Մատչելիության հղումներ

Սդղի գյոլի գործը բացահայտեց մարզպետի որդու և տուժածի՝ բանակում չծառայելու պատճառները


Սյունիքի մարզպետի խորհրդականը պնդում է, որ նևրաստենիան «շատ հուզվելու գործընթացն է» և չի խանգարում, որ Տիգրան Խաչատրյանը ղեկավարի ԵԿՄ երիտասարդական կառույցը։

«Սդղի գյոլի» միջադեպի հետևանքով աչքի տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանի նկատմամբ նշանակվել է փորձաքննություն, ըստ էության պարզելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի դեմ նրա ցուցմունքների արժանահավատությունը։

Այս մասին «Ազատությանը» հայտնեց Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը, ով մարզպետի որդու կալանավորման օրվանից հայտարարում է, որ Հարություն Զաքարյանը բանակից ազատվել է հոգեկան հիվանդության առկայությունը փաստող տեղեկանքի հիման վրա։

Գործով ի սկզբանե վկա անցնող Տիգրան Խաչատրյանը ձերբակալվեց Զաքարյանի ցուցմունքից հետո, ով հայտարարել էր, որ մարզպետի որդին է իրեն հարվածել։

«Հարություն Զաքարյանը ազատվել է զինվորական ծառայությունից՝ ընդհանրապես հաշվառումից հանվելով որպես փսիխոպատ անձնավորություն։ Ես ուղղակի այս փաստն եմ ֆիքսել։ Եթե դուք ունենայիք այդ տեղեկանքը, նրա ցուցմունքը և ասածը արժանահավատ կհամարեի՞ք... ինձ հետ համակարծիք է եղել նաև վարույթն իրականացնող մարմինը, որը նշանակել է փորձաքննություն՝ պարզելու Հարություն Զաքարյանը որևէ հոգեկան հիվանդությամբ տառապե՞լ, տառապո՞ւմ է, թե՝ ոչ, ունա՞կ է ցուցմունքներ ճիշտ տալու, վերարտադրելու, թե՞՝ ոչ»,- ասաց փաստաբանը։

Հարցին, թե իր պաշտպանյալ Տիգրան Խաչատրյա՞նն ինչպես է ազատվել զինծառայությունից, փաստաբանը պատասխանեց.- «Լրատվամիջոցները աղավաղված տեղեկություններ են ներկայացնում իմ պաշտպանյալի մասին։ Զինվորական ծառայությունից ազատված չէ։ Ուղղակի առողջական խնդիրներ է ունեցել, որի պատճառով տրվել է տարեկետում»։

Թե ինչ առողջական խնդիրների պատճառով է մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը տարկետում վերցրել, փաստաբանը չի հայտնում։ Մի քանի լրատվամիջոցներ, երեկ վկայակոչելով իրենց աղբյուրները, տարածեցին, որ մարզպետի 20-ամյա որդին հոգեկան խնդիրներ ունի, և նրա ախտորոշումն է «չափավոր արտահայտված նևրաստենիա»։ Արմեն Մելքոնյանն այսօր մեզ փոխանցեց, որ ինքը բժիշկ չէ և չգիտե, թե կոնկրետ ինչ է գրված տեղեկանքում։

Հարցին, թե այս դեպքում որքանո՞վ են արժանահավատ Տիգրան Խաչատրյանի ցուցմունքները, ով հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը, պնդելով, որ ինքը չի հարվածել Հարություն Զաքարյանին ու ընդամենը հաշտեցնողի դերում է եղել, փաստաբանը պատասխանեց, որ եթե անգամ Տիգրանն այդ խնդիրը ունենա, դա որևէ «աղերս չունի» Հարություն Զաքարյանի խնդրի հետ, ով հաշվառումից հանվել է որպես «փսիխոպատ անձնավորություն»։

Ծեծկռտուքի ժամանակ տեսողությունը կորցրած երիտասարդի պաշտպանությունն իրականացնող «Էյ Էմ» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու Լևոն Սահակյանից տեղեկացանք, որ Զաքարյանը վիրահատության նպատակով այժմ գտնվում է Մոսկվայում, վերադառնալուն պես «անպայման կմասնակցի փորձաքննությանը»: Հարություն Զաքարյանի պաշտպանական կողմը ի սկզբանե հայտարարել է, որ նա պատրաստ է անցնել ցանկացած փորձաքննություն։

Հարցին թե՝ իսկ իրենք կմիջնորդե՞ն, որպեսզի դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվի նաև Սուրիկ Խաչատրյանի որդին, նրա ցուցմունքների արժանահավատությունը պարզելու համար, Լևոն Սահակյանը պատասխանեց, որ Տիգրան Խաչատրյանը փորձաքննության կենթարկվի.- «Նա այժմ գտնվում է կալանքի տակ, ինչը նշանակում է, որ չի կարող խուսափել նաև փորձաքննությունից»,- «Ազատությանը» փոխանցեց Սահակյանը։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) Սյունիքի վարչության պետի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ նևրաստենիան «հոգեկան հիվանդություն չէ»։

«Նևրաստենիան հուզումնալից... շուտ հուզվելու գործընթացն է, երեք տարով տարեկետում է վերցրել, շատերն են բուժման նպատակով այդպիսի տարեկետում վերցնում։ Դա թեթև բան է, այսօր ՀՀ բնակչության տղաների մեծ մասը ունենում է նման խնդիրներ։ Հազարավոր մարդիկ այդպիսի վիճակում են։ Հոգեկան առողջության խնդիրներ չկան [Տիգրան մոտ], դա հոգեկան կերտվածքի, վիճակի խնդիր է, առողջության խնդիր չէ»,- ասաց Հովհաննիսյանը։

«Ազատության» դիտարկմանը՝ եթե մարզպետի որդին նման խնդիր ունի, ինչպե՞ս են նրան ԵԿՄ Սյունիքի երիտասարդական կառույցի ղեկավար նշանակել, մարզպետի խորհրդականը արձագանքեց.- «Բայց ի՞նչ խնդիր է դա, հետո՞ ինչ, որ նևրաստենիա ունի, հո ամեն օր այդպիսի վիճակում չի լինում, օրինակ, կարող է երեկոյան կամ ինչ-որ մի հուզումնալից պահ ունենա, հետո անցնի, ամիսներով էդ պահը չլինի։ Իսկ Երկրապահը դաստիարակչական, ռազմահայրենասիրական գործընթաց է, որտեղ հավաքվում են նույն մտքի, նույն գաղափարի, նույն հայրենասիրական կերտվածքը ունեցող երիտասարդներ և համատեղ գործունեություն են ծավալում։ Ոչ մի բանով չեն խանգարում մեկը մյուսին»։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը մարզպետի որդու շուրջ զարգացումները «տրագիֆարս» որակեց.- «Բժիշկներին պետք է հարցվի՝ այդ դիագնոզով մարդը մեքենա վարելու իրավունք ունի՞, տանը զենք պահելու իրավունք ունի՞, իսկ անօրինական զենք պահելու ունի՞, ինչպե՞ս է զենքը հասանելի դառնում իրեն կամ ավտո քշելը։ Բա որ ավտոյով որոշի ինչ-որ մեկից վրեժ լուծել, սրացում լինի մոտը, ելնի մայթերով գնա մարդկանց վրա և այլն։ Ակնհայտորեն այդ ընտանիքի անդամները անընդհատ կապակցվում են քրեական հանցագործությունների հետ։ Տրագիֆարս է, ողբերգություն ֆարսի հետ, ամեն օր, մարդիկ կան, ողբերգական լուրի են սպասում՝ տեսնես հիմա՞ ում գլուխն են կերել էնտեղ, էդ գլուխ ուտելու հետ կապ ունե՞ն սրանք, թե՞ չունեն»։

XS
SM
MD
LG