Մատչելիության հղումներ

Հանձնաժողովի անդամ․ Երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը կարող է փոխվել


Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի խոսքով՝ կայուն մեծամասնության ձևավորման համար խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը կարող է փոխվել:

Սահմանադրության մի քանի գլուխների վերաբերյալ նախնական գնահատականում Վենետիկի հանձնաժողովն առաջարկել էր հանել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին վերաբերող դրույթը, հարցը լուծել Ընտրական օրենսգրքով:

Ըստ հրապարակված նախագծի, եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն թվով ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

Վենետիկի հանձնաժողովի նախնական գնահատականից հետո հրապարակված նախագծի գրեթե ամբողջական տարբերակում նույնպես դրույթը պահպանվել է: Պողոսյանի փոխանցմամբ՝ իրենք ցանկություն են հայտնել հանդիպել Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Պատասխան առայժմ չեն ստացել:

«Մեր առաջարկած նախագիծը երբևէ չի բացառում, որ առաջին փուլից հետո ձևավորվեն քաղաքական կոալիցիաներ», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Վարդան Պողոսյանը: - «Եթե այդ կոալիցիաները կունենան այդ կայուն պառլամենտական մեծամասնությունը, իսկ մեխանիզմները կամրագրվեն Ընտրական օրենսգրքով, ապա, բնականաբար, անհրաժեշտություն էլ չի առաջանա անցկացնելու երկրորդ փուլ»:

«Երկրորդ փուլի գաղափարը մենք ամրագրել ենք այն պատճառով, որ եթե նման մեծամասնություն ցանկացած տարբերակով առաջին փուլից հետո չի առաջանում, մենք կուսակցություններին չթողնենք, որպեսզի իրենք պառլամենտում, ընտրողի թիկունքում այդ կոալիցիաները ձևավորեն, այլ նախօրոք երկրորդ փուլից առաջ ասեն, թե առաջին երկու տեղերը զբաղեցրած կուսակցությունները կամ դաշինքները ում հետ են մտնում կոալիցիայի մեջ, և ընտրողը որոշի, թե արդյոք իմաստալից է այս կամ այն բլոկին տալ մեծամասնություն, որպեսզի նրանք կառավարություն ձևավորեն», - հավելեց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ երկրորդ փուլի մասին դրույթը ներառվի Ընտրական օրենսգրքում, Պողոսյանն արձագանքեց․ - «Ես չեմ կարող որևէ բան բացառել: Մեր հակվածությունը հանձնաժողովում, այդուհանդերձ, կայանում է նրանում, որ երկրորդ փուլի հնարավորությունը նախատեսվի: Թե ինչ պարագայում կլինի երկրորդ փուլ, ինչ պարագայում չի լինի՝ դա արդեն պետք է Ընտրական օրենսգրքով սահմանվի»:

Այնուհանդերձ, Ազգային ժողովի կազմին և ընտրության կարգին վերաբերող հոդվածը որոշակի փոփոխությունների ենթարկվել է: Ըստ Պողոսյանի՝ ո՛չ Վենետիկի հանձնաժողովի դիտարկումների մասով․ - «Կարծիքներ էին հնչում, որ երկրորդ փուլից հետո Ազգային ժողովում մնում են միայն այն կուսակցությունները, որոնք մասնակցել են երկրորդ փուլին։ Մենք հավելյալ մաս ենք ավելացրել նախագծի 89-րդ հոդվածում, որ, բնականաբար, բոլոր այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք հաղթահարել են օրենքով սահմանված արգելապատնեշները, պահպանում են առաջին փուլի արդյունքներով ձեռք բերած մանդատները, և այդ մանդատները բաշխվում են համամասնորեն»:

Նրա պնդմամբ՝ նախագծով ընդդիմությանն ավելի լայն լիազորություններ են տրվել՝ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոն, քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և նախագահելու, հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմաներով քննարկումներ անցկացնելու հնարավորություն:

Գլխավոր դատախազը չի կարող նշանակվել, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական բանկի նախագահը, ինչպես նաև Վերահսկիչ պալատի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմերը չեն կարող ընտրվել առանց խորհրդարանական փոքրամասնության քվեների:

«Երեք հինգերորդ մեծամասնությունը հեշտ չի ձեռք բերել ցանկացած պառլամենտում, և ամբողջ այդ կարգավորումների իմաստը կայանում է նրանում, որպեսզի քաղաքական մեծամասնությունը հաշվի նստի քաղաքական փոքրամասնության կամքի հետ, փոխզիջումների գնա և այդ կարևորագույն պաշտոնները, որոնք առնչվում են մարդու հիմնական իրավունքներին, երկրի համար ամենակենսական, կարևոր ֆունկցիաների իրագործմանը, դրանց վերաբերյալ համաձայնություններ ձեռք բերվեն մեծամասնության և փոքրամասնության միջև»:

Վարդան Պողոսյանն այսօր արձագանքեց հնչող տեսակետներին, թե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է։ Նոր Սահմանադրությանը դեմ արտահայտվող փաստաբանների խումբի անդամ Գևորգ Գյոզալյանը «Ազատության» հետ զրույցում նկատել էր՝ Սահմանադրությունն ասում է, որ ձեռնարկատերերը չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորներ, իշխանավոր և այլն, մինչդեռ հակառակն է։

Հարցին, թե ինչ երաշխիք, որ փոփոխված Սահմանադրությունը կաշխատի այս հարցում, նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամն ասաց․ - «Ես որևէ երաշխիք չեմ կարող տալ, որ որևէ Սահմանադրություն միշտ կաշխատի: Սահմանադրության իրականացումը կախված է ամբողջ հասարակությունից, կախված է քաղաքական էլիտայից, որը բաղկացած է իշխանությունից, ընդդիմությունից: Եվ կախված է նաև հանրությունից, հանրության ձեռք բերած մակարդակից»:

XS
SM
MD
LG