Մատչելիության հղումներ

Ակտիվիստների նկատմամբ բռնության գործերով որևէ բացահայտում չկա


Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը, արխիվ
Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը, արխիվ

Մինչև օրս որևէ բացահայտում չկա վերջին 10 ամիսներին քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ գործադրված բռնությունների, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի անդամների ավտոմեքենաներն այրելու գործերով։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» տեղեկացրին, որ ակտիվիստներ Վիլեն Գաբրիելյանի, «Բարգավաճ Հայաստան»-ի անդամ Արտակ Խաչատրյանի և Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի դեմ բռնության գործերով քննությունը կասեցվել է, իսկ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է ձեռնարկել օպերատիվ որոնողական գործողություններ»՝ հանցագործությունները բացահայտելու համար։

«Ակտիվ գործողություններ չեն ձեռնակվում՝ մեղավորներին հայտնաբերելու և պատժելու նպատակով: Պատճառը շատ պարզ է՝ հենց ռեժիմն էլ կազմակերպել է և, բնականաբար, իրենք իրենց չեն բացահայտի և չեն պատժի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Վարուժան Ավետիսյանի մեքենան նույնպես փորձել էին այրել։ Նրա ու ևս 6 ակտիվիստների ավտոմեքենաների՝ մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած հրկիզման փորձերի փաստով հարուցվել էին քրեական գործեր։ Ընդ որում, մեքենաներից մեկն այրվել էր ամբողջությամբ, իսկ մյուսը հրկիզման օրը կայանած էր եղել Ազգային անվտանգության ծառայության շենքի առջև՝ մի քանի տեսախցիկների հարևանությամբ։

«Որևէ տեսախցիկ այն չի ֆիքսել: Իբրև թե: Մենք բոլորս հասկանում ենք, որ այդ շենքը հագեցած է տեսախցիկներով, մենք հրապարակեցինք նաև այդ մեքենան այրելու պահին հարևան խանութի տեսախցիկի տեսագրությունը, որտեղ երևում էր, որ մի անձ այրում է մեքենան, և դա բավական երկար էր տևում: Բնականաբար, ԱԱԾ-ի հերթապահը այդ ամենը տեսել է», - նշեց Ավետիսյանը:

Հրկիզման դեպքերից մեկ օր անց հարձակման ենթարկված Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը, ում դեմ բռնության գործի քննությունը նույնպես կասեցվել է, տարակուսած է՝ ինչպե՞ս չեն բացահայտում հարձակվողներին, եթե ամեն ինչ է տեղի է ունեցել Խանջյան-Թումանյան մարդաշատ խաչմերուկում․ - «Կարող ենք ենթադրել, որ գործը իբրև թե ընթացքի մեջ է, բայց փակած-դրած է դարակում: Եթե Ոստիկանությունը կամ Քննչական կոմիտեն ցանկություն ունենար, այս գործը ժամերի ընթացքում կբացահայտեր»:

Բռնությունների շղթան շարունակվեց նաև հունվարին, երբ կրկին քաղաքի կենտրոնում՝ Փարպեցու վրա, ծեծեցին ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին:

«Կասկածները, ինչպես միշտ, մնում են նույնը, քանի որ նմանատիպ գործերը շարունակաբար չեն բացահայտվում, նշանակում է՝ Ոստիկանության երաշխավորության ներքո է այդ ամեն ինչը կատարվում՝ ոստիկանապետի գլխավորությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գաբրիելյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, իրավապահ մարմինները դիտավորյալ անգործություն են ցուցաբերում, թեև ոստիկանապետը դեռ մեկ ամիս առաջ հավաստիացնում էր, որ չբացահայտվող հանցագործություններ չկան․ - «Այն, ինչ ասում է ոստիկանապետը, ինչպես պարզվեց, փաստորեն դատարկ խոսքեր են։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը միայն մի բան կարող է անել՝ կիրառել բռնություն: Բացահայտել․․․ կարծում եմ, որ առհասարակ այդպիսի միտում իրավապահ համակարգի մոտ այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենցը չեն, իրենց թիմից չեն, դրանք չեն բացահայտվելու: Ոստիկանությունը մտածում է, որ ինքը պետք է ծեծի, մնացածները պետք է գլուխները կախեն և ենթարկվեն»:

XS
SM
MD
LG