Մատչելիության հղումներ

logo-print

«Իսլամական պետության» դեմ պայքարի անվան տակ Անկարան հարվածներ է հասցնում քրդերին


Թուրքիա - Սիրիայի Քոբանի քաղաքից փախած քուրդ տղան Սուրուչի փախստականների ճամբարում, արխիվ

Թուրքիա - Սիրիայի Քոբանի քաղաքից փախած քուրդ տղան Սուրուչի փախստականների ճամբարում, արխիվ

Թուրքայում բնակվող քրդերն անհանգստացած են, որ կարող են վերադառնալ հին ժամանակները, ուր տիրում էին ուժի գործադրումը, վրեժը և սպանությունները:

Թուրքիայում բնակվող քրդերն անհանգստացած են. նրանց վկայությամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հայտարարված պայքարի անվան տակ երկրի ղեկավարությունն իրականում հարվածներ է հասցնում ահաբեկիչներին դիմակայող քրդերին:

Քրդաբնակ Դիարբեքիրի բնակիչների խոսքով, թուրքական օդուժի ռազմական ուղղաթիռներից իրենց բնակավայրերում հրդեհ առաջացնող սպիտակ փոշի են տարածում, որից ծագած հրդեհները ոչնչացնում են իրենց այգիներն ու ոչխարներին: Թուրքական կողմի հավաստմամբ, զինվորականները փորձում են ստիպել քուրդ զինյալներին դուրս գալ սարերում իրենց գաղտնի ապաստարաններից: Տեղում բնակվող քրդերի կարծիքով, սակայն, իրական դրդապատճառն այլ է: Հենց քրդաբնակ Դիարբեքիրից ամեն օր տասնյակ թռիչքներ են կատարում թուրքական ռազմական ինքնաթիռները, որոնք հարվածներ են հասցնում Հյուսիսային Իրաքում տեղակայված քրդերի դիրքերին:

Տեղացի լրագրող, ազգությամբ քուրդ Մեթին Բեքիրօղլուի խոսքով, Թուրքիայի կառավարությունն «Իսլամական պետության» դեմ պայքարի անվան տակ իրականում պայքարում է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ. - «Բոլոր գործողություններն իրականում ուղղված են քրդերի, քուրդ ժողովրդի և քուրդ պարտիզանների դեմ: Նրանք ռմբակոծում են քրդերի դիրքերը Իրաքում. Զապը, Ավասինը, Բասյանը, Քանդիլը՝ նրանք այդ տարածքներն են ռմբակոծում: Իսկ այստեղ նրանք քուրդ քաղաքացիական անձանց են ձերբակալում՝ ակտիվիստների և առաջնորդների»:

Դիարբեքիրում հակամարտությունը տեղաբնակ քրդերի և այստեղ ժամանած թուրք զինվորականների միջև սրվեց նախորդ շաբաթ, երբ ենթադրաբար քուրդ զինյալները ոստիկանի առևանգեցին և զինվորականների դեմ կրակ բացեցին: Քուրդ բազմաթիվ քաղաքական գործիչներ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին են մեղադրում երկու ժողովուրդների միջև հակամարտությունը սրելու մեջ, պնդելով, որ նա փորձում է թուլացնել ուժ հավաքող քրդական կուսակցությունները՝ հույս ունենալով նոյեմբերին արտահերթ ընտրություններ նշանակել և սեփական կուսակցությանը վերադարձնել խորհրդարանական մեծամասնությունը:

Միևնույն ժամանակ, հասարակ մարդիկ անհանգստացած են, որ Թուրքիան կարող է վերադառնալ հին ժամանակներին, ուր տիրում էին ուժի գործադրումը, վրեժը և սպանությունները:

«Մենք չենք ցանկանում վերադառնալ անմարդկային 1990-ականներ, 80-ականներ, 1938 թիվը: Մենք շատ մտահոգված ենք և չենք ցանկանում, որպեսզի որևէ մեկը մահանա», - ասում է Դիարբեքիրի բնակիչ, ազգությամբ քուրդ Մաքբուլե Քերիմլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG