Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն «ուղղակի բացակայում է»


Նոր Սահմանադրությանը դեմ արտահայտվող փաստաբանների խումբը սահմանադրական փոփոխությունները համարում է հսկայական ռեսուրսների փոշիացում, իսկ դրանց միակ նպատակը՝ իշխող կուսակցության շահերը սպասարկելը։

Խումբն այս պահին բաղկացած է շուրջ երկու տասնյակ փաստաբաններից, որոնք իրենց առջև խնդիր են դրել ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել Սահմանադրության նախագծի վտանգավոր կետերը։ Խմբին միացել են նաև եվրոպական երկրներում աշխատող փորձագետներ։

Խմբի անդամներից Գևորգ Գյոզալյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ իրենք որևէ բովանդակային քննարկման չեն մասնակցելու, հանձնաժողովին առաջարկներ չեն ներկայացնելու, քանի որ համոզված են, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն «ուղղակի բացակայում է», և Հայաստանում առկա խնդիրների պատճառը Սահմանադրությունը չէ․ - «Ցանկացած Սահմանադրություն, եթե չի աշխատում, և դրա փաստերը ակնհայտ են, իմաստը ո՞րն է փոփոխելու: Երբ փորձում ենք հասկանալ, թե ինչու է իշխանությունը գնում այս քայլին, գալիս ենք այն համոզմունքին, որ այստեղ կառավարման համակարգի հետ կապված խնդիրներ կան: Իսկ սա փորձադաշտ չէ, սա Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ ամեն ինչ պետք է լինի օբյեկտիվ շահի վրա հիմնված»:

Ուստի, Գյոզալյանի համոզմամբ, չի կարելի ինչ-որ սուբյեկտների շահերից ելնելով փոխել Սահմանադրությունը․ - «Դա արդեն ինձ մոտ ժպիտ է առաջացնում, որովհետև Հայաստանը իր անկախացումից հետո 1995-ին ընդունեց, 2005-ին փոփոխեց, 2015-ին փոփոխում է․․․ ինչ-որ մշակույթ են արդեն ձևավորվում: 2025-ին կարող է ինչ-որ մեկը գալ, նորից փոփոխել: Սա մի տեսակ աբսուրդի շարքից է»:

«Մենք իրական կյանքում ի՞նչ ունենք», - շարունակեց փաստաբանը: - «Ունենք, որ Սահմանադրությունը ասում է, որ ձեռնարկատերերը չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավոր, իշխանավոր և այլն, և մենք դրա հակառակն ենք տեսնում: Օրենքն այստեղ մեծ դեր չունի, և օրենքը փոփոխելով չէ, որ մարդկանց կյանքը կլավանա: Որովհետև ոչ մի տեղ գրած չի, որ դատավորը պետք է կաշառք վերցնի, բայց դատավորը վերցնում է և դրա համար նա չի ենթարկվում պատասխանատվության․․․ Այդ հանձնաժողովը չկարողացավ ապացուցել այդ օբյեկտիվ անհրաժեշտությունը, որի պայմաններում կարելի էր գնալ սահմանադրական փոփոխությունների»:

Դիտարկմանը, թե կարծիք է շրջանառվում, որ Սահմանադրությունը փոփոխվում է մեկ՝ կառավարման համակարգին վերաբերող հոդվածի պատճառով, Գևորգ Գյոզալյանն արձագանքեց․ - «Հենց աբսուրդն էլ դա է: Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրության մեջ ընդամենը 11 թե քանի փոփոխություն է եղել 1787 թվականից հետո: Այսինքն, Սահմանադրությունը, որպես կանոն, փաթեթներով չեն փոխում: Հայաստանում մենք աբսուրդի ենք հասել: Լավ, ուզում էիք միայն կառավարման համակա՞րգը փոխեիք, բերեիք միայն կառավարման համակարգը և ցույց տայիք այդ օբյեկտիվ անհրաժեշտությունը: Միգուցե մարդիկ գնային դրան: Բայց դուք նորից փաթեթ եք փոխում: Ընդ որում՝ հանձնաժողովի անդամներից ոմանք․․․ կրծքով պաշտպանում էին այս գործող Սահմանադրությունը 2005 թվականին: Հիմա նույն այդ մարդիկ խոսում են, որ՝ չէ, անհրաժեշտություն կա փոփոխելու: Եղբա՛յր, տասը տարվա համա՞ր․․․ Տասը տարի օրենսգրքերը չեն փոխվում»:

Ընդգծելով, որ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններին հաջորդած 10 տարիների ընթացքում հսկայական ռեսուրսներ են ծախսվել օրենսդրությունը Սահմանադրությանը հարմարեցնելու համար՝ Գյոզալյանը շարունակեց․ - «Հիմա այդ ամբողջը ջնջում ենք նորից, նորից ահռելի պետական ռեսուրսը նորից ծախսում ենք․․․ Երբ որ մենք գնում էինք Եվրամիություն, ահռելի գումարներ ծախսվեց՝ գնացին սեմինարների, օրենսդրություն արտագրվեց, դիրեկտիվաներ արտագրվեցին, բաժիններ աշխատեցին․․․ Եվ այս ռեսուրսները փոշիացվեց մի բառով, որ՝ չէ, մենք գնում ենք ԵՏՄ: Նույն իրավիճակը մենք ունենք այստեղ։ Սահմանադրական փոփոխություններից հետո ահռելի ռեսուրսներ ծախսվեցին, ահռելի իրավակիրառ պրակտիկա ձևավորվեց․․․ բայց հիմա նորից մենք ջնջում ենք, ասում ենք՝ զրոյից սկսեք աշխատել»:

Խմբի մեկ այլ ներկայացուցիչ՝ Երվանդ Վարոսյանն ասաց, որ իրենց նախաձեռնած գործընթացը որևէ կապ չունի և չի ունենալու ընդդիմադիր ուժերի նախաձեռնած՝ «ոչ»-ի շարժման հետ․ - «Մենք փորձելու ենք, քաղաքական դաշտ չմտնելով, բոլոր խնդիրները վերհանել և ներկայացնել հանրությանը»:

Հարցին, թե ժողովրդի քվեն արդյո՞ք վճռորոշ կլինի, եթե մեծամասնությունը «ոչ» ասեն, Վարոսյանը պատասխանեց․ - «Դառը փորձը ցույց է տվել, որ այդտեղ էլ խնդիրներ կարող են լինել: Բայց եթե հասարակությունը ռեալ հասկանա խնդիրը և ռեալ իր ձայնը բարձրացնի․․․ Օրինակ, եթե, ենթադրենք, հանրաքվեն կեղծելու նպատակ կա, ապա եթե այդ հանրաքվեին մասնակցի շատ ավելի շատ մարդ, քան նախատեսված է կեղծողների կողմից, կեղծելը հեշտ չի լինի։ Նման կարևորագույն հարցի վերաբերյալ, ինչպիսին սահմանադրական հանրաքվեն է, ես կարծում եմ, մենք պիտի կարողանանք հասարակությանը նաև ներկայացնել, որ ինքը պարտավոր է անմասն չմնալ այս գործընթացից»:

Սահմանադրական փոփոխությունները մերժող փաստաբանների խումբը մտադիր է նախագծի դրույթների վերաբերյալ իր դիտարկումներն ու մտահոգությունները հանրությանը ներկայացնել զեկույցների տեսքով։

Նույն թեմայով

XS
SM
MD
LG