Մատչելիության հղումներ

Իրանի հետ գործարքը խաղաղ այլընտրանք չունի, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը՝ կոչ անելով Կոնգրեսին հավանություն տալ դրան:

Իրանի միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչի դադարեցման վերաբերյալ նախորդ ամիս կնքված գործարքի այլընտրանքը պատերազմն է, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

«Եկեք լինենք ճշմարիտ՝ Կոնգրեսի կողմից գործարքը կասեցնելու դեպքում Միացյալ Նահանգների վարչակազմը, որը Իրանին թույլ չի տալու միջուկային զենք ձեռք բերել, կունենա միայն մեկ ընտրություն՝ դա Միջին Արևելքում նոր պատերազմն է», - շեշտել է նա:

Օբամայի խոսքով, գործարքը օրենսդիրի կողմից կասեցվելու դեպքում Թեհրանը շարունակելու է իր ռազմական միջուկային ծրագիրը, ինչի արդյունքում Միացյալ Նահանգների ցանկացած նախագահ այլընտրանք չի ունենալու և ստիպված է լինելու ռմբակոծել Իրանի միջուկային ծրագրում ներգրավված հաստատությունները:

Ըստ ԱՄՆ-ի նախագահի՝ դեռ մի քանի տարի առաջ պարզ էր դարձել, որ լոկ պատժամիջոցների ու ուժի միջոցով հնարավոր չէ Իրանին զերծ պահել միջուկային ծրագրից և անհրաժեշտ է դիվանագիտական միջոցներ կիրառել, ինչը և արտացոլվեց գործարքի միջոցով. - «Սա դիվանագիտություն է, կոշտ, բարդ, բայց՝ դիվանագիտություն: Մենք զենք չէինք թափ տալիս»:

Բարաք Օբաման ընդգծել է, որ գործարքի իրականացման դեպքում Իրանն ընդմիշտ հրաժարվում է միջուկային զենք ձեռք բերելուց, իսկ փոխարենը երկիրն իր քաղաքացիներին թույլ կտա զգալիորեն բարձրացնել կյանքի որակը:

Հիշեցնելով, որ Իրանի միջուկային ծրագիրը սկսվել էր դեռ 1960-ականներին՝ շահի և հենց Միացյալ Նահանգների հովանու ներքո, նա համոզմունք է հայտնել, որ գործարքի ընդունումը Իրանի միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերին վերջ կդնի:

«Եթե Իրանը փորձի խարդախություն անել, մենք կարող ենք նրա ձեռքը բռնել, և մենք դա կանենք», - վստահեցրել է ԱՄՆ-ի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG