Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում «չմտնել սահմանադրական ծուղակի մեջ»


Նիկոլ Փաշինյանը կոչ է անում «չմտնել սահմանադրական ծուղակի մեջ»
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է բովանդակային քննարկումներ ծավալել նոր Սահմանադրության նախագծի շուրջ և մյուսներին էլ կոչ է անում «չմտնել սահմանադրական ծուղակի մեջ»։

Պատգամավորը գործող Սահմանադրության պարագայում էլ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման խնդիր չի տեսնում։

«1995 թվականի Սահմանադրությունը Ռոբերտ Քոչարյանին չխանգարեց պետական հեղաշրջում անել, չխանգարեց Պողոս Պողոսյանին «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանելուն, այս Սահմանադրությունը չխանգարեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Մյուս Սահմանադրությունը չխանգարեց մարտի 1-ին, չխանգարեց Սերժ Սարգսյանին և իր հանցախմբին արդեն քանի տարի թալանել Հայաստանը։ Հաջորդն էլ չի խանգարելու։ Մեր պնդումը հետևյալն է՝ քանի դեռ չկա ուժ, որ կբռնի Սերժ Սարգսյանի և իր հանցավոր խմբի ձեռքը, ինքը կանի ամեն ինչ՝ անկախ Սահմանադրության տեքստից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Փաշինյանը համաձայն է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը պետք է օգտագործել իշխանափոխություն իրականացնելու համար, բայց, ասում է, էմոցիայի վրա չի կարելի քաղաքական պրոցես կառուցել, հստակ քայլերի կողմնակից է։ Կարծում է՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կարող է կանխել միայն ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ Հայաստանի ընտրական բոլոր տեղամասերում 3 հոգանոց վստահված անձանց թիմեր ձևավորելով և հստակ ծրագիր ներկայացնելով՝ իշխանության գալու դեպքում ինչն են փոխելու և ումով։

«Սա նշանակում է, որ այդ կոնսոլիդացված ուժերը համաձայնում են, որ էս մեկը մեր ապագա կրթության նախարարն է, մեկը մեր ապագա վարչապետն է և այլն։ Որովհետև էն մյուս մեթոդը, երբ մենք ասում ենք՝ սրանց քշենք, հետո կերևա ինչ կլինի, չի աշխատել 20 տարի։ Կա՞ կոնկրետ անելիք... հանրահավաք, Երևանի կենտրոնով մարդկանց էքսկուրսիա, մենք էդ պրոցեսներին չենք մասնակցի։ Կլինի ռեալ ծրագիր, որ մենք կարող ենք գնալ և անել իշխանափոխություն, իհարկե, ամեն ինչ պատրաստ ենք անել դրա համար, որովհետև կարծում ենք, որ իրավունք չունենք բաց թողնել Սերժ Սարգսյանի հանցագործ իշխանությունից ազատվելու որևէ հնարավորություն»։

Այս տարիներին, կարծում է, ընդդիմադիրների՝ իշխանափոխության խոստումներ տալ-չկատարելը կոնկրետ արդյունքներ է արձանագրել.- «Իշխանափոխության մասին գյալաջիները պետք չէ շփոթել իշխանափոխության հետ։ Այն, որ այսօր քաղաքական դաշտում չկա այնպիսի մի ընդդիմադիր ուժ, որը կարողանա կոնսոլիդացնել ժողովրդին, դա նշանակում է, որ այդ պատասխանատվությունը չոքել է ընդդիմության դռանը։ Այս քննադատությունը, որի մասին ես խոսում եմ, ինձ չեմ տարանջատում, ես ինքս էլ այդ գործելակերպի մի հատված եմ եղել։ Եվ այսպիսի մի հայտնի արտահայտություն կա, որ խելոքը սովորում է ուրիշների սխալի վրա, հիմարը՝ սեփական սխաների։ Ես դրան ավելացնում եմ հետևյալը՝ ինչպիսի առավել մեծ հիմարություն է նույնիսկ սեփական սխալների վրա չսովորելը»։

Ընդդիմադիր շատ կուսակցություններ, քաղաքացիական նախաձեռնություններ մտածում են սահմանադրական հանրաքվեի դեմ միասնական ճակատով արշավ սկսել՝ այն վերածելով իշխանափոխության գործընթացի։ Փաշինյանն ասում է՝ նրանց քննադատությունից չի վախենում.- «Չեմ ընդունում ընդդիմության դաշտում ոմանց կողմից ձևակերպվող կանոնը, թե եկեք իրար չքննադատենք։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Ինչո՞ւ չքննադատենք, բա թայֆաբազությունը էդտեղից է սկսվում։ Ես բաց եմ քննադատության համար և հրավիրում եմ քննադատության։ Ես ասում եմ՝ երբեք մենք ինքներս քաղաքական մտասևեռումների գերի չենք եղել։ Եթե կհնչի փաստարկ, եթե կպարզվի՝ ինչ-որ փաստարկի մեջ մենք սխալվել ենք, մեզ համար խնդիր չէ հանուն մեր երազած իշխանափոխության ընդունել մեր սխալը և սրբագրել մեր գործելակերպը»։

XS
SM
MD
LG