Մատչելիության հղումներ

Դատարանների անկախությունը «կարող է էապես տուժել», եթե պահպանվի ԱԺ-ի ազդեցության մասին դրույթը


Դատարանների անկախությունը «կարող է էապես տուժել», եթե պահպանվի ԱԺ-ի ազդեցության մասին դրույթը
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00

Եթե նոր Սահմանադրության նախագծից չհանվեն դատական համակարգի վրա Ազգային ժողովի ազդեցության մասին դրույթները, ապա համակարգի անկախությունը կարող է էապես տուժել, «Ազատության» հետ զրույցում համոզված էր իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ դա նաև Վենետիկի հանձնաժողովի պահանջն է։

Հանձնաժողովն անցած շաբաթավերջին հրապարակած եզրակացության մեջ անթույլատրելի էր համարել դատավորների և Վճռաբեկ դատարանի նախագահների նշանակման ու աշխատանքից հեռացման հարցում քաղաքական մարմնի միջամտությունը:

Մասնավորապես, ըստ Սահմանադրության նախագծի, Ազգային ժողովը մասնակցում է դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ձևավորմանը։ Այսպես՝ եթե հիմա «Արդարադատության խորհուրդ» անունը կրող այդ բարձրագույն մարմնի անդամ 9 դատավորները ընտրված են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, ապա նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ին է վերապահվում «Բարձրագույն դատական խորհրդի» տասն անդամներից հինգին ընտրելու լիազորությունը։ Ընդ որում, այդ հինգը կարող են լինել ոչ թե դատավորներ, այլ իրավաբան-գիտնականներ։

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի դատավորներին.- «Արդարադատության խորհուրդը կազմում է ցուցակները մրցութային կարգով, ներկայացնում է թեկնածուներին ԱԺ, ԱԺ-ը հաստատում է։ Սրան կտրականապես դեմ է Վենետիկի հանձնաժողովը՝ նշելով, որ քաղաքական մարմինները չպետք է որևէ ներգրավվածություն ունենան դատավորի նշանակման գործընթացում։ Ռիսկը պարզ է՝ իշխանությունների տարանջատման սկզբունքն է, որ անկախության երաշխիքները չտուժեն, այսինքն դատավորի անկախության ինստիտուտը չհայտնվի որևէ այլ մարմնի վերահսկողության տակ։ ԱԺ-ն քաղաքական մարմին է, դա այն մարմինն է, որ կառավարելու է երկիրը, նշանակում է՝ այդ մարմինը կարող է էապես ներգործել նաև դատական իշխանության գործունեության վրա»,- նշեց Արա Ղազարյանը։

«Այժմ գուցե կոնկրետ գործերով, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն, այո՛ [քաղաքական մարմինները ներգործում են դատարանների վրա], բայց համընդհանուր կերպով անհնարին է ներգործելը։ Վենետիկը հանձնաժողովի եզրահանգումները խորհրդատվական բնույթի են, ուղղակի չափից դուրս հեղինակավոր մարմին է, որպեսզի նրա խորհուրդները հաշվի չառնեն»,- հավելեց Ղազարյանը։

Սա իրավաբանը համարում է դատական համակարգին վերաբերող ամենախոցելի դրույթը։ Սահմանադրության հայեցակարգի նախագծում ի սկզբանե նախատեսվում էր արդարադատության երաշխավորման նպատակով Հայաստանում ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտը, բայց առաջարկը դուրս մնաց հրապարակված փաստաթղթից։

«Ես ուրախ եմ, որ չընդունվեց դա։ Դա մեծ հաշվով կլիներ անարդյունավետ, դա չափազանց ծանր, դանդաղ շարժվող համակարգ է, տասնամյակներ է պետք, որ աշխատի։ Նախ և առաջ շատ թանկ ինստիտուտ է դա, 12 երդվյալ ատենակալներին պետք է ընտրել, նրանց սովորեցնել, տալ հրահանգներ այս փոքրիկ երկրում, որտեղ ընդունված է որոշումներ կայացնել ոչ թե օրենքի գերակայության, այլ արյունակցական կապերով և այլն»,- նշեց Ղազարյանը։

Ի դեպ, փաստաբանների մի մասը այսօր հրաժարվում է մեկնաբանել Սահմանադրության նախագիծը կամ դրա առանձին դրույթները։ Նրանց կարծիքով, այս փաստաթղթի հոդվածների մեկնաբանությունը իշխանությունների շահերից է բխում, որոնք ցանկանում են Սահմանադրությունը փոխելու հանրային պահանջի «պատրանք ստեղծել»։

«Սահմանադրությունը փոփոխելու հասարակական պահանջ չկա։ Ի՞նչ նպատակով է այս ամեն ինչը նախաձեռնվել... որպեսզի Սերժ Սարգսյանը, ով Սահմանադրության 50-րդ հոդվածի ուժով չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, շարունակի իշխել։ Թե ինչ ֆորմալ կարգավիճակով, դա առանձնապես չի էլ հետաքրքրում։ Բայց որ նպատակը դա է, ակնհայտ է։ Ես չեմ ուզում այդ հարցում իրենց օգնած լինեմ, պետք է մարդկանց հստակ հայտարարել, որ սրա նպատակը սա է։ Հետևանքները շատ լուրջ են լինելու։ Եթե հիմա մենք կարող ենք համարվել կիսավտորիտար պետություն, վաղը մյուս օրը, եթե դա ստացվի, կվերածվենք ավտորիտարի, այսինքն իշխանությունը լրիվ կկենտրոնանա մեկ անձի ձեռքում»,- ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

Նշենք, որ ձևավորվում է փաստաբանների խումբ, որը մտադիր է աշխատել նոր Սահմանադրության ընդունման դեմ։

XS
SM
MD
LG