Մատչելիության հղումներ

«Բելառուսի հետ պատերազմը Ռուսաստանի համար աղետ կլինի». Լուկաշենկո


«Բելառուսի հետ պատերազմը Ռուսաստանի համար աղետ կլինի». Լուկաշենկո
please wait

No media source currently available

0:00 0:02:31 0:00

Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է մի շարք անկախ լրատվամիջոցների, այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության հարցերին։ Զրույցի ընթացքում նա մեծ տեղ է հատկացրել Ուկրաինայի հակամարտությանը և վերահաստատել է, որ դեմ է Ուկրաինայում այլ երկրների բանակների տեղակայմանը։

«Պարզապես ծիծաղելի է, թե ինչպես են ռուսական ԶԼՄ-ները ներկայացնում ուկրաինական զարգացումները։ Նույնը կարելի է ասել նաև ուկրաինական լրատվամիջոցների աշխատանքի մասին, դա քարոզչական պատերազմ է»,- նշել է Լուկաշենկոն և ավելացրել.- «Ես հստակ ասել եմ, որ Բելառուսի տարածքից Ուկրաինա ոչ մի ներխուժում չի լինի»։

Շարունակելով Ուկրաինայի հակամարտության թեման, նա նկատել է, որ Ռուսաստանում բոլորը և հատկապես ղեկավարները արդեն հոգնել են այդ կոնֆլիկտից։

«Պետք է ավելի խելոք և խորամանկ լինել, պետք է փակել ռուս-ուկրաինական սահմանը։ Կանցնի ժամանակ, և Դոնբասը նորից կլինի ուկրաինական, այ Ղրիմի հարցում շատ ավելի բարդ է, ես կասեի` գրեթե անհնար»,- ասել է Լուկաշենկոն։

Նա անդրադարձել է նաև ռուս-բելառուսական հարաբերություններին։ Անցած ամիսների ընթացքում մի շարք վերլուծաբաններ նշել են, որ Մոսկվայում խիստ դժգոհ են Մինսկի վարած քաղաքականությունից։

«Իրականում մենք ենք Ռուսաստանի միակ և ազնիվ դաշնակիցը։ Ռուսաստանը երբեք չի պատերազմի Բելառուսի հետ, քանի որ դա աղետ կլինի հենց Ռուսաստանի համար։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլինի իմ կամ մեր ժողովրդի արձագանքը, եթե մեկը համարձակվի Բելառուսից մի տարածք պոկել։ Մենք կկռվենք ամեն մի թիզ հողի համար»,- հավաստիացրել է Լուկաշենկոն։

Նա խոսել է նաև ռուս ազգայնական շրջանակների կողմից գովազդվող այսպես կոչված «ռուսական աշխարհի» մասին, թեզ, որի իմաստը Ռուսաստանի կորցրած տարածքների վերադարձն է։

«Այդ «ռուսաց աշխարհի» գաղափարը հիմարություն է, որն ինչ-որ մեկը տվել է քարոզիչներին։ Պետք չէ այդ գաղափարը վերագրել Ռուսաստանի նախագահին։ Ես նույնիսկ Բելառուսում Ռուսաստանի դեսպանին են հարցրել, թե ի՞նչ է նշանակում «ռուսական հողահավաք, ռուսական աշխարհ», ոչ ոք չկարողացավ նորմալ բացատրել։ Կարծում եմ՝ լսել են իմ արձագանքը և հարցը հանել են օրակարգից»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG