Մատչելիության հղումներ

logo-print

Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը հանդիպեցին Կուալա Լումպուրում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին բանակցություններից առաջ, Կուալա Լումպուր, 5 օգոստոսի, 2015թ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին բանակցություններից առաջ, Կուալա Լումպուր, 5 օգոստոսի, 2015թ.

Այսօր Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ASEAN) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը։

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, պետքարտուղար Ջոն Քերրին և արտգործնախարար Սերգեյ Լավրովը հիմնականում քննարկելու են Սիրիայի խնդիրն ու ընդհանրապես մերձավորարևելյան տարածաշրջանում «Իսլամական պետություն» անվամբ զինյալ շարժման դեմ համատեղ առավել լայն ճակատով պայքարելու մարտավարությունը։

Ի դեպ, շաբաթասկզբին Քերրին և Լավրովն արդեն հանդիպել են Քաթարում։ Սիրիայի թեմայով այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեիրը։ Ռուսաստանը փորձում է մերձեցնել Սիրիայի, Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումներն «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում։

Քերրին Կուալա Լումպուրում արդեն հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։ Հանդիպման սկզբում լրագրողները Չավուշօղլուին հարցրել են, թե արդյո՞ք Թուրքիան և Միացյալ Նահանգները կարող են Սիրիայի հյուսիսային բուֆերային շրջանը փոխանցել չափավոր մահմեդական ընդդիմադիր ուժերի հսկողությանը։

«Մենք ԱՄՆ-ի աջակցությամբ մարզում և անհրաժեշտ հանդերձանք ենք տալիս չափավոր ընդդիմադիրներին և ամենամոտ ապագայում նրանց հետ միասին շատ ակտիվ պայքար ենք սկսելու «Դաեշ»-ի դեմ»,- ասել է Չավուշօղլուն։ Տարածաշրջանում «Իսլամական պետությունն» անվանում են «Դաեշ»։

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները Քաթարում երկուշաբթի օրը հայտարարել են, որ Սիրիայի հարցի լուծումը պետք է քաղաքական լինի և դրանում ընդդիմությունը պետք է կարևոր դեր կատարի։

Վերլուծաբանները նշում են, որ Մոսկվայում ամեն կերպ շարունակում են սատարել նախագահ Բաշար ալ-Ասադին, սակայն արդեն չեն բացառում, որ այդ վարչակարգը հավանաբար ի վերջո կտապալվի։

Կուալա Լումպուրում Քերրին և Լավրովն, իհարկե, կանդրադառնան նաև Ուկրաինայի խնդրին։ Անցյալ տարվա հուլիսի 17-ին Ամստերդամից Կուալա Լումպուր էր ուղղություն վերցրել դժբախտ «Բոինգ»-ը։

Ենթադրվում է, որ Մալայզիայում գումարված Հարավարևելյան պետությունների ընկերակցության գագաթնաժողովում կարծարծվի Դոնբասում կործանված օդանավի հարցով միջազգային դատարան ստեղծելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ վերջերս Մալայզիան առաջարկել է դատարանը ստեղծելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, սակայն Ռուսաստանը՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, վետո է սահմանել։

Մալայզիան և Հոլանդիան հայտարարել են, որ կփորձեն այդպիսի դատարան ստեղծել ՄԱԿ-ի շրջանակներից դուրս։ Մալայզիան ափսոսանք է հայտնել Անվտանգության խորհրդում վետո սահմանելու՝ Ռուսաստանի որոշման կապակցությամբ։

Այսօր Լավրովը Կուալա Լումպուրում ասել է, որ հարցը քննարկել է Մալայզիայի արտգործնախարար Անիֆա Ամանի հետ։ Լավրովի խոսքով, մալայզիացի պաշտոնակիցն ըմբռնում է Ռուսաստանի դիրքորոշումը, որի նպատակն է ամբողջությամբ բացահայտել ճշմարտությունը, ինչին էլ հենց մալայզիացիներն են ձգտում։

«Ռուսաստանը միակ երկիրն է, որը հրապարակել է իր բոլոր ռադարների գրանցած տեղեկությունները»,- ասել է Լավրովը։

Կուալա Լումպուրում հանդիպումները շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG