու փորձ կատարելիս ռուս սահմանապահների կողմից ձերբակալված Պերմյակովը խոստովանել է իր մեղքը:

9 հատորից բաղկացած քրեական գործը դեռ թարգմանվում է, ինչից հետո միայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները կկարողանան ծանոթանալ նյութերին: Ենթադրվում է, որ ռուսական դատարանի վճռից հետո Պերմյակովը կկանգնի նաև հայաստանյան դատարանի առջև՝ Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեղադրանքով:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, մինչդեռ, համոզված է, որ նախ պետք է սպանության գործը դատարան մտներ.- «Կիսախառը պատմություն է, գլխավորը սպանության գործն էր, դասալքությունը, զենքը զորամասից տանելը հարակից բաներ են և չէին կարող առաջ ընկնել և գլխավոր լինել դատաքննական իմաստով, ինչը որոշեցին անել ռուսական կողմից։ Ամենաանհեթեթ ենթադրությամբ այդ գործով կդատեն ու կասեն՝ մարդը գնում է Սիբիր նստելու, դուք շարունակեք սպանության գործը քննել։ Մեկ էլ էնտեղ ինքը մենինգիտ է ստանում ու մահանում է։ Ինչի ասես ընդունակ են, սա նորություն չէ»։

Այն, որ ռուսական կողմը շտապում է նախ ինքը դատավճիռ կայացնել, ըստ Բարսեղյանի, վկայում է, որ այս գործում հենց ռուսերն են թելադրողը, ու հայաստանցի իրավապահների ձեռքում ոչինչ չկա:

«Հայկական դատարանին տալ բուն սպանության գործը և բերել դատարան ռուսական կողմը կհամաձայնի միայն այն դեպքում, երբ ամբողջ դատը պիտի ընթանա ռուսական կողմի պատկերացրածով, եթե չասենք սցենարով։ Իրենց հայկական դատարանում անակնկալներ պետք չեն... խոսքը ինչ-ինչ բացահայտումների մասին է, եթե մեր կողմից փաստաբանները կուզենան, հեշտությամբ հարցաքննությունների ընթացքում կկարողանան բացահայտել ինչ-ինչ բաներ, եթե այդ մարդուն առողջական իմաստով ամբողջովին շարքից չեն հանել։ Ակնհայտորեն օտար աչքն էլ կարող է տեսնել, որ հայկական իրավապահ համակարգը այստեղ դերակատար չէ»,- ասաց Բարսեղյանը։

Բարսեղյանը կարծում է, որ ռուսական կողմը փորձել է խուսափել Գյումրիում հերթական ընդվզումներից, ուստի որոշել է մեղադրյալին Երևան չտեղափոխել, հակառակ դեպքում Պերմյակովի ճանապարհին ցուցարարներ էին կանգնելու.- «Հիմա որ ուզում են իբր թե բաց դատ անել, պիտի օրը, ժամը, տեղը հայտարարեն։ Եթե Երևանը լիներ, հասկանալի կլիներ, որ ինչ-որ ճանապարհով են տեղափոխելու էնտեղ։ Գուցե մտահոգություն են ունեցել, որ մարդիկ կբորբոքվեն, դուրս կգան փողոց։ Գուցե այդ նկատառումով որոշել են զորամասից չտեղափոխել և հատուկենտ մարդկանց թողնել ներս մտնել, ասենք՝ լրագրողներին»։

Լևոն Բարսեղյանը վստահ է, որ անգամ հայկական դատարանի վճռից հետո Ավետիսյանների սպանությունը կմնա չբացահայտված: Ի դեպ, դեռ անորոշ է, թե ինչպես է ռուս զինվորականը փոխանցվելու հայկական կողմին։ Երևանի հինգերորդ կայազորային զինվորական դատարանը ընդամենը օրեր առաջ նրա կալանքի ժամկետը երկարաձգեց կես տարով՝ մինչև 2016 թվականի հունվարի 30-ը:

XS
SM
MD
LG