Մատչելիության հղումներ

logo-print

Սպանվել է որպես էքստրասենս հայտնի Անի Մաջնունյանը, նրա մարմնին 58 վնասվածք է հայտնաբերվել


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ։

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1960 թվականին ծնված Անի Մաջնունյանի դիակը՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված»։

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ «սպանություն՝ զուգորդված ավազակությամբ»։

Դեպքի վայրից վերցվել են փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ։

Քննիչի մասնակցությամբ օգոստոսի 6-ին կատարվել է դիահերձում, որի ժամանակ դիակի վրա հայտնաբերվել է 58 մարմնական վնասվածք՝ մարմնի տարբեր մասերում։

Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն։

Քննչական կոմիտեն խոստանում է արդյունքների մասին տեղեկություն տրամադրվել։

Անի Մաջնունյանը հայտնի էր որպես էքստրասենս, մասնակցում էր հայաստանյան հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG