Մատչելիության հղումներ

logo-print

Դատախազը ծանր պատիժ է պահանջում Լեյլա և Արիֆ Յունուսների համար


Իրավապաշտպանները Ալիևի ռեժիմից գթասրտություն չեն ակնկալում։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել ադրբեջանցի իրավապաշտպաններ և ընդդիմադիր ակտիվիստներ Լեյլա և Արիֆ Յունուսների գործով նիստը։

Ամուսինները մեղադրվում են պետական դավաճանության, հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն վարելու և ֆինանսական այլ մեքենայությունների մեջ։

Պետական մեղադրող Ֆարիդ Նաղիևը հայտարարել է, որ ամուսինների մեղքն ամբողջությամբ ապացուցված է, և Լեյլա Յունուսի համար պահանջել է 11, Արիֆ Յունուսի համար` 9 տարվա ազատազրկում։

Դատավարությունը, հիշեցնենք, սկսվել է հուլիսի 27-ին։

Լեյլա Յունուսը բանտում է անցյալ տարվա հուլիսից, իսկ նրա ամուսինը` Արիֆը, անցյալ տարվա օգոստոսից։

Իրավապաշտպանների պնդմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը Յունուսների դատավարությամբ ցանկանում է արմատախիլ անել երկրում այլախոհության ցանկացած նշույլ։

Լեյլա Յունուսը Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիրն է և տնօրենը, իշխանությունն այդ հասարակական կազմակերպությունը չի գրանցել։ Լեյլա Յունուսը տարիներ շարունակ կապ է պահպանել հայ իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների հետ՝ նպատակ ունենալով ժողովրդական դիվանագիտություն իրականացնել։ Նա հետևողականորեն քննադատել է Ալիևի քաղաքականությունը։

Արիֆ Յունուսը հայտնի պատմաբան է և կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ, նա հեղինակել է բազմաթիվ աշխատություններ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի թեմայով։

Ըստ Յունուսների փաստաբանների և իրավապաշտպանների, ամուսինները ունեն առողջական լուրջ խնդիրներ, հատկապես՝ Արիֆ Յունուսը։

Այսօր դատարանում 60-ամյա Արիֆ Յունուսի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, նախագահող դատավոր Աֆղան Հաջիևը շտապօգնության բրիգադի բշիշկներին թույլատրել է տեղում հետազոտել ամբաստանյալին և օգնություն ցույց տալ, ապա կարգադրել է շարունակել նիստը։ Այդ ընթացքում հունից դուրս եկած Լեյլա Յունուսը մեղադրական հայտարարություններ է հնչեցրել դատավորի և դատախազի հասցեին։

Իշխանությունները պնդում են, թե վերջերս բժիշկները հետազոտել են ամուսիններին և հաղորդել, որ նրանց առողջական վիճակին ոչինչ չի սպառնում, ուստի դատական գործընթացը կարելի է շարունակել։

Դատական հաջորդ նիստը, որի ընթացքում խոսքը կտրվի պաշտպանին, նախատեսված է գալիք երկուշաբթի օրը` օգոստոսի 10-ին։ Դրանից հետո էլ դատարանը կհրապարակի վճիռը։

Ըստ իրավապաշտպանների՝ Ալիևի ռեժիմը որևէ գթասրտություն չի դրսևորի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG