Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահի վերահսկողականի ղեկավարը չի հայտարարագրել կնոջ ունեցվածքը


Մինչդեռ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածը պահանջում է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ներկայացնել իրենց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքի մասին հայտարարագրեր:

Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով չորս տարվա ընթացքում հանրությանն անհայտ անձանցից ստացել է 2 միլիոն 750 հազարի դոլարի նվիրատվություն, երբևէ չի ներկայացրել իր տիկնոջ ունեցվածքի մասին հայտարարագրեր:

«Ազատության» հարցմանն ի պատասխան այս մասին պաշտոնապես հայտնեցին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից՝ նշելով, Հովհաննես Հովսեփյանը 2011-2014 թվականների իր տարեկան հայտարարագրերում իր հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տվյալներ չի հայտարարագրել:

Մինչդեռ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածը պահանջում է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ներկայացնել իրենց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքի մասին հայտարարագրեր:

Այն, որ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունը ավելի քան յոթ տարի ղեկավարող Հովսեփյանը ամուսնացած է, փաստում է նրա կենսագրությունը, որը տեղադրված է, օրինակ, Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքէջում: ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Հովսեփյանը իշխող կուսակցությանն անդամագրվել է 2007-ին՝ բարձր պաշտոնում նշանակվելուց ընդամենը ամիսներ առաջ:

Հանրությանը անգամ հայտնի է Հովսեփյանի տիկնոջ անուն-ազգանունը՝ Էվելինա Միրզաբեկյան, ով, ի դեպ, երկար ժամանակ զինվորական դատախազ աշխատած Թևոս Միրզաբեկյանի ավագ դուստրն է:

Լրատվամիջոցները, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը դեռ 2012-ին նշել էին նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի տիկնոջ անունը՝ աղմկահարույց մի պատմության հետ կապված, երբ լրատվամիջոցները գրեցին, որ Հովհաննես Հովսեփյանը, իր տիկինը՝ Էվելինա Միրզաբեկյանը, նրանց հետ ազգակցական կապեր ունեցող անձինք Երևանի Արամի փողոցում գտնվող նորակառույց շենքում ձեռք են բերել մոտ երկու տասնյակ բնակարաններ, և դա այն պարագայում, երբ ընկերությունը ավելի վաղ այդ բնակարանները վաճառել էր այլ անձանց:

«Ազատությունը» հարցում ուղարկեց Հովհաննես Հովսեփյանին՝ արդյոք նա ներկայացրե՞լ է իր տիկնոջ՝ Էվելինա Թևոսի Միրզաբեկյանի հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, և եթե ներկայացրել է՝ ո՞ր թվականից սկսած, իսկ եթե չի ներկայացրել, ինչո՞ւ: Ի պատասխան ստացանք նախագահի վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանի արձագանքը, թե ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը օրենսդրությամբ սահմանված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել է իր հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը՝ չնշելով, սակայն, թե երբ է ներկայացրել:

«Որևէ այլ տեղեկատվության չեմ տիրապետում», - հավելել է Լուսինե Մկրտչյանը:

Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում, ուր հրապարակված են բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը սկսած 2011 թվականից, երբ օրենքով այդ պահանջը դրվեց, Հովհաննես Հովսեփյանի բոլոր հայտարարագրերը կան, բայց չկա նրա տիկնոջ վերաբերյալ գեթ մեկ հայտարարագիր:

Կրկնեմ՝ էթիկայի հանձնաժողով մեր դիմումին ի պատասխան, այնտեղից պաշտոնապես հայտնեցին՝ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը իր հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տվյալներ չի հայտարարագրել:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով, առնվազն տարօրինակ է, թե ինչու էթիկայի հանձնաժողովը վարույթ չի հարուցել այս դեպքի հետ կապված․ - «Եթե մենք ուսումնասիրենք «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածը, այդտեղ նաև ասվում է, որ հանձնաժողովը կարող է վարույթ հարուցել: Այսինքն, չնայած իրավական հարթության մեջ որևէ տույժ, տուգանքի հասկացողություն չկա, բայց առնվազն հանրային պարսավանքի ներկայացնելով տվյալ փաստը, այսինքն՝ վարույթ ընդունել և դրա մասին բարձրաձայնել, իմ կարծիքով, Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը պետք է որ անի»:

2012 թվականի հունվարից գործող Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը մինչև այսօր չի հրապարակել գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի անուն, ով խախտել է էթիկայի նորմերը և հարստացել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ:

XS
SM
MD
LG