Մատչելիության հղումներ

«Ոտքի՛, Հայաստան»-ը կպահանջի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականը


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան» շարժումը մինչև օգոստոսի 11-ի հանրահավաքը չի դադարեցնի Հանրապետության հրապարակում արդեն 8 օր ընթացող շուրջօրյա նստացույցը։

«Մեր պահանջները չբավարարելու դեպքում, ևս պահանջներ են ավելանալու, այսինքն մենք ուզում ենք ստեղծել տևական պայքարի մշակույթ և շատ երկար, նստելու ենք, ժողովրդի հետ զրուցելու ենք, հավաքելու ենք ժողովրդին, միասին հասկանալու ենք խնդիրները, փորձելու ենք միավորվել և միասնական նոր քայլեր անել»,- փոխանցեց շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը։

Շարժման ակտիվիստներն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող այլ նախաձեռնությունների հետ։

«Ամեն օր տարբեր խմբեր գալիս են, հարցնում են, հետաքրքրվում են, մենք ընդհանուր գաղափարներով իրար հետ կիսվում ենք, փորձում ենք միավորվել, հասկանալ մեկս մյուսի խնդիրներ, ինչպես անել, որ մի հարթակով ժողովրդի հետ գնանք առաջ և պայքարենք մինչև վերջ։ Այնպես անենք, որ գոնե մեկ անգամ Հայաստանում ժողովրդի պահանջները լսելի լինեն և իրականացվեն»,- ասաց Հովհաննիսյանը։

Մինչ հանրահավաքը «Ոտքի՛, Հայաստան»-ի անդամները միայն հրապարակում նստացույցով չեն սահմանափակվի։ Երեկվանից շարժումն արդեն ավելացրել է իր պահանջները. սակագնի նվազեցման հետ մեկտեղ ակտիվիստները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականն են պահանջում։

«Վաղը «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը նամակ է տանելու է ՀԾԿՀ, նամակի հիմնական բովանդակությունը լինելու է իրենց հրաժարականի պահանջը։ Մենք անձամբ այդ նամակը տանելու ենք, իրենց տանք»,- ասաց Հովհաննիսյանը։

Ակտիվիստների պնդմամբ՝ սուբսիդավորումը պատրվակ էր, որով կառավարությունը փակում է «Հայկական էլեկտրական ցանցերի» պարտքերը՝ առանց պարզելու, թե դրանք ինչպես են գոյացել։

«Իրենք դրել են այդ միտքը, որ Բիբինի ընկերության պարտքը պետք է փակեն, ինձ թվում է, սա սուբյեկտիվ կարծիք է, իրենք ունեն պայմանավորվածություններ՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության և իշխանական տարբեր թևերի միջև, որ գումարները բաշխում են իրար մեջ, հետո արդեն պարտավորություն են ստանձնում էդ գումարները ինչ-որ մի տեղից փակել։ Սա գնալով ավելի պարզ է դառնում, և դրա համար մենք միշտ ասել և ասում ենք, որ ՀԷՑ-ի գործունեության մեջ տեսնում ենք շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր, որի մեջ խառնված են նաև մեր իշխանությունները»։

Շարժումը խոստանում է առաջիկայում պատասխան տալ նաև Որոտանի համալիրի վաճառքի հաշվին էլեկտրաէներգիայի թանկացումը սուբսիդավորելու՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը՝ չբացառելով, որ կարող են առաջ քաշել նաև կառավարության հրաժարականի պահանջը։

XS
SM
MD
LG