Մատչելիության հղումներ

Նախկին դեսպան․ Ռուս-ամերիկյան հարաբերությունները վատթարագույն վիճակում են


Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ ՄըքՖոլ, արխիվ
Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ ՄըքՖոլ, արխիվ

Վերաբեռնավորումը տապալել է ոչ թե Օբաման, այլ Պուտինը: «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք է հայտնում 2012- 2015 թվականներին ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ ՄըքՖոլը:

«Վերաբեռնավորումը» (reset) արդեն գրեթե մոռացված քաղաքական եզր է, որը շրջանառության մեջ էր դրել Սպիտակ տունը ռուս - ամերիկյան հարաբերությունները կարգավորելու համար:

Երկու երկրների միջև հարաբերությունները հատկապես լարվել էին 2008 թվականի ռուս - վրացական պատերազմի պատճառով: Օբաման փորձում էր «վերաբեռնավորումը» գործադրելով նոր քաղաքականություն վարել Ռուսաստանի նկատմամբ, որի հիմքում Մոսկվայի հետ համագործակցության հաստատումն էր մի քանի կարևոր հարցերի շուրջ: Խոսքը, մասնավորապես, Իրանի և Աֆղանստանի հարցերում համագործակցության մասին էր:

Նախկին դեսպան, նախագահ Օբամայի նախկին խորհրդական, ներկայումս Կալիֆորնիայի համալսարանի դասախոս ՄըքՖոլին Ռուսաստանում համարում էին «նարնջագույն հեղափոխության» ռեժիսոր: Դիվանագետը, մինչդեռ, հերքում է իրեն վերագրվող այդ առաքելությունը:

«Դա ճիշտ չէր, Օբաման ինձ չէր ուղարկել Մոսկվա՝ հեղափոխություն կազմակերպելու»,- ասում է ՄըքՖոլն ու հավելում՝ երբ Օբաման նոր էր ընտրվել նախագահի պաշտոնում, նա ինչ-որ չափով հավատում էր Պուտինին և փորձում էր նորմալ, փոխշահավետ հարաբերություններ կառուցել նրա հետ:

«Իսկապես, մենք շատ բանի հասանք՝ հարձակողական սպառազինությունների մասին նոր պայմանագիր մշակեցինք, պատժամիջոցներ սահմանեցինք Իրանի նկատմամբ, ստեղծեցինք հյուսիսային միջանցքը, որով Աֆղանստանում տեղակայված մեր զորքերն անհրաժեշտ աջակցություն էին ստանում Ռուսաստանի տարածքով: Ռուսաստանն էլ 18 տարի բանակցելուց հետ ի վերջո դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ»,- ասում է դիվանագետը, ընդգծելով՝ նախագահներ Օբամայի ու Մեդվեդևի հայացքները նման էին:

Ինչ վերաբերում է Պուտինին, ապա Մակֆոլը համոզված է, որ նրա հայացքները ԱՄՆ-ի հետ համագործակցություն չեն ենթադրում: «Պուտինը համոզված է, որ Միացյալ Նահանգները երազում է հաղթել, զավթել, թուլացնել Ռուսաստանը»,- ասում է ՄըքՖոլը:

Ըստ նրա, այսօր ռուս - ամերիկյան հարաբերությունները վատթարագույն վիճակում են ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր, և լավատեսության համար որևէ հիմք չկա: «Երկկողմ հարաբերությունները շտկելու համար Ռուսաստանը պետք է դադարեցնի աջակցությունը Ուկրաինայի անջատողականներին և դուրս գա Ղրիմից», - նշում է Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG