Մատչելիության հղումներ

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Վերջին բանը, որ այս օրերին անհրաժեշտ է վիճահարույց նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփին, ևս մեկ բանավեճն է: Մյուս կողմից, Թրամփը երբեք չի խուսափել բանավեճերից և, ամենայն հավանականությամբ, կողջունի ցանկացած հրապարակում՝ դրական թե բացասական, քանի դեռ իր անունը հայտնվում է խորագրերում:

Թրամփն իր հանրածանոթ անվան և անմիջականության շնորհիվ գլխավորում է Միացյալ Նահանգների նախագահի 17 հանրապետական թեկնածուների մեծ դաշտը՝ ըստ վերջին պաշտոնական հարցումների:

Մի քանի տարի առաջ, երբ Թրամփը համաձայնեց իր անունը տալ մի հյուրանոցի Ադրբեջանում, նա չէր կարող կանխատեսել, որ շփումը Բաքվի տխրահռչակ օլիգարխի հետ ոչ միայն բացասաբար կանդրադառնա իր քաղաքական հավակնությունների վրա, այլև շահերի լուրջ բախում կստեղծի, եթե ինքը դառնա նախագահ:

Չնայած հյուրանոցը կրելու է իր անունը, Թրամփը Trump International Hotel & Tower Baku-ի ոչ կառուցողն է, ոչ էլ սեփականատերը: Այնուամենայնիվ, նա վաստակում է «կառավարման շահութաբեր վճարներ իր անունն ու փորձը այս նախագծին տալու համար», ըստ Ռաս Չոմայի՝ անցյալ շաբաթ Mother Jones ամսագրում հրապարակված «Դոնալդ Թրամփը բիզնես է անում վիճահարույց ադրբեջանցի օլիգարխի հետ» խորագրով քննադատական հոդվածի հեղինակի:

Վերջերս Թրամփի ներկայացրած ֆինանսական հայտարարագրից, որը պահանջվում է նախագահական թեկնածուներից, պարզվել է, որ 2014 թվականին նրա ընկերությունը 2.5 միլիոն դոլար է ստացել Բաքվից, չնայած հյուրանոցի բացումը նախատեսված է այս տարվա վերջին: Թրամփն իր ընդհանուր հարստությունը գնահատում է ավելի քան 10 միլիարդ դոլար:

Չոման հաղորդում է, որ «այս գործարքում Թրամփի գործընկերն է Անար Մամեդովը՝ 34-ամյա մի միլիարդատեր «փլեյբոյ», որի հայրը Ադրբեջանի տրանսպորտի նախարարն է»: Հոդվածագիրն այնուհետև մեջբերում է մարդու իրավունքների պաշտպանության մի քանի խոշոր կազմակերպությունների անուններ, որոնք Ադրբեջանը նկարագրում են որպես «աշխարհի առավել ռեպրեսիվ և կոռումպացված երկրներից մեկը՝ այլախոհության նկատմամբ ռեժիմի անհանդուրժողականության և քաղաքական վերնախավի ու նրանց ընտանիքների ձեռքում խիստ կենտրոնացած հարստության համար»:

Մամեդովի կարողությունը, ըստ լուրերի, կազմում է 1 միլիարդ դոլար, և նա «Գարանտ» ընկերության նախագահն է, «Թրամփ թաուեր»-ի կառուցողն ու սեփականատերը: Նրա հայրը՝ Զիյա Մամեդովը, սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի բռնակալ նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Չոմայի հոդվածից հայերի համար առավել էականն այն է, որ Անար Մամեդովը «ղեկավարում է Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը, և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում մի ժամանակ գրանցված էր որպես օտարերկրյա լոբբիստ: Անցյալ տարի Դաշինքն ավելի քան 2.8 միլիոն դոլար ծախսեց լոբբիստական գործունեության վրա Կոնգրեսում և Պետդեպարտամենտում՝ ԱՄՆ-Ադրբեջան կապերը բարելավելու համար»:

Ըստ OpenSecrets.org-ի՝ Դաշինքը վերջին չորս տարիների ընթացքում ծախսել է 11.5 միլիոն դոլար ԱՄՆ օրենսդիրների և պաշտոնատար անձանց լոբբինգի վրա: Չոման բացահայտել է, որ «2011 թվականին Մամեդովը, ըստ ԱՄՆ օտարերկրյա գործակալների գրանցման ակտի, անձամբ գրանցվել է՝ Դաշինքի հետ իր աշխատանքի կապակցությամբ: Չնայած Մամեդովը դեռ պատվավոր տեղ է գրավում կազմակերպության կայքում, նա այլևս նշված չէ որպես օտարերկրյա լոբբիստ: Սակայն թվում է, թե նա դեռ շատ շահագրգռված է ամերիկյան հզոր քաղաքական գործիչներին սիրաշահելու գործով: Մամեդովի անձնական կայքում երևում է խմբի անցյալ տարվա նոյեմբերին կայացած վաշինգտոնյան շռայլ տոնախմբության նկարագրությունը, որի կազմակերպիչը նա էր: Միջոցառմանը ներկա են գտնվել սենատորներ Չաք Շումերը, Ռիչարդ Բըրը, Մարկ Փրայորը, Մարկ Ուորնըրը և զույգ կուսակցությունների բազմաթիվ անդամներ Ներկայացուցիչների պալատից.... Մամեդովի ֆեյսբուքյան էջը լի է այլ քաղաքական գործիչների, ներառյալ՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների հետ գործարարի լուսանկարներով»:

Դոնալդ Թրամփը հպարտությամբ հայտարարել է, որ Trump International Hotel & Tower Baku-ն «ներկայացնում է «Թրամփ» կազմակերպության կատարելության անսասան չափանիշը և մեր ներգրավվածությունը միայն լավագույն համաշխարհային զարգացման ծրագրերում: Երբ 2015 թվականին այն բացենք, այցելուները և բնակիչները կվայելեն մի շքեղ կառույց, որի նմանը չկա Բաքվում. այն լավագույնններից մեկը կլինի ամբողջ աշխարհում»:

Վերջերս Բաքու կատարած այցելության ժամանակ Իվանկա Թրամփը երկրորդեց հորը՝ վստահություն հայտնելով հյուրանոցի նախագծի հաջողության մեջ. - «Այս աներևակայելի շենքն արտացոլում է ամենաբարձր մակարդակի շքեղություն և նրբաճաշակություն, Կասպից ծովով ներշնչված բացառիկ ճարտարապետությամբ և վայելուչ ներքնամասով, որոնք դյուրահոս ձևով համադրում են ժամանակակից ոճը հավերժական հմայքի հետ: Անհամբեր սպասում ենք մեր անզուգական «Թրամփ»-ի ծառայություններն ու հարմարությունները Ադրբեջան բերելուն»:

Բաքվի «Թրամփ թաուեր»-ը 33 հարկանի է և առագաստանավի տեսք ունի: Այն ներառում է 75 շքեղ հարկաբաժիններ, 190 համարներ, սպա, ֆիթնես կենտրոն, փակ լողավազան, բիզնես կենտրոն, պարասրահ, խանութներ, բար և ռեստորան՝ շրջապատված այգիներով, զբոսավայրերով և շատրվաններով:

Դոնալդ Թրամփը, ընկերակցելով կեղեքիչ վարչակարգի կասկածելի գործարարների հետ, փողի սիրույն վտանգում է իր վարկը նախագահական ընտրությունների ամենաեռուն շրջանում...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG